Ցավի գաղտնիքը (Երկրորդ մաս)

Մի անգամ մտածեցի, որ եթե կարողանայինք հավաքել բոլոր նրանց արցունքները, որոնք լաց են լինում, ցավ են ապրում, մայրերի, հայրերի, երեխաների արցունքները, ապա դրանք իսկապես շատ կլինեին:

Որոշ ժամանակ առաջ մի քսանչորսամյա երիտասարդ ինձ ասաց.

- Երբ ես նման բաների մասին էի մտածում, միգուցե հիմարությունից կամ եսասիրությունից մղված, խնդրեցի Աստծուն. «Տե՛ր Աստված, թող ես քաղցկեղով հիվանդանամ, բայց մեկ տարվա ընթացքում ինձնից բացի ոչ ոք քաղցկեղով չհիվանդանա»:

- Հենց այդպես էլ ասացի՞ր,- հարցրի ես:

- Այո, հնարավոր է, որ եսասիրությունից մղված այդ ասացի, բայց երբ լսում էի տարբեր հիվանդությունների մասին, այնպես խղճացի մարդկանց, որ նման աղոթք ծնվեց իմ հոգում:

Պատասխանեցի.

- Լավ է, որ ասացիր, բայց այլևս այդպես մի՛ աղոթիր, մի՛ ասա նման խոսքեր, որովհետև դա շատ դժվար է: Տերը չի կարող հանուն մեկ մարդու մյուսներից վերցնել հոգին մաքրելու, խոնարհվելու, մեկը մյուսին սիրելու հնարավորությունը, հնարավորություն, որ նրանց է տալիս հիվանդության միջոցով: Չգիտեմ, կլսի՞ արդյոք Տերը քեզ: Բայց նման բառեր ասելով, դու քո մեծ սերն ու բարությունը ցույց տվիր:

Երբ ինքդ չես տառապում, բայց մյուսներին էլ չես առարկում, Աստված հարգանքով է վերաբերվում դրան: Երբ ներում ես, Տերը հարգանքով է վերաբերվում դրան: Երբ սկսում ես պայքարել եսասիրությանդ քաղցկեղային ուռուցքի դեմ (իսկ դա Աստծո հետ քո փոխհարաբերությունների խնդիրն է, բժիշկներն այստեղ օգնել չեն կարող), և կարողանաս հաղթել եսասիրությանդ և սիրել քո Աստծուն, ապա, հավատա՛, դա մեծագույն հաղթանակ է ոչ միայն քո, այլև մարդկության, ամբողջ աշխարհի համար:

Այս ժամանակահատվածում ես հասկացա նաև, որ ընդհանուր առմամբ, մենք չենք կարողանում ցավակցել ուրիշներին: Երբ սիրում ես մարդուն և ցավակցում ես նրան, շատ լավ է: Սերը հրաշալի զգացմունք է, երբեմն այն ուղեկցվում է ուրախության արցունքներով, իսկ երբեմն՝ ցավի: Բայց և՛ մեկը, և՛ մյուսը սեր է:

Ցավի գաղտնիքի համար լուծում չկա: Գոյություն ունի միայն ակնածանք, աղոթք, վստահություն առ Աստված, միայն արցունքներ, միայն սեր: Լուծում չկա, ցավը միշտ գոյություն կունենա: Ես չգիտեմ, թե ինչու: Ոմանք սկսում են բացատրել, թե այսինչ մարդն ինչու է տառապում, ինչու է այն մյուսը տառապում, ասում են, որ նա այս ու այս բաներն է արել, և այդ պատճառով նրա հետ նման բան է պատահել: Մի՛ անհանգստացրու, քրիստոնյա՛, մի՛ անհանգստացրու նրան, ով ցավ է զգում: Արդյո՞ք դո՛ւ պիտի մեկնաբանես, դո՞ւ պիտի բացատրես, թե դա ինչու է տեղի ունեցել:

