21 Դեկտեմբեր, Շբ
- Հա՛յր, մեզ մի ամուսնական զույգ է դիմել: Ամուսիններից երկուսն է թալասեմիայի* գաղտնի ախտանիշ ունեն: Նրանք հարցրեցին մեզ արդյո՞ք պետք է երեխա ունենան, թե՝ ոչ: Մենք առաջարկեցինք իրենց հոգևոր հոր հետ խորհրդակցել:
- Հոգևոր հայրերը չեն կարող այդպիսի զույգերին արգելել երեխա ունենալ: Հոգևոր ուսուցիչներն այդպիսի ամուսինների մեջ պետք է պատվասիրություն զարգացնեն, որպեսզի նրանք աշխատեն ինքնազսպում դրսևորել: Եվ պետք է նրանց համբերատարությամբ վերաբերվել:
- Հա՛յր, կան ամուսնական զույգեր, որոնք մեծ հոգևոր կյանքով են ապրում և ցանկանում են երեխա ունենալ, սակայն չի ստացվում:
- Շատ մարդկանց Աստված երեխա չի տալիս, որպեսզի աշխարհի բոլոր երեխաներին սիրելով իրենց սեփականների պես՝ օգնեն նրանց հոգևոր վերածննդի հարցում: Մի մարդ երեխաներ չուներ, սակայն երբ դուրս էր գալիս տանից՝ հարևանների երեխաները վազում էին նրա մոտ և շրջապատում էին նրան սիրով: Չէին թողնում, որ աշխատանքի գնա: Տեսնո՞ւմ եք, Աստված այդ մարդուն երեխա չի տվել, բայց նրան օրհնություն է տվել, որ հարևան բոլոր երեխաները հոր պես սիրեն, իսկ նա էլ օգնի նրանց հոգևոր եղանակով: Աստծո ճանապարհներն անքննելի են:
Իսկ ուրիշ դեպքերում Աստված ամուսիններին երեխա չի պարգևում, որպեսզի մի ինչ-որ որբուկի տեղավորի: Ես մի բարի քրիստոնյայի էի ճանաչում: Նա փաստաբան էր: Մի անգամ, երբ այն քաղաք էի գնացել, որտեղ նա ապրում էր, այցելեցի նրան: Նա ինձ մեծ ջերմությամբ ընդունեց և ես մի օր մնացի նրա տանը: Նրա կնոջ հետ էլ ծանոթացա: Իր առաքինություններով նա իր ամուսնու նման էր: Նրանից ես իմացա, թե ինչ հոգևոր կյանք է վարում ամուսինը, իսկ ամուսնուց՝ կնոջ հոգոր վիճակի մասին:
Այնուհետև ես այդ մարդկանց մասին այլ քրիստոնյաներից լսեցի, որ ճանաչում էին նրանց ու տարբեր բարեգործություններ էին ընդունել նրանցից: Այդ աստվածավախ մարդն ազնվությամբ էր վարում իր փաստաբանական գործունեությունը: Տեսնելով, որ մեղադրյալն իրոք խաբեբա է, ոչ միայն չէր ստանձնում նրա պաշտպանությունը, այլև՝ խստորեն դիմազերծում էր, որպեսզի ուշքի բերի նրան: Տեսնելով, որ մարդը մեղավոր է, սակայն զղջում է իր արարքի համար, նա փորձում էր հարթել այդ գործը կամ այնպես անել, որ հնարավորիս քիչ ժամկետով դատապարտվի: Տեսնելով, որ մի ինչ-որ աղքատ անարդարցի կերպով մեղադրվում է, նա լիովին անհատույց կերպով պաշտպանում էր նրան և փորձում էր արդարացման հասնել դատարանում: Այդ մարդը շատ համեստ էր ապրում, այդ պատճառով էլ այն փոքր գումարները, որ վաստակում էր՝ բավականացնում էր թե՛ ապրելու և թե՛ աղքատ ընտանիքներին օգնելու համար: Այդ հավատացյալ փաստաբանի տունն իսկական հոգևոր օազիս էր այն քաղաքի հոգևոր Սահարայի մեջ, որտեղ նա ապրում էր: Այնտեղ հավաքվում էին տառապյալները, աղքատները, անգործները, մարդիկ ովքեր խնդիրներ ունեին ընտանիքում: Եվ այդ բոլոր խեղճերին նա օգնում էր ու բարի հոր նման նեցուկ կանգնում նրանց համար: Այդ մարդը ծանոթներ ուներ, որ պատասխանատու պաշտոններ էին