Արդարությունը

«Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան» (Մատթ 56):

Հիսուս Իր անմահ խոսքերով ցնցել ու փոխակերպել է աշխարհը։ Նրա խոսքերի աստվածային զորության և անզուգական դրոշմի առջև ստիպված է խոնարհվել ամենաթերահավատ մարդն անգամ։ Նրա սքանչելի խոսքերից մեկն էլ իմ ընտրած այս բնաբանն է, որը կուզեի բացատրել ձեզ և դրանից լույսի ու իմաստության գանձեր բխեցնել։

Առաջին հերթին, աստվածային Փրկչի այս հավաստիացման ճշմարտացիությունն ու խորունկությունն են գրավում մեր սիրտը։ Նա մեր առջև բարեբաստիկ հորիզոններ է բացում։ Ուրիշ որևէ մեկն անկարող կլիներ գիտենալ, թե ինչ է երջանկությունն իր ամենաազնիվ ու ամենավեհ ըմբռնումով, այլ միայն նա, ով բորբոքված է արդարության տենչով։

Քաղցած ու ծարավ եղողները երջանիկ են նրանով, որ փափագում են ավելիին, քան ունեն, տենչում են լավագույնին։ Այդպիսի բաղձանքը կյանքի նշան է։ Այնտեղ, որտեղ պակասում է բաղձանքը, այլևս հարկ չկա փնտրելու ո՛չ կորով, ո՛չ ջերմեռանդություն․ այնտեղ այլևս կյանք չկա, այնտեղ միայն մահ կարող է լինել։ Մեծ ու վսեմ նպատակասլացությունից և նվիրական կորովից զուրկ մարդիկ առաջ չեն ընթանում, այլ դեռ մի բան էլ նահանջում են։ Քաղցած ու ծարավ լինելը ապրելու և առաջադիմելու նշան է։

Հասարակական կյանքում քաղաքակրթական առաջադիմություն ունենում են միայն այն ժողովուրդները, որոնք մաքառում են հանուն հզորության, ազատության և լույսի։ Միայն այն ժողովուրդներն են կորովի, զորեղ, աշխատասեր, առողջ ու բարգավաճ լինում, որոնք հետապնդում են բարին, ճշմարիտը և արդարությունը։ Եվ ընդհակառակը, այն ժողովուրդները, որ զուրկ են այս ազնիվ ձգտումներից, լինում են թույլ, հոգնաբեկ և մեղկ՝ ապրելով իրենց մահվան պատանքը պատրաստելու համար միայն։

Գիտական կյանքում էլ է այդպես։ Գիտական առաջադիմություններն ապահովվում են միայն այն ժամանակ, երբ մարդու միտքը տենչում, ձգտում է դեպի «անծանոթը» նրա մեջ թափանցելու և այն խորաչափելու համար։

Այն պահին, երբ մարդ իր ներսում խեղդում է պրպտելու ոգին, և իմացականությունը ձանձրացած մրմնջում է «բավական» է, այդ իսկ վայրկյանից արդեն այն հարվածում է գիտությանը։

Կան մարդիկ, որոնք պրպտելու ոգի չունեն, նույնիսկ տաղտուկ են զգում մտքի զբաղում պահանջող հարցերից։ Այդպիսի մարդիկ ասում են․ «Ի՞նչ կարիք կա գիտական տքնությունների։ Մեզ ի՞նչ օգուտ, եթե գիտենանք աշխարհին անծանոթ բաները, ավելի լավ է բավականանանք մեր իմացածով»։ Այսպիսի մտայնության տեր մարդկանց կյանքի «զսպանակը» չի գործում։ Քաղցած և ծարավ լինել «անհայտին»․ ահա՛ իմացական կյանքը։

