«Արև-երեխաներ» ՀԿ-ի հանդիպումը բժիշկ-մասնագետների հետ

Նոյեմբերի 24-ին, ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում, ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ, «Դաունի համախտանիշով երեխաների աջակցություն» ծրագրի շրջանակներում, «Արև-երեխաներ» ՀԿ-ի և բժիշկ-մասնագետների միջև տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվեց «Դաունի համախտանիշով երեխաների վարման կարգի ժամանակակից չափորոշիչների մշակում» թեման:

Մինչ քննարկումը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը ողջունեց ներկաներին, նրանց փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությունը և շնորհակալություն հայտնեց՝ հանդիպմանը ներկա գտնվելու, ծրագրին պատրաստակամորեն մասնակցելու և աջակցելու համար: Տեր Հայրն անդրադարձավ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ գործունեությանը, որը ձևավորվել է եկեղեցու սոցիալական ծրագրերի շրջանակներում՝ գործունեության առանցք ունենալով Դաունի համախտանիշ ունեցող երեխաների առողջ զարգացումը: Քանի որ Դաունի համախտանիշ ունեցող երեխաները մինչև կյանքի վերջ փոխարինող թերապիայի կարիք ունեն, ուստի «Արև-երեխաներ» ՀԿ-ն Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հետ համատեղ երեխաների համար պարբերաբար կազմակերպում է բժշկական հետազոտություններ և խորհրդատվություններ:

Հանդիպմանը նախ հանդես եկավ «ԱրԲեՍ» ԱԿ-ի բժիշկ-վերականգնողաբան Գայանե Զաքարյանը, ով ներկայացրեց այն կլինիկական և հիմնական նշանները, զարգացման հապաղումները, որ կարող են ունենալ Դաունի համախտանիշ ունեցող երեխաները: Բժիշկ-վերականգնողաբանը մատնանշեց այն բուժհետազոտությունները, որոնք կարևոր են Դաունի համախտանիշ ունեցող երեխայի առողջ զարգացման համար: «Երբեմն ինձ հարց են տալիս, թե ավելի ճիշտ չէ, որ արատ կամ հիվանդություն ունեցող երեխայի կյանքը դադարեցվի դեռ ներարգանդային շրջանից: Ես չեմ ընդունում այդ մոտեցումը, ինչ ախտորոշումով էլ որ ծնվի երեխան, նա իրավունք ունի ծնողական սիրո, ջերմության և խնամքի»,- ասաց բժիշկ-վերականգնողաբան Գայանե Զաքարյանը:

Քննարվող հարցերից կարևորագույն էր նաև այն, որ այսօր ինչպես բժշկության, այնպես էլ մեդիայի և կրթության ոլորտներում բացակայում է Դաունի համախտանիշի, այնպես էլ այլ հիվանդությունների հետ կապված ճշգրիտ իրազեկումն ու հոգեբանական ճիշտ մոտեցումը, ինչի պատճառով վնասվում են երեխաները և զրկվելով ծնողական սիրուց՝ հայտնվում են մանկատներում:

Քննարկվող թեմայի շուրջ իրենց կարևոր դիտարկումներով և առաջարկներով հանդես եկան նաև ակնաբույժ Ինգա Սարգսյանը, գենետիկ Գոհար Շահսուվարյանը, էնդոկրինոլոգ Գայանե Բայբուրդյանը և հանդիպմանը ներկա մյուս նեղ-մասնագետները:

Աշխատանքային հանդիպումն ամփոփվեց Դաունի համախտանիշով երեխաների վարման կարգի նախագծի մշակման և այն ՀՀ առողջապահության նախարարությանը ներկայացնելու որոշմամբ:

Աստծո արարաչագործության պսակն ու նպատակն է մարդը, որ արարվել է Աստծո պատկերով ու նմանությամբ: Մեծագույն արժեք է մարդը և այդ արժեքը, ինչպես նշում է երջանկահիշատակ Գարեգին Ա Կաթողիկոսը, արժևորողը հենց մարդն է. «Միայն քեզ համար ապրածդ կյանքը գերեզման է դառնալու քեզ համար, իսկ կյանքը՝ ուրիշի համար ապրած, դրախտ է դառնալու քեզ համար: Չմոռանաս՝ մարդը մա՛րդ է մարդով»:

 

Կարինե Սուգիկյան

24.11.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․