13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ.
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ավետման տոնը: Այն ազդարարում է մարդկության փրկագործության աստվածային տնօրինության սկիզբը: Այս օրը Սուրբ Մարիամ Աստվածածնին նվիրված հերթական տոներից է մեզ համար:
Սուրբ Աստվածամայրը սիրո ու խաղաղության մի խորհրդանիշ է, որին հավերժ դիմում են բոլոր ազգերը և մարդկային սերունդները: Եվ նա երբեք հուսախաբ չի անում իրեն դիմողներին: Աստվածածնի հղիության ավետիսը այսօր կարծես միախառնվել է մեր Տիրոջ հարության ավետիսին, երբ շարունակում ենք տոնախմբել և միմյանց փոխանցել բոլոր ժամանակների մարդկության Փրկչի հարության բարի լուրը: Ուստի՝ կրկնակի տոն է այսօր և կրկնակի ուրախություն:
Սուրբ Մարիամ Աստվածածինը մեր ժողովրդի հավատքի կյանքում իր ուրույն տեղն ու դերն ունի, այդ են վկայում նրա անունը կրող մեր բազում եկեղեցիները, այդ թվում և մեր Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին: Սուրբ Կույսը ավետարաններում աչքի է ընկնում քիչ խոսքերով, սակայն խոսուն վարքով: Մենք նրանից մշտապես սովորում ենք: Եվ ոչ միայն: Սուրբ Աստվածամայրը ցանկացած քրիստոնյայի համար ոգեշնչման աղբյուր է: Երբ տրտմում և հյուծվում ենք կյանքի փորձությունների հորձանուտում, նրա աղոթքներին ենք ապավինում, քանի որ նրա աղոթական միջնորդությունը մեզ համար ուրախության և ցնծության առիթ է, որ պարգևել է մեզ Աստծո Միածին Որդին: Նրա հարկերը միշտ բաց են հավատացյալ մարդկանց խնդրանքների համար, նա աչալուրջ է և հոգատար ցանկացած աղոթքի նկատմամբ: Քանի որ իր իսկ կոչման և առաքելության մեջ նա հավատարիմ, աչալուրջ և հնազանդ էր, հետևաբար օգնում և աջակցում է նաև մեզ մեր կոչման և առաքելության մեջ:
Սուրբ Կույսից պիտի սովորենք մաքուր պահել մեր իսկ հոգու տաճարը՝ Տիրոջ բնակության համար: Երբ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս մտավ Երուսաղեմի տաճար (Հովհաննես 2:13-22) և տեսավ, որ այնտեղ արջառներ, ոչխարներ և աղավնիներ են վաճառում, չվանով բոլորին տաճարից դուրս հանեց՝ ասելով. «Դրանք այստեղից վերցրե՛ք և իմ Հոր Տունը վաճառատան մի՛ վերածեք» (Հովհաննես 2:16): Տիրոջ համար ասված «Քո տան նկատմամբ նախանձախնդրությունը ինձ պիտի ուտի» խոսքերը վերաբերում են նաև մեզ՝ մահկանացուներիս, մենք ևս պետք է ուշադիր լինենք ամեն մոլախոտի և որոմի նկատմամբ, որոնք կաճեն մեր մտքի, սրտի, հոգու անդաստաններում, մենք ևս պետք է ուշադիր լինենք, որ վաճառատան չվերածենք մեր հոգին, այլ թույլ տանք, որ Աստված գա և բնակվի մեր մեջ. «Կենդանի Աստծու տաճար եք դուք, – ինչպես ասաց Աստված, – պիտի բնակվեմ նրանց մեջ ու պիտի ընթանամ նրանց միջով, և նրանց Աստվածը պիտի լինեմ, և նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը» (Կորնթացիներ Բ 6:16):
Սիրելինե՛ր, Սուրբ Մարիամ Աստվածածնից եկեք մենք ևս սովորենք կարևորել մեր կոչումն ու առաքելությունը այս կյանքում ու զգոն լինենք: Չլինենք Հուդայի նման, որ չցանկացավ լինել Քրիստոսի աշակերտներից, հավատարիմ մնալ Փրկչին և մատնեց Նրան փարիսեցիների ձեռքը: Պետրոս առաքյալը Հուդայի մասին ասում է. «Նա մեզ հետ մեր խմբի մեջ էր. և նրան էլ էր վիճակված այս սպասավորությունը» (Գործք 1:17), «Նրա պաշտոնը թող ուրիշն առնի» (Գործք 1:20): Եվ ընտրվեց Մատաթիան: «Եվ աղոթք անելով՝ ասացին. «Տե՛ր, Դու որ գիտես բոլորի սրտերը, ցո՛ւյց տուր այս երկուսից մեկին, որին ընտրեցիր, որպեսզի առնի վիճակն այն պաշտոնի և առաքելության, որից Հուդան ընկավ իր տեղը գնալու համար»: Եվ նրանց համար վիճակ գցեցին. վիճակը ելավ Մատաթիային, և սա դասվեց տասնմեկ առաքյալների հետ» (Գործք 1:24-26):
Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնից սովորենք աչալուրջ լինել, որպեսզի մեր շնորհները մեզանից չառնվեն ու տրվեն ուրիշներին: Հիշենք մեծ խնջույքի առակը (Ղուկաս 14:15-24), որը պատմեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս, թե ինչպես մի մարդ իր ծառաներին ուղարկեց կանչելու խնջույքի հրավիրվածներին, սակայն նրանցից յուրաքանչյուրը մի պատճառաբանությամբ հրաժարվեց: Մեկը ամուսնացել էր, մյուսը ագարակ էր գնել, երրորդն էլ եզ էր գնել և գնում էր փորձարկելու: Տերը բարկանում է և հրամայում իր ծառային. «Իսկույն դո՛ւրս եկ քաղաքի հրապարակներն ու փողոցները և աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին բեր մտցրո՛ւ այստեղ» (Ղուկաս 14:21): Ծառան գալիս զեկուցում է, որ դեռ էլի տեղ կա: Տերը ծառային ասում է. «Դո՛ւրս եկ ճանապարհներն ու ցանկապատների առաջ և մարդկանց այստեղ մտցրո՛ւ, որպեսզի տունս լցվի: Ասում եմ ձեզ, որ այդ հրավիրվածներից ոչ ոք իմ ընթրիքից չի ճաշակի» (Ղուկաս 14:23,24):
Սովորենք հավատարիմ լինել մեզ տրված փոքր բաների մեջ, որպեսզի Տերը մեզ արժանացնի Իր մեծագույն պարգևներին: Մնասների առակում Տերն ասում է. «Ազնիվ և բարի ծառա, քանի որ այդ փոքր բանի մեջ հավատարիմ եղար, իշխանություն ունեցիր տասը քաղաքների վրա» (Ղուկաս 19:17): Իսկ այն ծառայից, որ մնասը պահել էր և չէր աշխատեցրել, հրամայում է վերցնել և տալ արդեն իսկ տասը մնաս ունեցողին. «Ասում եմ ձեզ, թե՝ ով որ ունի, նրան պիտի տրվի, իսկ նրանից, որ չունի, պիտի վերցվի և այն, ինչ որ ունի» (Ղուկաս 19:26):
Այսպես՝ մենք, ի մտի ունենալով Աստծո պատգամները և պատվիրանները, հոգեշահ առակները, փորձենք լինել ճշմարիտ քրիստոնյաներ: Սուրբ Աստվածամոր և Հովհաննես Ավետարանչի նմանությամբ և հետևողությամբ մինչև վերջ հետևենք մեր Տիրոջը և հավատարիմ լինենք Նրան, ինչպես նաև անարձագանք չթողնենք Աստծո կանչը, բազմացնենք մեզ տրված շնորհներն ու տաղանդները, վերադարձնենք դրանք Աստծուն՝ ծառայեցնելով ուրիշներին:
Սիրելի՛ մայրեր և քույրեր, սրտանց շնորհավորում ենք բոլորին այս տոնի կապակցությամբ և մեր աղոթքն ենք բարձրացնում յուրաքանչյուրիդ համար, որպեսզի Սուրբ Կույսի բարեխոսությամբ կարողանաք իսկապես հավատարիմ լինել ձեր կոչման և առաքելության մեջ, քանի որ ձեզանից է կախված քրիստոնյա ճշմարտամիտ, բարեսիրտ զավակների դաստիարակությունը: Սուրբ Աստվածամոր բարեխոսությունն ենք հայցում բոլորիդ համար, որպեսզի Նա մշտապես իր հոգատար և կարեկից աղոթքներով աջակից լինի ձեզ ամեն օր ու ամեն պահ, Նրա անձի ոգեշնչմամբ թող զորանան ուժակորույս և հուսակտուր կանայք և մայրերը: Նրա աղոթքներով թող ընդունվեն բոլոր ընծաներն ու նվիրաբերությունները, թող ուժ ստանան հոգնաբեկ սրտերը:
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:
Տեր Վահան քհն. Առաքելյան