Արհեստավորական ու գեղարվեստական հարթության մեջ էլ նույնն է։ Վա՜յ այն արհեստավորին կամ արվեստագետին, որն ասում է․ «Ուզածիս պես եղավ, գոհ եմ, կարողացա իրականացնել այն, ինչ մտադրվել էի»։ Իմացե՛ք, որ հաջողություններից գինովցածները այն պահից, երբ կարծում են, որ հասել են իրենց նպատակներին, այդ վայրկյանից ի վեր նախապատրաստում են իրենց կործանումը, քայքայումն ու մահը։ «Ես հասել եմ իմ փափագածին» ասողները աշխարհի առաջադիմությանը խոչընդոտողներն են։

Այժմ ցանկանում եմ ձեր ուշադրությունը սևեռել բարոյական ու հոգևոր կյանքին։ Նա, ով առաքինության հասնելու սուրբ ու վսեմ բաղձանք չունի, կարեկցանքի և գթության է արժանի։ Այդպիսի մեկը հոգով դժբախտ, ողբալի մի մարդ է։

Երբ կարծում եք, որ «անհրաժեշտ» առաքինություն, բավականաչափ հավատք, բարեպաշտություն և սեր ունեք ու չեք ուզում ավելին ունենալ, չեք ուզում անդրադառնալ անցյալի բարոյական թերություններին, երբ խղճի խայթ չեք զգում, երբ չեք կամենում նայել ապագային՝ դեպի մահվան խորհուրդը, դեպի հավիտենականությունը, երբ այդ խորախորհուրդ իրողությունների առջև չեք դողում, դա նշանակում է, որ ձեր մեջ չկա աստվածային որևէ բան, որը ձեզ՝ երկրում եղողներիդ, կկապի երկնքին։ Դա նշանակում է, որ ձեր մեջ չկա բարոյական կատարելության ձգտում։

Ուրեմն ի՞նչ, դուք ուզում եք կորցնե՞լ Աստծու պատկերը, որը կրում եք, ուզում եք հրաժարվե՞լ այն բնությունից, որն ազնիվ է և կոչված է հավիտենականության։ Վա՜յ նրանց, ովքեր հոգևոր քաղց ու ծարավ չունեն։ Նրանք շա՜տ խղճուկ են՝ ընկած, շա՜տ ցած ընկած, նույնիսկ մարդկային բնությունից էլ ցած։

Բայց ընդհակառակը, երբ դուք մաքառում եք հանուն ճշմարտության, լույսի ու կյանքի, երբ զգում եք ներկայի (որի մեջ եք) և ապագայի (որում կուզեիք լինել) միջև առկա անջրպետը, երբ դժգոհում ու տրտմում եք անցյալի թերացումների և տկարացումների պատճառով, երբ կամենում եք ավելի գթասիրտ ու առաքինի լինել, երբ ուզում եք «Աստծու զարմ»-ից լինել, երբ առավել շատ լույս, սեր ու կյանք եք ցանկանում, այդժամ է, որ իրավամբ ապացուցում եք, որ ձեր մեջ կյանք կա, որ դուք Աստծու սերնդից եք, և որ, իսկապես, ձեզ համար մահ չկա։

Արդ, որքա՜ն առավել երջանիկ են նրանք, ովքեր քաղց ու ծարավ ունեն արդարության։ Արդարության բաղձանքը գերազանցում է մյուս բոլոր բաղձանքներին։ «Արդարություն» բառը Տիրոջ շուրթերին բոլորովին այլ իմաստ ունի։ «Լեռան քարոզում» Հիսուս փարիսեցիների օրինասիրության վերաբերյալ գործածում է «արդարություն» բառը, որը նշանակում է ավետարանական առաքինությունների ամբողջությունը։

Հիսուսի ըմբռնած արդարությունը բոլորովին տարբեր է դպիրների արդարությունից։ Մեկ խոսքով ասած՝ Հիսուսի մատնանշած արդարությունը բարոյական կատարելությունն է, հոգևոր տեսլականը։ Դրանից ավելի բարձր գագաթ չկա ու չի նշմարվում, դրանից ավելի ցանկալի ու ազնիվ նպատակ գոյություն չունի։ Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, կատարելության։

