«Լռությունը հոգու մաքրման սկիզբն է»

Ժամանակակից մարդու մեծագույն խնդիրն է դարձել լռության բացակայությունն իր կյանքում: Շատերը նույնիսկ վախենում են լռությունից, քանի որ ոչնչով չեն կարողանում լցնել այդ լռությունը. անհրաժեշտ են խոսքեր, տպավորություններ, պետք է միշտ զբաղված լինել և շտապել՝ ստեղծելու համար կենսունակ և լի կյանքի պատրանքը: Այնինչ քրիստոնյայի համար «Լռությունը հոգու մաքրման սկիզբն է» (սբ. Բարսեղ Մեծ):

Մեծ պահքի և ընդհանրապես ապաշխարության շրջանը սովորաբար ուղեկցվում է լռությամբ, խոկմամբ… Այս երկար լռության ընթացքում մարդը փորձում է իր հայացքն ավելի շատ դեպի իրեն ուղղել, խոկալ, աղոթել, միաժամանակ նաև աստվածահաճո գործեր կատարել:

Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, շատ անգամ է մեզ օրինակ ծառայել. Նա առանձնանում էր բոլորից և լռության մեջ երկար աղոթում: Սուրբ Անտոն Մեծի խոսքի համաձայն՝ «Լռությունը մեր Տիրոջ ընդօրինակումն է»: Երբ առաքյալները Տիրոջը պատմեցին այն ամենը, ինչ որ արել էին և ուսուցանել, Նա ասաց. «Եկե՛ք գնանք ամայի մի տեղ, որտեղ կարող ենք առանձին լինել և մի քիչ հանգստանալ» (Մարկոս 6:30):

Մայր Թերեզան կարևորելով լռությունը՝ ասում էր. «Բոլորիս հարկավոր է լռությանը և խորհրդածությանը ժամանակ տրամադրել, մանավանդ նրանց, ովքեր ապրում են մեծ քաղաքներում»:

Բոլորիս հայտնի է, որ խոսքը ունի զորություն, բայց ոչ պակաս զորավոր է նաև լռելը: Լեզվի լռության հետ միասին կարևոր է հասնել նաև սրտի լռությանը: Սուրբ Գրիգոր Աստվածաբանն ասել է. «Բարի խոսքը արծաթ է, իսկ լռությունը մաքուր ոսկի և ոչ մի բան այնքան չի աջակցում ներքին խաղաղություն ձեռք բերելուն, ինչքան լռությունը»:

Աստծո հետ զրուցելու համար յուրաքանչյուրը կարիք ունի քաղաքի կյանքի անհանգստություններից և աղմուկից առանձնանալ խաղաղ և լուռ վայրում: Քանի որ լռության մեջ՝ աղմկոտ աշխարհի խառնաշփոթից հեռու, մարդն ի վիճակի է լինում ողջ հոգով աղոթել: Լռության մասին սուրբ Գրիգոր Աստվածաբանի մեկ այլ խրատում կարդում ենք, որ լռությունը մարդուն մոտեցնում է Աստծուն և կարծես երկնային հրեշտակ է դարձնում: Ինչպես ամեն մի զրույց, այնպես էլ աղոթքը զրույց է Աստծո հետ, և նրա նպատակը միայն խոսելը չէ, այլ նաև՝ լսելը: Մինչ աղոթելը պետք է լսել լռությունը, իսկ լռության մեջ հնարավոր է դառնում լսել Աստծո ձայնը, քանի որ, ըստ եկեղեցու հայրերի, Աստված լռության մեջ է խոսում:

«Լռության պտուղը աղոթքն է: Պետք է սովորել ոչ միայն բերանի լռություն, այլև սրտի, աչքերի, ականջների և մտքի լռություն: Պետք է գտնել Աստծուն. իսկ Աստված աղմուկի և անհանգստության մեջ չի լինում» (Մայր Թերեզա):

Աղմկոտ մեր առօրյայում դժվար է մարդուն այդ լռության մեջ հայտնվել, կենտրոնանալ, մտորել, անկեղծանալ ինքն իր հետ՝ իմաստավորելով լռությունը: Սակայն խիստ կարևոր է, որպեսզի մարդը լռության մեջ հանդիպի ինքն իր հետ, քանի որ ինքնաճանաչողության, ինքնաքննության արդյունքում մարդն իր մեջ բացահայտում է Աստծո ներկայությունը:

 

Կարինե Սուգիկյան

11.12.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․