13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
«Ուրախ լեր, բերկրեալդ, Տէր ընդ քեզ»:
«Ուրախացի՛ր, ով շնորհընկալ, Տերը քեզ հետ է» (Ղուկաս 1:28):
Սիրելի՛ հավատավոր քույրեր և եղբայրներ.
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է իր հինգ տաղավար տոներից՝ Սուրբ Աստվածածնի վերափոխումը: Աստվածածնի վերափոխումը Աստվածամոր փոխադրումն է երկինք իր Միածին Որդու առաջնորդությամբ:
Սուրբ Կույսը Հիսուս Քրիստոսի համբարձումից հետո տասներկու տարի ապրեց Սուրբ Հովհաննես առաքյալի խնամածության ներքո: Գաբրիել հրեշտակապետը, որ ավետել էր նրան, որ պիտի հղիանա և ծնունդ տա Աստծո Միածին Որդուն, կրկին հայտնվում է և հայտնում նրան, որ հասել է նրա ննջման ժամանակը: Տիրամայրը իր մոտ է կանչում իր մտերիմներին, ազգակիցներին և հրաժեշտի ու մխիթարանքի խոսքեր ասում: Հիսուսի աշակերտներն անչափ տխրում են և սկսում լաց լինել, որ պետք է ընդմիշտ բաժանվեն Աստվածամորից, սակայն վերջինս նրանց խնդրում է չմթագնել իր ուրախությունը իրենց լացուկոծով:
Այդժամ Հովհաննես Ավետարանիչը, վերցնելով կիպարիսի մի փայտ, կերպաձևում է Աստվածամոր պատկերը: Այնուհետև այն տալիս է Սուրբ Կույսին, որպեսզի իր դեմքը դրոշմի դրա վրա, որպեսզի նրա մահից հետո այն իրենց մոտ մնա՝ իբրև մխիթարություն և սփոփանք: Սուրբ Մարիամ Աստվածածինն աղոթում է և նրա դեմքը դրոշմվում է դրա վրա: Քրիստոս Իր երկնային զորքով, հրեշտակների ուղեկցությամբ գալիս է Իր մոր հոգին առաջնորդելու դեպի երկինք:
Երբ Տիրամորը պիտի հուղարկավորեին, հրեաները որոշում են խորտակել նրա դագաղը: Սոփոնիա անունով մի քահանա ցանկանում է հարվածել դագաղին, անմիջապես ձեռքերը կտրվում են արմունկներից, և նա ընկնում է գետնին: Սարսափահար աղերսում է Քրիստոսի աշակերտներին, որ ողորման իրեն: Սուրբ Պետրոս առաքյալը բժշկում է նրան՝ ձեռքերը կպցնելով մարմնին: Աստվածամոր հուղարկավորությունից հետո Քրիստոս նրա մարմինը միավորում է հոգու հետ, ուստի մենք բոլորս գիտենք, որ Սուրբ Կույսը երկնքում է մարմնապես և Աստծո առաջ հանապազ բարեխոսում է մեզանից յուրաքանչյուրի համար:
Քանի որ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալը բացակա էր նրա հուղարկավորության ժամանակ և, ի տարբերություն մյուս աշակերտների, չէր կարողացել հրաժեշտ տալ իրենց սիրելի մորը, խնդրում է առաքյալներին, որպեսզի բացեն գերեզմանը, որպեսզի կարողանա գեթ մի փոքր սգալ և մխիթարվել: Երբ բացում են գերեզմանը, այն դատարկ են գտնում: Երկնքից հնչած ձայնն ասում է նրանց, որ Աստվածամայրը փոխադրվել է երկինք: Առաքյալները ցնծում են և աղոթում և Սուրբ Կույսի պատկերը տալիս են Բարդուղիմեոս առաքյալին, որը նա իր հետ բերում է Հայոց աշխարհ:
Սուրբ Կույսը բազմած է երկնքում և ցնծություն է մեզ համար, որովհետև մենք բարեխոս ունենք մեզ համար երկնքում, որի աղոթքները հանապազ հնչում են մարդկության համար, և որի աղոթքներին մենք, հիրավի, ապավինում ենք:
Սուրբ Մարիամ Աստվածածինը մեզ համար նաև անձայն քարոզիչ է, իր վարքով անդադար վկայում է մեր կյանքում պատվիրանապահության կարևորության մասին: Մենք նրանից մշտապես կարող ենք սովորել մաքրություն և մաքուր լինենք մեր սրտերով, մտքերով, խորհուրդներով, մեր գործերով: Մաքուր լինենք առաջին հերթին Աստվածապաշտության մեջ: Ինչպես Սողոմոն թագավորն էր խնդրում և աղոթում. «Մեր սրտերը հավատարիմ թող լինեն մեր Տեր Աստծու նկատմամբ, որպեսզի մենք մաքուր սրտով ընթանանք ըստ նրա հրամանների և պահենք նրա պատվիրանները» (Թագավորություններ Գ 8:61):
