5 Հոկտեմբեր, Շբ
Լույսի բացակայության կամ աղոտ լինելու պատճառով մարդն ընդհանրապես կամ էլ շատ աղոտ կերպով կարող է տեսնել այն, ինչ շրջապատում է իրեն: Լուսաբացին, երբ լույսը, գերազանցելով խավարին, փարատում է այն, լույսի ներքո ամեն ինչ դառնում է պարզ, հստակ և տեսանելի: Նույնը և լինում է պահեցողության շրջանում, երբ մարդն իր ազատ կամքով Աստծո առջև բացում է իր հոգու դուռը, աստվածային լույսի ներքո հնարավոր է դառնում տեսնել բոլոր այն մեղքերը, որ խավարի պատճառով տեսանելի չէին և խանգարում էին մարդուն հասնել ճշմարիտ բարեպաշտության: Աստվածային լույսը մարդուն գիտակցել է տալիս իր անկատարությունը, դրդում է մարդուն մաքրագործելու և դարմանելու մեղքից վիրավորված իր հոգին:
Քրիստոնյան յուրաքանչյուր տոնին փորձում է արժանավայել պատրաստվել և այդ ընթացքում յուրահատուկ նախապատրաստության մի շրջան է պահքը:
Եկեղեցական օրացույցում տոները և պահոց օրերը հաջորդում են իրար ամբողջ տարվա ընթացքում: Տարվա ուղիղ կեսը պահքի օրեր են, որ քրիստոնյային ուղղորդում են օրհնաբեր ապաշխարությամբ վարել կյանքը և հոգին հարստացնել պահեցողությամբ (Հայր Պիմեն):
Դեռևս դրախտում առաջին պահքը սահմանվեց, որը խախտվեց մարդկության նախածնողների կողմից: Պահքի խախտումը իր հետ բերեց տրտմությամբ ու ցավով լի ծնունդ, կյանք և մահ: Առաջին մարդկանցից սկսյալ առ այսօր պահք պահողները դրախտային կյանքի ու անմահության, ինչպես նաև աստվածային շնորհների պատճառ են դառնում: Աստվածաշնչում հանդիպում ենք մի շարք պահեցողների՝ Նոյին, Մովսեսին, Եղիային, Եղիսեին, Դավթին, Հուդիթին, Դանիելին ու նրա ընկերներին և շատ ուրիշների, ովքեր, պահքով պաշտպանված լինելու շնորհիվ, մասնակից եղան Աստծո զորությանը, արժանացան աստվածային ողորմածության և շնորհների:
Պահքերը տարբեր են լինում
Դրանք են՝ սովորական պահք, սրբապահք և ծոմ: Սովորական պահքի ժամանակ հրաժարվում ենք կենդանական կերակուրներից և օգտվում միայն բուսականից: Իսկ սրբապահքի դեպքում խտրություն է դրվում նաև բուսական կերակուրների միջև՝ բացառելով ձեթը, գինին և այն ամենը, որ պարարտացնում է մարմինը: Ծոմապահության դեպքում հրաժարվում ենք բոլոր տեսակի կերակուրներից:
Պահքի բնույթները և տեսակները
Առաջին բնույթը՝ հեռու մնալ մեղքերից, իսկ մյուսը՝ պահել մարմինը՝ հրաժարվելով որոշ տեսակի կերակուրներից և ըմպելիքներից: Երկուսն էլ բարի են, սակայն մեղքերից պահելն ավելի կարևոր է այն պատճառներով, որ չկա հրաման՝ միշտ պահել մարմինը կերակուրներից, սակայն կա հրաման՝ ամեն օր հեռու մնալ մեղքերից: Ըստ եկեղեցու վարդապետների՝ մարմնի պահքը գեղեցիկ է այն դեպքում, երբ հոգին զերծ է մեղքերից: Ով իրեն պահում է կենդանական կերակուրներից, բայց ոչ մեղքերից, ապա այդպիսի պահքը նմանվում է սատանայի պահքին, որովհետև նա ամենևին չի ուտում, սակայն երբեք չի դադարում մեղանչելուց:
Երեք տեսակի պահքեր կան. առաջինը քառասնօրյա պահքն է, երկրորդը՝ շաբաթապահքը և երրորդը՝ օրապահքը:
Պահքի օրերին տոներ չպետք է կատարել, բայց կան բացառություններ։
Այդ օրերն են.