Անձամբ ես այդ հարցի պատասխանը չգիտեմ: Ես միայն կարող եմ արտասվել քեզ հետ, կարող եմ ցավակցել քեզ: Դա կարող եմ անել քեզ համար, փոխարենը բացատրելու, թե ինչու ես ցավ զգում, լսելու, թե ինչպես ես տառապալից փնտրում, թե որտեղ ես սխալվել, ինչ մեղք ես գործել, ինչ ես արել… Ոչինչ չես արել: Այսինքն, մի՞թե պարտադիր որևէ բան պետք է արած լինեիր: Եթե սուրբ մարդիկ էին անցնում նույնատիպ հիվանդությունների միջով՝ հայր Պաիսիոս Աթոսացին քաղցկեղով էր հիվանդ, հայր Պորֆիրիոսը (Բաիրակտարիս) նույնպես, հայր Եպիփանոսը (Թեոդորոպուլոս)… Քանի՜ օրհնյալ, խոնարհ, սրբագործված մարդիկ են մահացել այդ հիվանդությունից: Ինչպիսի՞ն էին նրանք: Արդյո՞ք նրանք բոլորն այնքան մեղավոր էին և այդ պատճառով պատժվեցին: Իսկ դու, երբ որևէ բան է պատահում, սովորել ես միանգամից ասել. «Ես ինչ-որ բան եմ արել: Ինչ-որ բանում մեղավոր եմ»: Մեղավոր չես, դա Աստծո գաղտնիքն է: Դա Տերն է թույլ տվել, ես չգիտեմ, թե ինչու, չգիտեմ: Եվ ամաչում եմ քեզ դա ասել և դա ճշմարտություն է:

Սակայն, նաև հրաշքներ են կատարվում և դա նույնպես ճշմարտություն է: Դրա համար բավարար է, որ հավատ լինի և Աստված կամենա հրաշք գործել: Ինչու Նա չի ցանկանում բոլորի համար հրաշք գործել՝ չգիտեմ: Ինքդ հարցրու Նրան: Հարցրո՛ւ: Ասում ես. «Բայց Նա ինձ չի պատասխանում»: Ինձ նույնպես չի պատասխանում, հասկանո՞ւմ ես:

Դա քեզ զարմացնո՞ւմ է: Ասա՛, իսկ ինչու ես կարծում, թե պատասխանը մեր՝ հոգևորականներիս գրպանում է, և մենք գիտենք ինչպես պատասխանել բոլոր հարցերին: Ոչ, չգիտենք: Բայց գիտենք, որ պետք է վստահել Աստծուն, ապավինել Նրան ու ասել. «Տե՛ր, գիտեմ, որ սիրում ես ինձ, բայց հիմա չեմ զգում Քո սերը, որովհետև, երբ քաղցկեղով հիվանդ եմ, ինձ համար շատ դժվար է դա զգալ»: Անհրաժեշտ է մեծ վստահություն ունենալ առ Աստված՝ Աստվածային սերն զգալու համար: Իսկ երիտասարդների մեծամասնությունն ասում է. «Եթե դա պատահել է ինձ հետ, ուրեմն ես ինչ-որ բան արել եմ: Հավանաբար Աստված կամենում է ուղղել ինձ կամ պատժել»: Ես քեզ ասում եմ, որ դա ճիշտ չէ: Սուտ է: Աստված սիրում է քեզ, հիշի՛ր:

Հայր Պաիսիոսը պատմում էր, որ մի աղջիկ, որի մայրը քաղցկեղ ուներ, եկավ նրա մոտ ու խնդրեց. «Աղոթեք մայրիկիս համար, որպեսզի առողջանա»: Հայրը նրան պատասխանեց.

- Լավ, կաղոթեմ, որպեսզի մայրդ, որին այնքան սիրում ես, ապաքինվի, այսինքն՝ Աստված վերցնի նրանից այդ հիվանդությունը, բայց քեզ տա, որպեսզի դու տանես այդ խաչը մորդ փոխարեն:

Աղջիկը վախեցավ.

- Ի՞նչ եք ասում, հա՛յր: Խնդրեցի, որպեսզի աղոթեք, որ մայրս առողջանա:

- Դե այո, նա կառողջանա, բայց թող Աստված այդ հիվանդությունը քեզ տա, այդպես ավելի լավ կլինի, դու կկարողանաս հաղթահարել այն, դու դեռ երիտասարդ ես:

- Ոչ, հա՛յր, ոչ: Թող մայրս ապաքինվի և ոչ ոք չհիվանդանա նրա փոխարեն:

- Բայց, աղջիկս, այդ դեպքում ինչպե՞ս կկարողանանք մեր սերը ցույց տալ: Թեկուզ փոքր ցավակցում՝ հանուն մեկ այլ մարդու:

- Ո՛չ, ո՛չ:

- Լավ, լսիր ինչ կանենք՝ թող մայրդ առողջանա, իսկ մենք քեզ հետ կկիսենք նրա քաղցկեղը: Կեսը քեզ, կեսը ինձ:

- Հա՛յր, խնդրում եմ, լսե՛ք ինձ: Կարելի՞ է աղոթել, որպեսզի մայրս լիովին ապաքինվի և մենք բոլորս առողջ լինենք:

- Բայց մի՞թե չես ուզում թեկուզ մի փոքր սովորել սիրել:

- Բայց ես այսպես էլ սիրում եմ նրան: Մեռնում եմ նրա համար:

- Ինչպե՞ս ես նրա համար մեռնում: Լավ, դու փոքր քաղցկեղով կհիվանդանաս, իսկ հիվանդության մեծ մասը ես կվերցնեմ: Եվ մայրդ կբուժվի:

«Այդ խոսակցությունը թեստի պես մի բան էր,- պատմում էր հայր Պաիսիոսը,- որպեսզի տեսնեի, թե նրա սերը մինչև ուր է հասնում»: Պարզվեց՝ սեր չկա: Զրույցի ավարտին աղջիկը խուճապի մատնվեց. «Վե՛րջ, հայր, բավակա՛ն է: Շա՜տ շնորհակալություն Ձեզ: Խնդրեցի, եթե հնարավոր է, բուժել մայրիկիս, հակառակ դեպքում՝ ցտեսություն»:

Մենք բոլորս ուզում ենք առողջանալ, սակայն հարցն այն է, իսկ եթե Քրիստոս այժմ հարցնի ինձ. «Կարեկցո՞ւմ ես նրանց: Կեցցե՛ս: Սիրո՞ւմ ես նրանց: Կեցցե՛ս: Ասպիսով, պատրաստ ես ասել. «Տե՛ր Աստված, պատրաստ եմ այդ ցավը զգալ հանուն նրանց, միայն թե նրանք ապաքինվեն», և տանջվել՝ նրանց ցավը քեզ վրա վերցնելով»:

Ես խաբեբա կլինեի ասելով, որ ուրախությամբ կարտասանեմ դա: Չեմ կարող այդ խոսքերն ասել:

Սակայն, այնուամենայնիվ հրաշքներ կատարվում են, կրկին ասում եմ, որ քեզ հետ նույնպես կարող է հրաշք կատարվել: Բայց կարող է և չկատարվել: Հիշեցնում եմ քեզ այդ մասին, որպեսզի կեղծ հույսեր չտամ և հետո չասես. «Ես այսինչ տեղը գնացի, այսինչ բաներն արեցի, ինչպես դու էիր ասել, սակայն, ոչինչ տեղի չունեցավ»:

Եվ եթե ոչինչ տեղի չի ունեցել, ի՞նչ է դա նշանակում: Տերը չի՞ լսել աղոթքդ: Չհասկացա, ինչո՞ւ չի լսել այն: Լսել է: Նա լսել է, բայց քեզ չի տվել այն, ինչ խնդրել ես: Մի՞թե Աստված չլսեց Քրիստոսի աղոթքը Գեթսեմանի այգում: Նա լսեց: Տվե՞ց արդյոք այն, ինչի մասին Նա խնդրում էր: Արդյո՞ք ազատեց Նրան մահվան դառը բաժակից: Ոչ: Սակայն, Նա լսեց Նրա աղոթքը: Քո աղոթքը նույնպես լսում է: Սակայն դա չի նշանակում, որ կկատարվի այն, ինչի մասին աղոթում ես: Բայց, այնուամենայնիվ, աղոթի՛ր, փնտրի՛ր Նրան, խնդրի՛ր. «Աստվա՛ծ իմ, բժշկիր ինձ: Դու ամեն ինչ կարող ես: Օգնի՜ր, Տե՛ր»: Եվ հավատա, որ կարող է հրաշք կատարվել:

Աթենքի հիվանդանոցներից մեկի բուժքույրը մի կնոջ տեսավ, որի ամուսնու մոտ քաղցկեղի վերջին փուլն էր: Բժիշկները նրան ասում էին. «Գոտեպնդվեք, մի քանի օրվա ընթացքում նա կմահանա»: Նա սաստիկ վշտացած էր: Բուժքույրը նրան ասաց. «Մի՛ հուսահատվիր: Հրաշքներ ևս կատարվում են: Գնա Օրոպոս՝ հայր Պորֆիրիոսի մոտ, որտեղ նրա մենաստանն է գտնվում, աղոթիր և հնարավոր է, որ հրաշք տեղի ունենա: Գնա՛»: Կինը հարցրեց, թե որտեղ է գտնվում մենաստանը, և բուժքույրը բացատրեց, թե ինչպես գտնի սրբավայրը: 16:30-ին կինը մենաստան հասավ: Դարպասները փակ էին: Նա ծեծեց, սակայն ոչ ոք չբացեց: Նա կանգնել էր դարպասների առջև և արտասվելով աղոթում էր ու ասում. «Հա՛յր Պորֆիրիոս, աղերսիր Աստծուն ամուսնուս համար, թող Աստված կամենա բժշկել նրան, թող հրաշք տեղի ունենա»: Ուրիշ ոչնչի մասին չէր խնդրում, միայն դա: Հետո մի անգամ էլ ծեծեց դարպասը, սակայն ոչ ոք չբացեց, քանի որ միանձնուհիներն այդ ժամանակ հանգստանում էին: Նա վշտացած վերադարձավ ավտոկայան և ավտոբուս նստեց, որպեսզի վերադառնա Աթենք: Երբ նրանք դուրս եկան մայրուղի, նրա բջջայինը զանգեց, և մի ծերունական ձայն ասաց. «Հրաշքներ ևս կատարվում են, զավա՛կս, մի՛ հուզվիր: Ամուսինդ կապաքինվի: Հրաշքներ ևս կատարվում են: Եվ պետք չէ զայրանալ, որ դարպասը չբացեցին, որովհետև մենաստանում ապրող միանձնուհիները տարեց են և նրանցից շատերը՝ հիվանդ: Այդ պատճառով էլ չկարողացան դարպասը բացել: Սակայն, ամուսինդ կառողջանա»: Եվ կապն ընդհատվեց: Նա զարմանքով կրկնում էր. «Ալլո, ալլո, ո՞վ է»: Սակայն պատասխան չկար: Անհավանական է, բայց այդ ծերը նույն բառերն ասաց, ինչ բուժքույրն էր ասել, հատկապես, որ հրաշքներ ևս կատարվում են: Նա հիվանդանոց գնաց և գտավ բուժքրոջը: Վերջինս հարցրեց.

- Գնացի՞ր:

- Գնացի, սակայն ոչինչ չտեսա, որովհետև մենաստանը փակ էր և ոչ ոք դարպասը չբացեց: Ես փողոցում աղոթեցի դարպասների մոտ և արտասվելով հեռացա, սակայն ճանապարհին հեռախոսս զանգեց և ինչ-որ ծեր ինձ ասաց, որ ամուսինս կառողջանա:

- Իսկ հեռախոսահամարը պահպանվե՞լ է:

- Այո:

Կինը հեռախոսահամարը ցույց տվեց բուժքրոջը: Պարզվեց, որ դա մենաստանի համարն էր: Իսկ ձայնը, որ նա լսել էր, Պորֆիրիոս ծերի ձայնն էր, որը մահացել էր 1990թ.-ին (իսկ այս պատմությունն ավելի ուշ է տեղի ունեցել): Եվ նա նրան ասաց. «Հրաշքներ ևս կատարվում են»: Եվ իսկապես, այդ կնոջ ամուսինն ապաքինվեց: Նա մետաստազներ ուներ, պիտի մահանար, սակայն հետազոտությունը ցույց տվեց, որ նա առողջ է: Նա այլևս ո՛չ ուռուցք ուներ, ո՛չ մետաստազներ: Բժիշկները չգիտեին ինչ ասել: Մի՞թե ցնցող չէ:

