Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի

Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի | Ashkharhamatran Kam Kanach Kiraki

Դու ես վէմ, և ի վերայ այդր վիմի շինեցից զեկեղեցի Իմ, և դրունք դժոխոց զնա մի յաղթահարեսցեն։

Դու վեմ ես, և այդ վեմի վրա պիտի շինեմ Իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն (Մատթեոս 16։18)։

Քրիստոս հարյավ ի մեռելոց։

Սիրելի՛ հավատավոր քույրեր և եղբայրներ.

Քրիստոսի հարության Հինանց շրջանի երրորդ կիրակին է։ Ունայն է այն մարդու կյանքը, որը հարության խոստումն իր հոգում չունի, հարության և հավիտենական կյանքի խոստմամբ չի վերափոխվում, չի փոխում իր հայացքները այս կյանքի վերաբերյալ, այլ նրա համար Հարության տոնը սահմանափակվում է զուտ զատկական կիրակիով, և նրա բոլոր ձգտումները, անելիքներն ու ծրագրերը կապված են այս աշխարհին։

Տիրոջ հարությունը հեռու է վանում խավարը, ամբողջությամբ լուսավորում է տիեզերքը, խորտակում է մահվան թագավորությունը, նոր հավիտենական կյանքի հույս է պարգևում, վերածնունդ է տալիս է մարդկանց հոգիներին։ Քրիստոսի հարությունը հարություն է բոլորիս համար։ Դա հավիտենական կյանքի խոստման վկայությունն է, որին արժանանալու է ամեն ոք, որ հավատում է Նրան։ «Մովսեսը Իսրայելի որդիներին հանեց Եգիպտոսից, որն օրինակն է դժոխքի ավերման և հոգիների ազատության։ Նույնպես և Քրիստոս գիշերամիջին հարվածեց ու կապեց սատանային, և այն ժամին, երբ Մովսեսը Եգիպտոսից հանեց ժողովրդին, նույն ժամին Քրիստոս հարություն առավ մեռելներից, ազատեց հոգիներին չարության հրահլոց դժոխքից և իմանալի փարավոնի բռնությունից» (Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները (տոնախոսական բացատրությամբ). Տերունական տոներ, աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի, Էջմիածին, 2006, էջ 333)։      

Սիրելինե՛ր, հարության այս երրորդ կիրակին կոչվում է Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի։ Այսօր առաջին եկեղեցու հիշատակության օրն է։ Եկեղեցին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի մարմինն է, որի գլուխը Ինքը Տերն է, իսկ մենք բոլորս նրա անդամներն ենք։ Եկեղեցին մեր մայրն է, մեզ սիրող, մեր մասին հոգացող մայրն է, որին փարվում ենք մեր հոգսերով, մեր ուրախություններով, մեր երախտագիտությամբ, մեր տխրության ժամանակ, մեր ողջ կյանքում։ Այստեղ ստանում ենք մեր հոգևոր սնունդը։ Մեր մայրը իր գիրկը բաց, բազկատարած սպասում է մեզ՝ ընդունելու յուրաքանչյուրիս։

Եկեղեցին մեղավորներին բժշկում է, մաքրագործում է նրանց, թողություն է տալիս նրանց մեղքերին, երբեք չի դատում, չի հիշեցնում անցյալի սխալները, ի վերջո Սուրբ Հաղորդություն է տալիս և բոլորին առաջնորդում է դեպի փրկություն։ Հիշենք, որ Քրիստոս մինչև վերջին րոպեն սովորեցնում էր Իր աշակերտներին, որոնցից սուրբ Պետրոս առաքյալը մեծ առաքելություն ուներ, իր պատրաստակամությամբ անընդհատ առաջ էր նետվում, սակայն նաև մարդկայնորեն սխալվում էր թե՛ խոսքերով և թե՛ գործով։ Նա խոնարհաբար էր իրեն դրսևորում որպես աշակերտ, երբ Տերը նրան հանդիմանում էր։ Քրիստոս մինչև վերջ էլ իր մեղքը քավելու հնարավորություն տվեց Պետրոս առաքյալին, որովհետև առաքյալը նաև զղջաց իր ուրացության համար, իր սերը խոստովանեց Աստծու Միածին Որդուն և չհուսալքվեց։

Երբ աշակերտները մի անգամ Հիսուսի հետ նավակի մեջ էին, փոթորիկ բարձրացավ, իսկ Հիսուս ննջում էր, արթնացրին Նրան՝ ասելով. «Տե՛ր, փրկի՛ր մեզ, որովհետև կորչում ենք»։ Տերը հանդիմանեց նրանց և ասաց. «Ինչո՞ւ եք վախկոտ, թերահավատնե՛ր» (Մատթեոս 8։25,26)։ Մենք ևս, եկեղեցում գտնվելով, նույնպես չպիտի վախենանք, որովհետև Տերը մեզ հետ է և գիտի մեր վիճակն ու կարիքները։ Եվ հասնելու է մեզ օգնության։ Ահա այդպիսի ապահովություն ու հովանի է մեզ համար մեր մայր եկեղեցին։

Եկեղեցին երբեք մարդուն չի թողնում կործանված վիճակում, այլ ձեռք է մեկնում նրան վեր բարձրացնելու համար իբրև բարի սամարացի, երբ նույնիսկ ամբողջ աշխարհը կարող է նրան դատապարտել և երես թեքել նրանից։ Գործած հանցանքների համար մարդուն ազատությունից զրկում են և բանտ նետում։ Մինչդեռ մեղքեր գործում են բոլորը, և բոլորն էլ եկեղեցում տեղ ունեն՝ ազատության մեջ ինքնակամորեն Աստծու խոսքի սերմերով և սիրո պատվիրանների գործադրումով ուղղվելով, հրաժարվելով մեղքերից, սրբագրելով անցյալի սխալներն ու մարդկանց հետ հարաբերությունները կարգավորելով։ Եկեղեցին Քրիստոսի պատվիրանների ուսուցման դպրոց է, ինչպես Աստված մարդուն ազատ է թողնում իր ընտրության մեջ, այնպես էլ եկեղեցին փրկության և արդարության ճանապարհն է ցույց տալիս՝ առանց որևիցե բան պարտադրելու մարդկանց։

Եկեղեցին աղոթում է մեզանից յուրաքանչյուրի համար, իսկ շատ-շատերը դրանից նույնիսկ անտեղյակ են։ Աղոթում է ոչ միայն հոգևոր դասի համար, այլև աշխարհի խաղաղության համար, գերության մեջ գտնվողների, չարի ճիրաններում հայտնված մարդկանց, ճանապարհորդների, հիվանդների շուտափույթ առողջության, վշտացածների, անգամ բարեխառն եղանակի, «անձրևների քաղցրության և պտուղների առատության», ուխտավորների, հանգուցյալ հոգիների և այլնի համար։ Անդաստանի կարգ է կատարում՝ աշխարհի չորս կողմն օրհնելով։  

Կանաչ կիրակին տոնի ժողովրդական անվանումն է։ Կանաչը մշտադալարության գույնն ու խորհրդանիշն է։ Սուրբ մկրտության ժամանակ ասվող «Մեռոնը միշտ կանաչ լինի» ժողովրդական բարեմաղթանքը նշանակում է սուրբ մյուռոնի շնորհները մշտապես թող ուղեկցեն նոր մկրտված մարդուն։ Եվ իսկապես եկեղեցին նույնպես մշտադալար է, որովհետև որքան հին է և արմատները՝ խորունկ, այնքան էլ նորատունկ է, երբեք չի ծերանում, չի հնանում, այլ քայլում է բոլոր ժամանակների մարդկանց հետ, նրանց փոխանցում Աստծո հավիտենական պատվիրանները և առաջնորդում դեպի Աստված և փրկություն։ Նա մշտապես իր զավակների հետ է։ Կործանված են նրանք, ովքեր կհամարեն, որ եկեղեցին ավելորդ է, ավարտվել է նրա ժամանակը։ Նման մարդիկ իրենք իրենց իսկ համար փակում են փրկության ճանապարհը։ Իսկ մենք, սիրելինե՛ր, ապրենք մեր կյանքը եկեղեցու առաջնոդությամբ՝ Քրիստոսի հարության հավատքով, որպեսզի փրկվենք։ 

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․ ամեն։   

 

Տեր Վահան քհն․ Առաքելյան

 

01.05.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․