1. Բարսեղ հայրապետի, նրա եղբոր Գրիգոր Նյուսացու, Սեղբեստրոսի Հռոմի հայրապետի և Եփրեմ Խուրի Ասորու հիշատակությունները՝ Սբ. Ծննդյան պահոց շաբաթ օրը:
2. Առաջավորաց պահոց ուրբաթ օրը՝ Հովնան մարգարեի և նինվեացիների ապաշխարության հիշատակը:
3. Մեծ պահոց բոլոր շաբաթ օրերը. առաջին շաբաթ՝ Թեոդորոս զորավոր, երկրորդ շաբաթ՝ Կյուրեղ Երուսաղեմացի և Կյուրեղ Աղեքսանդրացի, երրորդ շաբաթ՝ Հովհաննես Երուսաղեմացի, Օձնեցի, Որոտնեցի և Տաթևացի, չորրորդ շաբաթ՝ Քառասուն մանկունք, հինգերորդ շաբաթ՝ Լուսավորչի մուտն ի Վիրապ, վեցերորդ շաբաթ՝ հիշատակ Ղազարոսի հարության:
4. Ամբողջ Ավագ շաբաթը նվիրված է տերունի հիշատակների:
5. Եղիական շաբաթապահոց բոլոր օրերը նվիրված են Սուրբ Հոգու Գալստյան հիշատակին:
6. Լուսավորչի, Վարագա խաչի և Սբ. Հակոբի շաբաթապահքերի երկուշաբթի, երեքշաբթի և հինգշաբթի օրերին սրբոց տոներ են կատարվում:
Պահքի միջոցով
Պահքը առողջացնում է հոգին, մաքրագործում սիրտը: Խոհեմ և տևական պահեցողության արդյունքում հոգին լուսավորվում է շնորհով, և միտքը սկսում է օտարանալ չար խորհուրդներից: Ըստ Շնորհք պատրիարքի՝ զղջումը, աղոթքը, ապաշխարությունն անբաժան պետք է լինեն պահեցողությունից, քանի որ սրանք են հիմնական պայմանները, որտեղ գործում է Աստծո բուժիչ ու քավիչ զորությունը: Սուրբ Հոգու շնորհը, ներթափանցելով սրտի խորքերը, բացահայտում է մեղքի արմատները և դրդում զղջման:
«Եթե ըստ մարմնի ապրեք, կմեռնեք. իսկ եթե Հոգով մարմնի գործերը սպանեք, կապրեք» (Հռոմեացիներ 8:13):
Պողոս պատրիարքը նշում է, որ ծոմապահությամբ և պահեցողությամբ է լինում մարմնի առողջությունը: Ով առողջ և զորավոր է, նա կարող է չափավորապես հեռու մնալ համեղ ու սննդարար կերակուրներից և ըմպելիքներից՝ դրանով ճնշել մարմինը, սպանել ախտավոր կրքերը, զգայական բաղձանքների անկարգ ցանկությունները, որպեսզի կարողանա իր մարմնի անդամները ծառայեցնել Աստծուն՝ սպասավորելով հիվանդներին, թաղելով անտեր մեռելներին, ուխտի գնալ սրբազան վայրերը, համբերել վշտերին, ճգնություններին, մինչև իսկ մարմինը տալ գանակոծության կամ մահվան` Աստծո սիրո համար: Սրանցով նվաճված մարմինը կհնազանդվի հոգու կամքին: Ինչպես որ մարմինը կերակուրներով զորանալուց՝ տկարանում է հոգին, այնպես էլ պահեցողությամբ մարմինը տկարանալուց` զորանում է հոգին: Ըստ դրա՝ «Երբ տկարանում եմ՝ այնժամ զորանում եմ» (Բ Կորնթացիներ 12:10), ուրեմն պետք է ճնշել մարմինը ծոմով, պահեցողությամբ և չափավորությամբ, որ հլու հնազանդ ծառայի Աստծուն մինչև վերջ:
Կազմեց Կարինե Սուգիկյանը