25 Նոյեմբեր, Բշ
Մի մարդ, ով սիրում էր ասել, թե ինքը հոգևոր արժեքներն է կյանքում առաջնային համարում, օտարական մի անցորդից պատահական լսում է, որ մոտակա կղզում գանձեր են պահված: Եվ ոգևորությամբ նավարկում է, որպեսզի առաջինը տեղ հասնի և դրանց տիրանա: Հասնում է նշված կառույցին, ուր ամուր փականով կողպված սնդուկն է դրված լինում: Եվ մի գրություն թողնված, թե բանալին հարևան կղզում ապրող մի իմաստուն ձկնորսի մոտ է: Ժրաջան նակարկում է այդտեղ, հապշտապ նրանից վերցնում բանալին ու քրտնաջան ետ դառնում, իր երազանքների ակնկալիքների սպասումով լեցուն սնդուկը բացում, սակայն այն լիովին դատարկ է լինում: Հիասթափված ու չարացած կողպում այն ու կրկին նավարկում ձկնորսի մոտ, նրա առջև շպրտում բանալին ու ասում.
-Ես ապավինեցի Աստծուն և հավատացի քեզ, բայց ո′չ Նա օգնեց, ո′չ էլ` դու. ինչո՞ւ է սնդուկը դատարկ:
Իմաստունը պատասխանում է.
-Ամեն օր քեզ նման հազարավոր բախտախնդիր ոսկեխույզներ են գալիս ու այդպես ձեռնունայն գնում ու նույն հարցն ինձ ուղղում: Գանձերը շատ վաղուց ինքս եմ գտել և կարիքավոր մարդկանց բաժանել: Իսկ քեզ նման մարդիկ կրկին գալիս ու գալիս են, որպեսզի այդ գանձերը գտնեն և իրենց անձնական փառքն ավելացնեն, բայց այդպես էլ ոչինչ չեն գտնում...
Ավետարանն ասում է` գանձեր մի դիզեք ձեզ համար երկրի վրա: Որտեղ ձեր սրտերն են, այնտեղ և ձեր գանձերն են/Մատթ. 6.19-21/: Ում խոսքն ու գործը միմյանց չի համապատասխանում, նա Աստծուց ոչինչ էլ չի ստանում: