Գրքեր

Աստծո վեհանձն զավակները

Կան մարդիկ, որ ապաշխարել են իրենց մեղքից, և Աստված ներել է նրանց: Հոգևոր օրենքները դադարել են գործել, սակայն չնայած դրան՝ մարդիկ չեն մոռանում իրենց մեղքը: Նրանք թախանձագին խնդրում են Աստծուն իրենց այս կյանքում պատժել, որպեսզի վճարեն դրա համար: Եվ քանի որ նրանք համառորեն պնդում են, Բարեգութ Աստված կատարում է նրանց բարեպաշտ աղաչանքները: Սակայն Իր Երկնային խնայողական դրամարկղում՝ Դրախտում, նրանց համար վարձք է կուտակում ու դրա հոգևոր տոկոսները: Այդ մարդիկ Աստծո վեհանձն զավակներն են, Նրա ամենաբարեպաշտ երեխաները:

«Հոգևոր մարգագետին» գրքում* պատմվում է Աբբա Պիմենի մասին, ով հովիվ էր եղել: Մի անգամ նրա մոտ մի մարդ եկավ ու խնդրեց, որպեսզի Աբբան իրեն գիշերակացի թողնի իր խցում: Հյուրերի համար հատուկ տեղ չունենալով՝ Աբբան այցելուին տեղավորեց այնտեղ, որտեղ ինքն էր գիշերում, իսկ ինքը գնաց քարանձավներից մեկում գիշերելու: Առավոտյան, երբ խուց վերադարձավ, այցելուն նրան հարցրեց. «Գիշերն ինչպե՞ս անցկացրեցիր, Աբբա, չսառեցի՞ր»: «Ոչ,- պատասխանեց Աբբա Պիմենը,- գիշերը լավ անցկացրեցի: Մի քարայր մտա և այնտեղ մի քնած առյուծ տեսա: Ես էլ պառկեցի ու մեջքս նրա բաշին հենեցի: Առյուծի շնչառությունից քարանձավը վառարանի պես տաքացել էր և ես չսառեցի»: «Չվախեցա՞ր, որ առյուծը քեզ կուտի»: «Ոչ,- պատասխանեց Աբբան,- չվախեցա, բայց գիտցիր, որ ինձ վայրի գազաններն են ուտելու»: «Որտեղի՞ց գիտես»: «Աշխարհիկ կյանքում ես հովիվ եմ եղել,- պատասխանեց Աբբան,- մի անգամ իմ հոտն էի արածեցնում և շներս մի մարդու պատառոտեցին, ով այդտեղով էր անցնում: Ես կարող էի այդ մարդուն փրկել, սակայն անտարբեր գտնվեցի: Այդ պահից սկսած անընդհատ խնդրում եմ Աստծուն, որպեսզի վայրի գազաններն ինձ ուտեն: Եվ հավատում եմ, որ Աստված այդ ողորմությունը կանի»: Իսկապես այդ Աբբային գազանները կերան: Սակայն մյուս կյանքում այդպիսի մարդիկ ամենաընտրյալ տեղում են լինելու:

- Հա՛յր, Եկեղեցու Հայրերի մի գրվածքի մեկնաբանություններում կարդացել եմ, որ երբ մարդը մեղք է գործում՝ պետք է պատժվի, որպեսզի վճարի իր գործած չարիքի դիմաց:

- Ոչ, դա այդպես չէ: Եթե մարդը զղջում է, ապա չի պատժվում, որովհետև Քրիստոս ողորմում է նրան: Պետք է շատ ուշադիր լինել Հայրերի գրվածքների մեկնաբանությունների նկատմամբ, որովհետև մի «մեկնաբան» կարող է վատ մարդ չլինել, բայց իր մեկնաբանությունները ճիշտ չլինեն: Եթե վստահ չես, որ մեկնաբանությունները կազմողն ամեն ինչ ճիշտ է մեկնում, ապա ավելի լավ է միայն գրվածքը կարդալ: Մի մարդ ինձ ասաց, որ Եսայի մարգարեին փայտե սղոցով են սղոցել**, որովհետև նա պետք է մարդկանց մեղքերի համար սղոցվեր: Բայց իրականում մարգարեն ինքն էր Աստծուն խնդրում, որպեսզի իրեն ժողովրդի մեղքերի համար սղոցեն և մարդկանց նկատմամբ մարգարեի այդ մեծագույն սիրո պատճառով Աստված տվեց խնդրածը: Բայց քանի անգամ, որ սղոցը մարգարեի մարմնի վրայով տարան, այնքան պսակ էլ Աստված նրան տվեց: Որոշ բաներ հասկանալու համար անհրաժեշտ է որոշակի նախադրյալներ ունենալ, ինչ-որ բան իմանալ: Աբբա Պիմենը, որի մասին պատմեցի, կարող էր Եսայի մարգարեին հասկանալ, թեկուզև նրա հետ նույն բանը չէր կատարվել, որովհետև Եսայի մարգարեի պարագայում մարդկանց համար արվող զոհաբերություն կար:

- Հա՛յր, իսկ մեր դարաշրջանում այդպիսի դեպքեր պատահո՞ւմ են:

- Այո, իհարկե: Մի դեպք եմ հիշում, որ տեղի ունեցավ, երբ ես Փիլոթեոս մենաստանում էի ապրում: Մի մարդ մի թուրքի էր վառարանում այրել, ով մորթել էր իր հորը: Հետո նա ապաշխարեց, Սուրբ Լեռ եկավ, դարձավ վանական և ջանասիրությամբ լծվեց վանական ճգնությանը: Սակայն օր ու գիշեր Աստծուց թողտվություն էր խնդրում, որպեսզի ինքն այրվի: Մի անգամ մենաստանում հրդեհ բռնկվեց: Այն ժամանակ ես վանական տնտեսն էի: Դույլերն ու այլ անոթները ջրով լցրեցի և բոլոր վազեցինք հրդեհը մարելու: Իսկ երբ մարեցինք այն՝ այդ վանականին այրված գտանք: Այդ տեսարանը մինչև այժմ աչքիս առաջ է… Եվ ի՞նչ էր պատահել: Այդ վանականն, ում մասին խոսում ենք, արդեն ութսունհինգ տարեկան էր: Մեկ այլ վանական, ով յոթանասունհինգ տարեկան էր, խնամում էր նրան: Այդ օրը այդ խնամող վանականը՝ կամենալով գոնե մի փոքր թեթևացնել այն մյուսի ռևմատիկ ցավերը, նրա ոտքերը կերոսինով շփեց, փաթաթեց դրանք ու ծերունուն պառկեցրեց այրվող օջախի մոտ: Շագանակենու վառելափայտից մի այրվող ածուխ թռավ: Այն ընկավ վանականի փաթաթված ոտքերին, դրանք սկսեցին այրվել, ինքն էլ այրվեց և մենաստանում էլ հրդեհ բռնկվեց: Ես շատ էի վշտացել տեղի ունեցածի պատճառով և չէի կարողանում հանգստանալ: Հետո հոգևոր հայրս ինձ ասաց. «Մի վշտացիր: Նա ինքն էր դա Աստծուց խնդրում, որպեսզի քավի իր մեղքը: Տեղի ունեցածն Աստծո պարգևն էր»:

 

* Տե՛ս, Սուրբ Հովհաննես Մոսխոս: «Հոգևոր մարգագետին»: Սերգիևյան մենաստան: 1915: Էջ 197:

** Տե՛ս, Սուրբ Եսայի մարգարեի վարքը՝ ռուսերեն լեզվով Վարք Սրբոցում: Մայիս ամիս: Մ., 1907: Էջ. 287:

 

 

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

31.08.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․