23 Դեկտեմբեր, Բշ
Օգոստոսի 16-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց հինգ տաղավար տոներից մեկը՝ Վերափոխումն Սբ. Մարիամ Աստվածածնի տոնը: Տոնական Սբ. Պատարագից հետո Զորավոր Սբ. Աստվածածնի եկեղեցու համայնքի անդամները չէին շտապում տուն: Եկեղեցու բակն իր տոնական զարդարանքով հրավիրում էր բոլորին ներկա լինելու տոնական միջոցառմանը, որին իրենց մասնակցությունն էին բերել նորակազմ «Զորավոր» երգչախումբը, կիրակնօրյա դպրոցը և «Զորավոր» երիտասարդաց միության անդամները:
Տոնական միջոցառումը Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Տեր Հայրը ներկաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արք. Կճոյանի հայրական օրհնությունը և տոնի խորհրդին անդրադառնալով՝ ասաց. «Աստվածամոր երկրային ննջումն ամենևին էլ չփոխեց նրա հոգատար վերաբերմունքն ամենքիս նկատմամբ, այլ նա շարունակեց մարդկության կողքին մնալ ու իր աղոթքներով բարեխոս լինել Տիրոջ առջև, որպեսզի փրկի մեզ հոգու կորուստից, որպեսզի իր երկրային զավակներից և ոչ մեկը չկորչի, այլ Իր Միածին Որդու խոստացած Արքայության արժանի ժառանգորդը դառնա»: Տեր Հայրը մաղթեց ներկաներին, որ Ամենասուրբ Աստվածամայրը մշտապես բարեխոս լինի բոլորի համար Երկնային Հզոր Թագավորի առջև:
Տոնին համապատասխան եկեղեցու բակը զարդարված էր տարբեր մրգերով: Բոլոր մրգերի մեջ գերակշռում էր խաղողը, քանի որ քրիստոնեական շրջանում տարվա բերքի խորհրդանիշ ընտրվեց խաղողը և օրհնվելու նպատակով միայն խաղողը տարվեց եկեղեցի: Հանդիսատեսի հետաքրքրությունը գրավել էր նաև զարդարանքի մյուս հատվածը, որն առանձնանում էր պայծառ տրամադրություն փոխանցող բազմերանգությամբ. գունագեղ պատկերները կիրակնօրյա դպրոցի սաների աշխատանքներն էին տոնին նվիրված:
Տոնական զարդարանքին ուրախ փայլ հաղորդեցին «Զորավոր» երգչախումբը կոմիտասյան մշակումների հետևյալ շարանով՝ «Վարդ ա յարս», «Ջուր կուգա», «Շախկր շուխկր», «Մի յար ունեմ», «Էսօր ուրբաթ է», «Պուճուր աղջիկ», «Էս գիշեր», «Յարիս անուն Պալասար», «Աղչի, անունդ Շուշան», «Զար զընգը», «Հաբրբան»: Հայ երաժշտության գանձարանի կոմիտասյան այս հիասքանչ մշակումներին հավելել էին նաև Մակար Եկմալյանի մշակումներից «Զեյթուցիներ»-ը և «Կիլիկիա»-ն:
Ապա հանդիսատեսին ներկայացան կիրակնօրյա դպրոցի սաները, ում միացել էին նաև «Զորավոր» երիտասարդաց միության մի քանի անդամներ: Նրանց անկեղծ և անմիջական աշխարհը կարողացավ հանդիսատեսին մեկ անգամ ևս մասնակից դարձնել թե՛ տոնի պատմությանը, խորհրդին և ժողովրդական սովորությանը և թե՛ Աստվածամոր անգնահատելի դերին ու նշանակությանը յուրաքանչյուրի կյանքում:
Մինչ տաղավար տոնի պատմության անդրադառնալը՝ կիրակնօրյա դպրոցի սաներից՝ Աննան ու Բալիկը, հատկապես նշեցին՝ «Սուրբ Աստվածածինն ավելի վեր է, քան մարգարեներն ու մարտիրոսները, վարդապետներն ու սրբերը, սերովբեներն ու քերովբեները, երկնային բոլոր զորքերը: Նա զիջում է միայն Արարչին», «Որպես մեր Փրկչի մայր հենց Աստվածամայրն էր ընտրվել իր սրբության և մաքրության, իր հնազանդության և աստվածավախ հոգու պատճառով»:
Երեխաներն ամենայն մանրամասնությամբ անդրադարձան, թե ինչու է այսօրը Սբ. Պատարագից հետո խաղող օրհնվում և բաժանվում ժողովրդին: Երբ Նոյը տապանից իջավ, Արարատյան հարթավայրում խաղողի որթատունկ տնկեց, Հիսուս ասաց՝ Ես եմ ճշմարիտ որթատունկը, Կանայի հարսանիքին Քրիստոս ջուրը վերածեց գինու, Վերջին ընթրիքին Նա առաքյալներին խաղողից պատրաստած գինին տվեց որպես Իր Արյան խորհրդանիշ, Աստվածամայրը աշխարհ բերեց ճշմարիտ որթատունկին՝ Հիսուս Քրիստոսին:
Կիրակնօրյա դպրոցի սաներից Մարին իր նազանքով հիացրեց բոլորին «Երեկո» պարով, Աննան՝ «Էնզել» պարով, իսկ բոլորը միասին՝ «Յարխուշտա» ազգային պարով:
Միջոցառման ավարտին Տեր Գրիգորն իր շնորհակալությունը հայտնեց կիրակնօրյա դպրոցի սաներին, իրենց մանկավարժ Սիրանուշ Գյումրույանին, «Զորավոր» երգչախմբին ի գլխավորությամբ գեղարվեստական ղեկավար և խմբավար Անուշ Հարությունյանի, միության անդամներին և բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցություն էին բերել միջոցառման կայացմանը:
Հուզիչ է, նաև ուրախալի, երբ նկատելի է, որ երեխաներն ուղղակի չէին պատրաստվել միջոցառմանը, այլ կար անկեղծություն, հավատք և դիմացինի հետ իրենց ստացած հարստությունը կիսելու մեծ ցանկություն:
Կարինե Սուգիկյան