Աշխատող մայր

- Հա՛յր, եթե կինն աշխատում է, արդյո՞ք դա ճիշտ լուծում է:

- Իսկ ամուսինն ի՞նչ է ասում դրա մասին:

- Նա թողնում է դա կնոջ հայեցողությանը:

- Կնոջ համար հեշտ չէ թողնել իր աշխատանքն ուիրեն երեխաներին նվիրել, եթե նա կրթություն է ստացել մինչ ամուսնությունը:  Իսկ ահա այն կինը, որ կրթություն չի ստացել և ինչ-որ  հասարակգործով է զբաղված, ապա առանց դժվարանալու կարող է թողնել այն:

- Հա՛յր, ես կարծում եմ, որ եթե կինը երեխաներ չունի՝ աշխատանքն օգտակար է նրա համար:

- Այսինքն, ըստ քեզ՝ եթե նա երեխաներ չունի, ապա պարտադիր պետք է մասնագիտական աշխատանքո՞վ զբաղվի: Բայց չէ՞ որ բազմաթիվ այլ գործեր կան, որոնցով նա կարող է զբաղվել: Իհարկե, եթե նա երեխաներ ունի, ապա ավելի լավ է տանը նստի: Հակառակ դեպքում ինչպե՞ս կարող է օգնել նրանց:

- Հա՛յր, շատ կանայք ասում են, որ ստիպված են աշխատել, քանի որ հազիվ են ծայրը ծայրին հասցնում:

- Նրանք ծայրը ծայրին չեն հասցնում, որովհետև ուզում են հեռուստացույց, տեսաձայնագրիչ, սեփական ավտոմեքենա և այլն ունենալ: Այդ պատճառով էլ նրանք պետք է աշխատեն, իսկ դրա արդյունքն այն է լինում, որ նրանք հոգ չեն տանում իրենց երեխաների մասին և կորցնում են նրանց: Եթե միայն հայրն է աշխատում և ընտանիքը բավարարվում է քչով, ապա այդպիսի խնդիր չի առաջանում: Իսկ երբ աշխատում է թե՛ կինը և թե՛ամուսինը, քանի որ իբրև թե գումարը նրանց չի բավականացնում, ապա ընտանիքը ցաքուցրիվ է լինում ու կորցնում իր բուն իմաստը: Եվ ի՞նչ է մնում անել երեխաներին այս ամենից հետո: Եթե մայրերն ավելի համեստ ու պարզ ապրեին, ապա թե՛ իրենք ուժասպառ չէին լինի, և թե՛ իրենց երեխաները ուրախ կլինեին: Մի մարդ յոթ օտար լեզու գիտեր, իսկ նրա կինը մեծ ջանքեր էր թափում, որպեսզի չորսը սովորի: Նա նաև մասնավոր դասեր էր տալիս և որպեսզի պահպանի աշխատանքային կեցվածքը՝ մշտապես դեղահաբեր էր ընդունում: Այս զույգի երեխաներն առողջ էին ծնվել, սակայն մեծացան հոգեկան հիվանդներ: Այնուհետև նրանք սկսեցին հոգեվերլուծողների «օգնությանը» դիմել… Այդ պատճառով էլ ես խորհուրդ եմ տալիս մայրերին պարզեցնել իրենց կյանքը, որպեսզի ի վիճակի լինեն ավելի շատ իրենց երեխաներով զբաղվելու, որի կարիքը նրանք ունեն: Այլ հարց է, եթե տանը մայրը մեկ այլ գործ էլ ունի, որով կարող է զբաղվել, երբ հոգնում է երեխաների հետ կապված հոգսերից: Տանը նստած՝ մայրը կարող է հետևել երեխաներին և այլ գործով էլ զբաղվել: Դա օգնում է ընտանիքին խուսափել բազմաթիվ անախորժություններից:

Այսօր երեխաները կարոտ են մայրական սիրո: Բայց նույնիսկ հարազատ մոր լեզուն չեն սովորում, որովհետև մայրն օրեր շարունակ աշխատում է, իսկ երեխաներին թողնում է կողմնակի, հաճախ օտար, կանանց խնամքին: Եթե մանկատների դաստիարակչուհիների մեջ հանդիպում է չամուսնանալու ուխտ արած քրիստոնյա մի քույր, որ երեխաների հանդեպ թեկուզ մի փոքր քնքշանք է ցուցաբերում, ապա այդ երեխաները հազար անգամ ավելի լավ վիճակում են գտնվում, քան նրանք՝ ում ծնողները թողել են այն կանանց հույսին, որոնք դրա համար գումար են ստանում: Իսկ գիտե՞ք, թե ինչին է հանգեցնում այդ ամենը: Նրան, որ եթե երեխան մեկ մայր չունի, ապա՝ մի խումբ դայակ ունի:

 

 

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

15.04.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․