Իսկապես, ներկա դարը մեզ ներշնչում է վստահությամբ և խանդավառությամբ նայել դեպի ապագամ, քանի որ արդարության սերը, բաղձանքը մեր ժամանակակիցներից շատերի իրական բաղձանքն է։ Երբևէ չի եղել մի այնպիսի ժամանակ, երբ մարդիկ պատրաստ կլինեին պաշտպանել ու պահանջել արդարությունն այնպես, ինչպես անում են ներկայումս։

Բոլոր ժամանակներից առավել ներկայումս է շեշտվում արդարության հաղթանակը տեսնելու և այդ արդարությունը համայն մարդկության սեփականությունը դարձնելու անհրաժեշտությունը։

Նույնիսկ անմեղ մանուկը զգում է արդարությունը և պահանջում է այն։ Երբ նա անարդարորեն պատժվում է, ըմբոստանում, ընդվզում, սարսափելի «փոթորիկներ» է բարձրացնում։ Նա խորապես վիրավորվում է արդարության ոտնահարվելու պատճառով։ Այդ վերքի սպիները շատ ուշ են անհետանում կամ էլ, թերևս, երբեք չեն անհետանում։

Որտեղի՞ց է գալիս արդարության այս բուռն տենչը, պապակը։ Մարդիկ որքան զարգանում են, այնքան ավելի լավ են ըմբռնում գոյություն ունեցող սոցիալական զանազանությունները, և որքան գիտակցում են դա, այնքան մեծանում է ամենքի հավասարության բաղձանքը, քանի որ հասկանում են, որ Աստծու և մարդկային հասարակության առջև բոլորը նույն իրավունքներն ունեն։

Արդարությունը այդ իրավունքները ճանաչելն ու յուրաքանչյուրի հանդեպ ունեցած պարտականությունը կատարելն է։ Այլ կերպ ասած՝ արդարությունն այլ բան չէ, եթե ոչ գիտենալը, որ մենք այս աշխարհում միայնակ չենք, որ մեր կողքին ուրիշ մարդիկ էլ կան, և որ նրանք ևս արժանի են վայելել նույն այն հարգանքը, որը մենք պահանջում ենք մեզ համար։

Եթե բարեխղճորեն ուսումնասիրենք մարդկային պատմությունը, կտեսնենք, որ արդարությունը շատ հաճախ ոտնահարվել է բռնակալների կողմից, և տկարները անարդարությունների զոհ են դարձել։ Բավական է հիշել այն փոքր ազգերին, որոնք բռնակալության տարիներին այնքա՜ն կեղեքվել, հարստահարվել ու հալածվել են անարդարության հետևանքով։ Մարդ իսկապես նողկանքով և սարսուռով է կարդում պատմության՝ մարդկության անունն արատավորող այդ արյունալի էջերը։

Այսօր՝ 20-րդ դարում, քաղաքակրթության բարձրակետին գտնվելով, աշխարհում ցավով տեսնում ենք անարդարություններ տկար ու թույլ ժողովուրդների նկատմամբ։

Ուշագրավ է տեսնել այն աղաղակող հակասությունները, որոնք կան քաղաքակիրթ ազգերի հայտարարությունների և գործողությունների միջև։ Օրինակ՝ հակառակ Ազգերի լիգայի 8 տարվա գոյությանը, որը պիտի նպաստեր ազգերի միջև խաղաղությունն ու համերաշխությունը ամեն գնով պահպանելուն, տակավին ամեն ազգ իր «առանձնական» դիվանագիտությունն ունի և ճարտարություններով, խորամանկություններով ու հնարքներով արհամարհում է արդարությունը։

Նույնը կարող ենք ասել նաև բոլոր երկրների քաղաքական հոսանքների ու կուսակցությունների համար։ Նրանք պետք եղածին պես չեն հարգում հայրենիքի նվիրականության գաղափարը։ Կուսակցությունները, ազգային շահերը ոտնակոխելով, միայն իրենց կուսակցության օգտի ու հեղինակության մասին են մտածում։

Թերթերում հաճախ կարդում ենք, որ կուսակցականները նույնիսկ եղբայրասպանության ծայրահեղությանն են դիմում՝ ցանկանալով սարսափի միջոցով ուրիշներին պարտադրել իրենց կամքը։ Մարդ համոզվում է, որ նրանց քայլերի ու մտածելակերպի մեջ բացակայում է արդարության և իրավունքի նկատմամբ հարգանքը։

Ընտանեկան կյանքում ևս նկատելի է անարդարությունը։ Տակավին տեսնում ենք այնպիսի ընտանիքներ, որոնցում կնոջ իրավունքը արհամարհված է, որտեղ կինը գերու կարգավիճակում է և չունի տղամարդուն «հասանելիք» ազատությունը։

Դարձյալ, կան այնպիսի ընտանիքներ էլ, որոնցում ծնողներն իրենց զավակների հանդեպ վերաբերմունքի մեջ տարբերություն են դնում։ Կարո՞ղ եք երևակայել, թե ծնողների կողմից հավասար խանդաղատանք ու սեր չվայելող զավակների սրտում ի՜նչ մեծ վերք կարող է բացվել։

Ուրեմն սխալ ու մեղապարտ չեմ, երբ ասում եմ, որ որքան էլ մարդու մեջ արձագանքի արդարության գիտակցումը և նա մշտապես փափագ ունենա արդարության, բայց և այնպես այդ գիտակցումն ու փափագը շատ հաճախ արհամարհվում են։

Ի՞նչ եք կարծում, եթե բոլոր ոլորտներում արդարությունը հաղթանակեր, եթե այն ճանաչվեր ու հարգվեր պետք եղածի պես, մարդկային հասարակությունն իրապես ավելի բարվոք և մանավանդ կարգավորված վիճակում կլինե՞ր։ Չեմ կարծում։

Հռոմեացիները չէին սխալվում, երբ ասում էին․ “Summum jus, summa injuria’’ («Ծայրահեղ արդարությունը ծայրահեղ անիրավություն է»)։ Երբ ցանկանում եք պաշտպանել ու գործադրել միայն արդարությունը՝ առանց նրա վրա մի քաղցր բան ավելացնելու, դա անարդարության կարող է հանգեցնել, քանի որ մարդ իր դիմացինի հանդեպ միշտ խստապահանջ, սառը և անզգա է։

Արդարությունն անողոք, անդրդվելի, խիստ և «օրինական» բնույթ ունի։ Եթե մի պահ ուզեինք բոլոր հարցերում կետ առ կետ գործադրել արդարությունը, մարդկային հասարակությունը կվերածվեր լավ պայմաններ ունեցող դպրոցի, ուրիշ ոչինչ։ Միայն արդարության վրա հիմնված հարաբերությունները չեն կարող հաճելի ու քաղցր լինել։

Արդ, ուրեմն ի՞նչ էր Հիսուսի ակնարկած արդարությունը։ Հիսուսի արդարությունը, ինչպես քիչ առաջ ասացինք, տարբեր էր դպիրների ու փարիսեցիների արդարությունից: Այդ տարբերությունը շեշտվում է Հիսուսի այս խոսքով․ «Եթե ձեր արդարությունը ավելի չլինի, քան օրենսգետներինը և փարիսեցիներինը, Երկնքի արքայություն չեք մտնի» (Մատթ․ 5․20)։

Հիսուս գթությունից զուրկ արդարությունն էր ակնարկում, երբ, դպիրներին ու փարիսեցիներին ուղղելով Իր խոսքը, ասում էր․ «Վա՜յ ձեզ՝ փարիսեցիներիդ, որ տասանորդ եք տալիս անանուխի, փեգենայի և ամեն տեսակ բանջարեղենի, բայց զանց եք անում Աստծու արդարությունն ու սերը. այս բաները պետք էր անել, բայց մյուսները զանց չանել» (Ղուկ․ 11․42)։

Արդ, օրենքի կատարումով արդարությունն իրապես գործադրած չենք լինի։ Սխալվում են նրանք, ովքեր միայն արդարությունն են տեսնում ու հավատում են դրան, ովքեր կարծում են, որ միայն արդարությունը բավական է արդիական պահանջմունքների համեմատ մարդկային հասարակություն ձևավորելու համար։