Մաքուր պահենք մեր հոգիները՝ մեղքից հեռու մնալով, մեր աչքերն ու ականջները մաքրենք մեղքերից, մեր բոլոր զգայարանները թող մաքուր և պատրաստ լինեն Սուրբ Հոգու բնակության համար: Մաքուր լինենք բոլոր հարաբերություններում՝ առանց կեղծիքի ու կեղծավորության, առանց խաբեության ու խարդավանքի, առանց նենգության, լինեն դրանք ամուսնաընտանեկան հարաբերություններ թե ընկերային, աշխատանքային թե գործընկերային, առևտրում թե տանը, վերադաս և ենթակա հարաբերություններում: Ազնվությունն ու անկեղծությունը ապահովում են մաքուր խիղճ: Եվ հակառակը, եթե մենք խղճով առաջնորդվենք, մաքուր կլինենք մեղքերից և դատապարտության չենք արժանանա:
Սիրելինե՛ր, ինչպես հայտնի է, այսօր հայ եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնեք:
Ադամի և Եվայի խաբվելով մարդկությունն անեծքի տակ ընկավ, անեծքի տակ ընկավ նաև ողջ բնությունը, որն օրհնվեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսով, Որը մարդացավ, մարմնացավ Սուրբ Մարիամ Աստվածածնից: Աստվածամայրն իր խոնարհությամբ ոտնակոխ արեց այն օձին, որից խաբվեց նախամայր Եվան: Ուստի պատահական չէ, որ այսօր՝ Աստվածածնի Վերափոխման տոնին, եկեղեցու կողմից օրհնվում են երկրի ամբողջ բերքն ու բարիքը՝ ի մասնավորի խաղողը: Ինչո՞ւ խաղողը, որովհետև Քրիստոս ասաց. «Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը» (Հովհաննես 15:5): Այդ որթատունկի վրա հաստատված լինելով է, որ մենք՝ այդ Որթատունկի ճյուղերը, կարող ենք իսկապես պտղաբերել: Խաղողն է, որ գինի դառնալով, սրբագործվում է պատարագի ժամանակ և դառնում Քրիստոսի կենարար արյուն, որով փրկություն է բաշխվում ամբողջ աշխարհին: Ամեն տարի խաղողը ճմլվում է և գինի դառնում, որ կյանքի խորհուրդն ունի իր մեջ, ինչպես Քրիստոս մարմին առավ Սուրբ Կույս Մարիամից և շարունակաբար փրկություն ու կյանք է տալիս աշխարհին: Հիշենք նաև, որ Կանայի հարսանիքում գինու պակասության ժամանակ Տերը ջուրը գինի դարձրեց հենց Աստվածածնի խնդրանքով:
Մաղթում եմ, որ Տիրամոր բարեխոսությամբ նախ և առաջ մեր հոգիներն ու մարմինները մաքրվեն մեղքերից, և մեր թակույկները, ըստ Աստծո կամքի հաճության, լցվեն կենսատու գինով: Թող Աստծո կողմից օրհնվեն բոլոր պտուղները, ի բարին ծառայեն, որ մարդիկ սովորեն իրենց բերք ու բարիքից մասնաբաժին հանել նաև ուրիշներին, քանի որ Աստված էլ, օրհնելով երկիրը, ձրիաբար բաշխում է բոլորին, որպեսզի մարդիկ միմյանց կարիքները լրացնեն, այլ ոչ թե իրենց ունեցածը ծառայեցնեն միմիայն սեփական անձերին: Թող Աստվածամոր բարեխոսությամբ մեր հասույթներն ու ձեռքբերումները երբեք դատապարտություն չդառնան մեզ համար, այլ ինչ որ մեզ տրվել է Երկնային Թագավորի կողմից, ծառայի Աստծո փառաբանությանն ու ընդհանուրի բարօրությանը: Եվ թող այս տաղավար տոնը իսկապես ուրախության և ցնծության օր դառնա մեր ընտանեկան խաղաղ հարկերից ներս:
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:
Տեր Վահան քհն. Առաքելյան