զբաղեցնում: Նրանք սիրում ու գնահատում էին նրան և այդ պատճառով, երբ նա զանգահարում էր այդ բարձրաստիճան պաշտոնյաներին, որպեսզի մի աղքատի օգնի ինչ-որ հարցում կամ հիվանդության դեպքում՝ ոչ ոք նրան չէր մերժում: Նույն կերպ և նրա կինն էր վարվում: Նա օգնում էր աղքատ երեխաներին և այն պատանիներին, որոնք միջոցներ չէին կարողանում գտնել ուսման համար: Նա նրանց համար հարազատ մոր պես էր: Սակայն ինձ հետ խոսակցության ընթացքում նա պատահաբար հետևյալն ասաց. «Հա՛յր, մինչ ամուսնությունը ես դասավանդում էի բարձր դասարաններում: Հարսանիքից անմիջապես հետո ես թողեցի աշխատանքս, քանի որ որոշեցի լավ մայր դառնալ: Ես խնդրում էի Քրիստոսին, որպեսզի ինձ շատ երեխա պարգևի, թեկուզ քսանը, բայց դժբախտաբար Նա նույնիսկ մեկն էլ չտվեց»: Այդ ժամանակ ես պատասխանեցի նրան. «Դու հինգ հարյուրից ավելի երեխա ունես: Ու դեռ բողոքո՞ւմ ես: Քրիստոս տեսնում էր քո բարի կամեցողությունը և կպարգևատրի քեզ դրա համար: Այժմ, այսքան երեխաներին օգնելով իրենց հոգևոր կյանքում, դու շատ ավելի լավ մայր ես, քան շատ ուրիշները: Դու առաջ ես անցել բոլոր բազմազավակ մայրերից: Եվ այն Երկնային Պարգևը, որ կստանաս, նույնպես շատ ավելի մեծ կլինի, որովհետև հոգևոր վերածնունդ ապրելով՝ երեխաները հոգևոր կերպով իրենց ապագան են ապահովում հավիտենական կյանքում»: Այս ամենից բացի, այդ մարդիկ մի աղջիկ էին որդեգրել և իրենց ողջ կարողությունը թողել էին նրան: Որդեգրված դուստրը հոգատարությամբ խնամեց նրանց, երբ արդեն ծեր էին և նրանց մահից հետո գնաց մենաստան: Չնայած որ այդ մարդկանց տունն էլ վանքի պես էր: Այնտեղ բոլոր եկեղեցական արարողությունները կատարվում էին: Ճաշու և երեկոյան ժամերգությունների ժամանակ մյուս քույրերն ու եղբայրներն՝ ի Քրիստոս աղոթում էին նրանց հետ միասին, իսկ կեսգիշերի և առավոտյան աղոթքները երեքով էին կատարում: Այդ օրհնյալ մարդիկ շատ կարիքավորների են օգնել: Աստված հանգստություն տա նրանց հոգիներին:
Այդ պատճառով էլ ես ասում եմ, որ ամենալավ ու ամենաբազմազավակ հայրն այն մարդն է, ով հոգևոր վերածնունդ ապրելով՝ օգնում է համայն աշխարհի երեխաների հոգևոր վերածնունդին, որպեսզի նրանք ապահովեն իրենց հոգիների ապագան Դրախտում:
- Հա՛յր, որոշ ամուսիններ, որ տառապում են անպտղությունից, մտածում են երեխա որդեգրելու մասին:
- Այո, այդպիսի մարդկանց համար ավելի լավ կլինի երեխա որդեգրել, այլ ոչ թե եսասիրաբար համառել սեփական երեխա ծնելու ցանկության մեջ: Մարդու ցանկությունն ու Աստծո Կամքը ոչ միշտ են համընկնում:
- Հա՛յր, երբ որդեգրված երեխան մի որոշակի տարիքի հասնի, պե՞տք է արդյոք ծնողներն ասեն նրան, որ որդեգրված է:
- Լավ կլինի ասել երեխային, երբ նա մեծանա: Բայց կարևորն այն է, որ որդեգրած ծնողները երեխային շատ ու ճիշտ կերպով սիրեն: Երեխաներ կան, որ օտար մարդկանց ավելի են սիրում, քան հարազատ հորն ու մորը, քանի որ իրենց ծնողները սեր չունեն:
* Արյան հետ կապված ժառանգական հիվանդություն
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի