Սուրբ Ստեփանոս Նախավկա

Սուրբ Ստեփանոսը բոլոր մարտիրոսներից անդրանիկն է, Քրիստոսի համար նահատակված առաջին նախասարկավագը, որ իր արյունը թափեց Քրիստոսի սիրո համար: Նա առաջին դարում առաքյալների կողմից ընտրված յոթ սարկավագներից մեկն էր: Սարկավագները Քրիստոնեական Եկեղեցու առաջին սպասավորներն էին: Նրանք հասարակաց սեղանները սպասավորելու, աղքատների ու կարիքավորների մասին հոգ տանելու պարտականություններն ունեին: Այստեղից էլ բխում է «սարկավագ» բառի ստուգաբանությունը, այսինքն՝ սպասավոր, ծառայող, օգնական: Նա իր սպասավորության մեջ քաջ էր ու արի, լի էր Սուրբ Հոգով ու փայլում էր հավատքով: Սուրբ Ստեփանոսի անմնացորդ սիրո և նվիրումի մասին են Գործք Առաքելոցի 6-8-րդ գլուխները: «Ստեփանոսը՝ շնորհներով և զորությամբ լցված մի մարդ, ժողովրդի մեջ զարմանալի գործեր և մեծամեծ նշաններ էր անում» (Գործք Առաքելոց 6.8):

Վկայաբանական աղբյուրների համաձայն՝ Սբ. Ստեփանոսը Հուդայի թագավորական տոհմի շառավիղ էր: Քրիստոսի մահապատժի ժամանակ նա, դեռևս պատանի, Կայիափա քահանայապետի ծառան էր: Երբ Քրիստոսին բերեցին քահանայապետի տուն, իր գլխի վարշամակը Ստեփանոսը փռեց Տիրոջ ոտքերի տակ, որով ցույց տվեց իր անսքող համակրանքը Փրկչի հանդեպ: Այս տեսնելով՝ քահանայապետը նրան հեռացրեց ծառայությունից: Քրիստոսի հրաշափառ Հարությանը ականատես լինելով՝ Սբ. Ստեփանոսը դառնում է առաքյալների գործակիցը: Ըստ Գրիգոր Տաթևացու՝ նրան մկրտել են Սբ. Պետրոս և Սբ. Հովհաննես առաքյալները: Պատմվում է, որ նրա մկրտության պահին ջրի վրա երևացող լույսի պսակ է հանգչել նրա վրա: Այդ պատճառով նրան անվանել են «Ստեփանոս», որ հունարեն նշանակում է «պսակ»:

Սբ. Ստեփանոսը քրիստոնեական առաջին համայնքի կազմակերպման նախաձեռնողներից մեկն էր: Նա հոգ էր տանում որբերին հոր պես, մխիթարում էր այրիներին: Պատարաստակամ էր բարի գործերի ծանր լուծը իր վրա վերցնելու և այն հասցնելու իր բարի ավարտին: Սբ. Ստեփանոսը առաքինի էր իր կենցաղավարությամբ, հզոր հավատով, առանձնահատուկ իմաստությամբ և համայնքի անդամների ու առաքյալների կողմից մեծ վստահություն էր վայելում: Նա լի էր իմաստությամբ, հստակությամբ ու զգոնությամբ, հանճարով ու խորհրդով, սրբությամբ ու մաքրությամբ, գեղեցկությամբ ու բանականությամբ, քաղցրությամբ ու ողորմությամբ, ճշմարտությամբ ու հանդիմանությամբ, ստուգությամբ ու զգաստությամբ:

Աստվածային շնորհներով, առաքինություններով օժտված Սբ. Ստեփանոսը ոչ միայն սպասարկում էր հասարակաց սեղանը և օգնում կարիքավորներին, նեղյալներին, այլև Սուրբ Հոգուց ներշնչված՝ համարձակորեն քարոզում էր Աստծո խոսքը և հրաշքներ գործում ժողովրդի մեջ: Նրա համբավը շարժում է հրեաների, քահանաների և օրենսգետների նախանձը, որոնք ամբաստանելով սրբին հանձնում են հրեաների բարձրագույն ատյան: «Եվ բերեցին կանգնեցրին սուտ վկաներ, որոնք ասում էին. «Այս մարդը չի դադարում հայհոյական խոսքեր ասել այս սուրբ տեղի և Աստծո Օրենքի դեմ…»:

…Բոլոր նրանք, որ նստած էին ատյանում, իրենց հայացքը դարձրին Ստեփանոսի կողմը և տեսան նրա դեմքը, որ նման էր հրեշտակի դեմքի» (Գործք Առաքելոց 6.13-15):

Ի պատասխան այս բանսարկության՝ Սուրբ Ստեփանոսը առանց ընկճվելու, այլ հաստատ հավատով և իմաստությամբ ատյանում Սուրբ Հոգով մեկնում է Հին Կտակարանը. Աբրահամից սկսյալ, կարգով թվում է Հիսուսի մասին մարգարեների կանխասացությունները և ապա ցույց տալիս, որ քրիստոնեությունը ոչ թե ժխտումն է մովսիսական կրոնի, այլ այդ կրոնի հայտնութենական իրագործումն ու նրա մարգարեությունների լրումն ու ամբողջացումը (Գործք Առաքելոց 7.1-53): Ապա ատյանում իր խոսքը եզրափակում է՝ հրեաներին անվանելով Տիրոջ մատնիչներ ու սպանողներ. «Գտնվե՞ց մի մարգարե, որին ձեր հայրերը չհալածեցին: Նրանք սպանեցին բոլոր այն մարգարեներին, որոնք նախօրոք հայտնեցին Արդարի գալստյան մասին, այն Արդարի, որին դուք ձեր ձեռքով մահվան դատապարտեցիք և սպանեցիք: Դուք պարծենում եք, որ հրեշտակների ձեռքով ստացաք Օրենքը, և սակայն բնավ չգործադրեցիք այն» (Գործք Առաքելոց 7.52-53):

Իրականությունը ներկայացնող, սակայն հրեաների վրա հակառակ ազդեցությունը գործող ճառից հետո լարված վիճակ ստեղծվեց: Երբ լսեցին ժողովականները այս հանդիմանական խոսքերը, զայրույթով լցվեցին: «Ատյանի պահին ոչ ոք չկար Իսրայելի տասներկու ցեղերի երևելի թագավորներից կամ բարի իշխաններից, որպեսզի արդարի իրավունքներին սատար լիներ, այլ բոլորը քահանաների հետ փութով եկել էին արդարի արյունը թափելու համար՝ սրերով զինված՝ ընդդեմ անպարտելի ախոյանի: Չկար մեկը, որ խորհեր նրա մասին…, այլ բոլորն, իբրև իժի ծնունդներ, իրենց թույնը թափում էին նրա վրա, ինչպես մինչ այդ արել էին անճառելի և անստվեր Լույսին, Հոր ճշմարիտ Բանին, կենարար Հիսուսին…» (Սուրբ Աթանաս Ալեքսանդրացի):

Սուրբ Ստեփանոսը հանկարծ Սուրբ Հոգով լցված երկինք նայեց, ու քանի որ հեզ էր ու սրտով մաքուր, ըստ Տիրոջ այն խոսքի, թե՝ «Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթեոս 5.8), տեսավ Աստվածային Փառքը ու զմայլված այդ տեսարանից՝ ասաց. «Ահա տեսնում եմ երկինքը բացված և Մարդու Որդուն, որ կանգնած է Աստծո աջ կողմը» (Գործք Առաքելոց 7.56): Այս վերջին խոսքերն ավելի գրգռեցին հրեաներին, և նրանք Սբ. Ստեփանոսին քաղաքից դուրս տարան ու քարկոծելով նահատակեցին: Իսկ սուրբը իրեն քարկոծողների համար թողություն էր խնդրում՝ ասելով. «Տե՛ր, ների՛ր նրանց այս մեղքը»: Երբ այս ասաց, մահվամբ փակեց իր աչքերը:

Սավուղը՝ ապագա Պողոսը, Սուրբ Ստեփանոսին սպանողնեից մեկն էր: Սուրբի նահատակությունը Պողոս առաքյալի հոգու և սրտի մեջ այն անսասան հավատի հողը նախապատրաստեց, որը նրա մեջ ի հայտ եկավ Դամասկոսի ճանապարհին (Գործք Առաքելոց 9-րդ գլուխ): «Պողոսի հոգին հրաշալի ծնունդ է Սուրբ Ստեփանոսի նահատակության», և վերջինիս մահով է բացատրվում Պողոսի դարձը:

Ըստ վկայագիրների՝ Սբ. Ստեփանոսին իրենց ագարակում թաղել են Պողոսի ուսուցիչ Գամաղիելը և Հիսուսի գաղտնի աշակերտ Նիկոդեմոսը, որտեղ հետագայում թաղել են նաև նրանց: Որոշ ժամանակ անց բոլոր սրբերի, նրանց թվում նաև Սբ. Ստեփանոսի նշխարները հայտնաբերվեցին Ղուկիանոս անունով մի երեցի կողմից, և Երուսաղեմի հայրապետ Հովհանը դրանք դրեց Սուրբ Սիոնի մեջ: Հինգերորդ դարում Հուլիանե իշխանուհին Երուսաղեմում գտավ Սբ. Ստեփանոսի տապանակը և բերեց Կ.Պոլիս, որի միջոցով բազմաթիվ հրաշքներ գործվեց: Հետագայում Սբ. Ստեփանոսի տապանակն ու նշխարները բերվեցին Վենետիկ և ամփոփվեցին Վենետիկի Սուրբ Գևորգ կղզու մայր եկեղեցում:

Ամեն տարի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սբ. Ստեփանոսի տոնին մեծ հանդիսավորությամբ կատարվում է սարկավագական ձեռնադրություն:

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Սուրբ Ստեփանոսի հիշատակը նշում է Ավագ տոների հետ՝դեկտեմբերի 25-ին կամ հաջորդ օրը (եթե դեկտեմբերի 25-ը կիրակի կամ պահոց օր է լինում):

 

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

25.12.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․