Որքան էլ անհրաժեշտ լինի արդարությունը, որքան էլ անվիճելի լինի այն, միևնույն է նրան լծակից է պետք, որպեսզի այն ամբողջանա։ Այդ լծակիցը կարող է լինել միայն սերը։

Սերն իսկապես երկնային պարգև է։ Այն ձգողականության ուժի պես իրար է կապում մարդկային հասարակության բոլոր անդամներին։ Սերն է գեղեցկացնում, կենսագործում ու ճոխացնում կյանքը։ Արդարությունը կարգավորում է մարդկային հասարակության հարաբերությունները, բայց չի կարող այն միասիրտ ու միահոգի դարձնել։

Արդարությունը մարդկանց իրար կողք «հավաքվելն» է կազմակերպում, բայց այն անզոր է սրտերի միության բերել։ Արդարությունը նման է հասարակական կյանքի շենքի աղյուսներին, բայց այդ աղյուսները չեն կարող շենքն ամուր ու հաստատուն պահել, եթե շաղախ չլինի։ Այդ շաղախը սերն է։

Սերն է միացնում և ամուր կապում։ Ահա թե ինչու արդարությունը չի կարող բավարար լինել մարդկությանը։ Ամեն գնով պետք է սիրո օժանդակությունն ստանալ։ Արդարությամբ մենք հաստատում ենք մեր իրավունքները, գործադրում ենք դրանք՝ եթե կարիք է լինում թերևս մինչև իսկ ի վնաս մեր դիմացինի։ Մինչդեռ սիրո շնորհիվ խիղճ են դնում մեր պարտականությունների մեջ, պահանջմունքների մեջ զիջող ենք լինում շատ հաճախ նույնիսկ մեր իրավունքները զոհելու չափ։

Իրավունքների այդ զիջողությունն ու զոհողությունը սիրելու «պատճառով» է միայն, քանի որ այն ավելի մեծ գոհունակությամբ է լցնում յուրաքանչյուր մարդու հոգին։

Բայց շտապեմ ավելացնել, որ սերը որքան էլ անհրաժեշտ լինի, որքան էլ գերադասելի լինի արդարությունից, միևնույն է, միայնակ չէր կարող նպաստել հասարակության կարգուկանոնին ու զարգացմանը։ Քիչ առաջ ասում էի, որ արդարությունն առանց սիրո բավարար չէր լինի, իսկ այժմ կարիք եմ զգում հիշեցնելու, որ սերն, առանց արդարությունն իր համար հիմքն ունենալու, մեղադրելի և վտանգավոր կլիներ։

Միայն սիրո և գթության վրա հիմնված հասարակությունը անպիտան կլինի, նրանից որևէ լավ բան պետք չէ սպասել։ Նույնը պիտի ասեմ նաև այն հասարակության մասին, որը հիմնված է միայն արդարության վրա։ Անհրաժեշտ է ամեն գնով միաբանել այդ երկու կենսական ուժերը։ Արդ, այս համադրությունը կարելի է ապահովել միայն Ավետարանով ու քրիստոնեական ոգով։

Կարող ենք ասել, որ Հիսուս միշտ արդար եղավ, քանի որ նրա սիրտը մշտապես վառվեց ու բորբոքվեց սիրով։ Նրա կյանքում ամեն բան արդար էր, քանի որ ամեն բան գթությամբ էր համեմված։ Հիսուսի գթությունը, Նրանից ճառագող աստվածային, հրաշագեղ սերն այլ բան չէ, եթե ոչ Նրա կատարյալ արդարության ցոլքը։

Արդարությունն ու սերը Հիսուսի անձի մեջ այնպես են միացած, որ հնարավոր չէ դրանք զանազանել իրարից։ Արդարությունն ու խաղաղությունը Նրա անձի մեջ ողջագուրվում են մեկմեկու (տե՛ս Սաղմ․ 84․ 11)։

Ահա թե ինչու Հիսուս՝ արդարության և սիրո միության մարմնացումը, կարող էր խորունկ ուրախությամբ դիմել խռնված բազմությանն ու ասել․ «Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան»։ Այդ հագեցումը միայն Քրիստոսի շնորհիվ կարող է իրականանալ այն նույն եղանակով, որով Նա կարողացավ գործադրել արդարությունը․ «Հիսուս Քրիստոս մեզ համար եղավ Աստծու արդարությունը» (հմմտ․ Ա Կորնթ․ 1․ 30)։

Երբ այդ եղանակով հագեցնենք արդարության մեր քաղցն ու ծարավը, այնժամ կզգանք այն նոր երկնքի ու նոր երկրի իրական գոյությունը, որում բնակվում է արդարությունը (Տե՛ս Բ Պետ․ 3․13)։

Ո՜վ հավատացյալներ, իսկապես, հայ ազգը կարող է պարծենալ արդարության քաղցն ու ծարավը զգալու համար։ Կարո՞ղ եք ցույց տալ մի այնպիսի ժողովուրդ, որն արդարության համար այնքան հալածված կլինի, որքան հայ ժողովուրդը։ Որքան ժամանակ այդ քաղցն ու ծարավը կա հայ ժողովրդի մեջ, այդքան ժամանակ այս ժողովուրդը չի մեռնի ու չի թաղվի։

Սարսափելի աղետներից ու մեծամեծ կորուստներից հետո մենք հիացումով պիտի տեսնենք հայի վերածնունդն ու վերանորոգումը։ Որպեսզի արդարությունը կատարյալ լինի, հարկ է, որ այն սնված լինի սիրո և ջերմության զգացումով։ Ինչո՞ւ մինչ օրս հայը չի բարգավաճում ու չի բարեկարգվում․ պատճառը սիրո և ջերմության բացակայությունն է։

Այժմ տեսնում ենք, որ հայերը աշխարհի բոլոր ծագերում աշխատում ու ոգևորված գործում են, բնավորվում են սփյուռքի գաղութներում։ Արդարության ոգով սնված կուսակցությունները կամ ժողովրդական զանգվածները խոսում են պարտականությունների ու իրավունքների մասին, պահանջում են, բողոքում ու պայքարում և, ցավալիորեն, իրար միս են ուտում։

Ո՞րն է այս ցավալի իրողության պատճառը։ Պատճառը միայն արդարությամբ առաջնորդվելն է։ Այդ կուսակցությունների ու ժողովրդական խմբավորումների մեջ արդարության կողքին սեր և ջերմություն ներդրեք, և ամեն բան կկերպարանափոխվի, կբարեշրջվի և կպայծառանա, ազգային ու եկեղեցական գործերը կբարեկարգվեն, հակասությունները կվերանան, խոչընդոտները հօդս կցնդեն, և առաջադիմությունն ու զարգացումը ակնհայտորեն տեսանելի կլինեն բոլոր բնագավառներում։

Եթե հասարակական կյանքի ղեկավարները կամենում են իմաստուն ուժ, ներգործուն զորություն ձևավորել, պիտի արդարությունն անբաժան պահեն սիրուց ու գթությունից։ Միայն արդարությունը՝ առանց սիրո և գթության, ժողովուրդներին դարձնում է ամբարտավան, վրեժխնդիր, եսասեր, հպարտ ու անիրավ։

Մինչդեռ արդարությանը զուգակցված քաղցրաբեղուն սերը ժողովուրդներին դարձնում է արդարամիտ, խոհական, բարեսեր, հանդարտ և լուրջ։

Աղոթենք, որպեսզի Աստված մեր տառապած ու վշտակիր ժողովրդին և նրա առաջնորդներին արդարության ու սիրո ոգով պահի ի գովեստ և ի փառաբանություն ամենասուրբ Երրորդության․ ամեն։

 

Տեր Ղևոնդ եպս. Դուրյան, «Պարզ քարոզներ», Դ հատոր, Փարիզ, 1929 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

19.01.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․