Սակայն, այլ կերպ էլ է լինում: Հայր Պորֆիրիոսի, յուրաքանչյուր ծերի, յուրաքանչյուր սրբի, սուրբ մասունքների մոտ տառապող հարյուրավոր հիվանդներ են գալիս, բայց ոչ բոլորն են բժշկվում: Ամպերում չսավառնենք: Ոմանք ապաքինվել են, բայց շատ այլոք՝ ոչ: Բայց մի՞թե այն, թե ինչպես ես հիվանդությունդ վերապրում, ինչ ես սովորում դրանից, հրաշք չէ: Քաղցկեղով հիվանդ իմ 25-ամյա ծանոթին ասացի. «Ես հավատում եմ և հույս ունեմ, որ քեզ հետ էլ լիակատար ապաքինման և առողջությանդ վերականգնման մեծ հրաշք կկատարվի, սակայն մենք հաճախ հրաշք ենք անվանում միայն հիվանդությունից ազատվելը, մոռանալով մնացած ամեն ինչի մասին: Իսկ մի՞թե այն ուժը, որ ունես, համբերությունը, արիությունը, հավատդ, հույսը, խոնարհությունը, սերը, մի՞թե հրաշք չեն»:

Ես քաղցկեղով հիվանդ չեմ: Այժմ ամեն ինչ կարգին է ինձ մոտ: Այդպես էր մտածում նաև իմ ծանոթներից մեկը, բայց անսպասելիորեն ինչ-որ բան գտան նրա մոտ, մի այնպիսի բան, որի մասին նա նույնիսկ չգիտեր, որ գոյություն ունի: Եվ ամեն ինչ փոխվեց: Այդ պատճառով անհրաժեշտ է բժիշկների այցելել, խոնարհ ու համեստ լինել, իսկ գլխավորը՝ շատ եսասեր չլինել: Պետք է հիշել, որ եթե մենք եսասեր ենք, ապա անպայման մի բան կպատահի ու կկոտրի մեր հիվանդ եսասիրությունը (կամ մեծ ես-ը), և մենք, միևնույն է, ստիպված կլինենք հասկանալ, որ ի վերջո, այս կյանքը մեծ դպրոց է, որտեղ մենք շատ բան ենք սովորում, և հիվանդությունը ամենաուժեղ դասերից մեկն է, որ Աստված թույլ է տալիս ճանաչել:

Այսօր ես փորձեցի լինել նրանց հետ, որոնք հիվանդ են ու միայնակ: Ես քո արցունքներն իմ արցունքներին միացրի, իսկ այժմ արի դրանք Աստծուն տանք և աղոթքի վերածենք: Գիտեմ, որ չես կարող ամբողջ ժամանակ լաց լինել, որովհետև աչքերդ ցամաքել են, չափազանց շատ ես արտասվել: Իմացի՛ր, որ բոլորս ցավ զգում ենք: Դու ֆիզիկական ցավ ես զգում, մեկ ուրիշը սարսափելի մեծ հոգեկան ցավ է ապրում, իսկ մեկ ուրիշը՝ և՛ մեկը, և՛ մյուսը: Դա ընդամենն ապացուցում է, որ բազմատեսակ խնդիրներ գոյություն ունեն, և Աստված յուրաքանչյուր մարդու տարբեր կերպով է դիտարկում, յուրաքանչյուրին իրեն համապատասխան բան է տալիս: Մի կին ինձ ասաց. «Մենք այնքան շատ փող ունեինք, բայց չկարողացանք մեր երեխային բուժել…» Թվում է, կարող ես խելագարվել դրանից՝ կարող ես աշխարհի ամենաթանկ հիվանդանոցները գնալ, աշխարհի ամենալավ բժիշկների մոտ, Ամերիկա, Եվրոպա, ամենուր, և ոչ մի տեղ բժշկում չստանաս: Մի՞թե դա ողբերգություն չէ:

Մաղթում եմ քեզ, որպեսզի կյանքիդ օրերը հանգիստ անցնեն, իսկ եթե ցավ ես զգում, մաղթում եմ, որպեսզի դրա մեջ Քրիստոսին հիշես, Որը քեզ հետ միասին ցավ է ապրել, հիշես Սուրբ Աստվածածնին, սրբերին, հիշես նաև մեզ, որ սիրում ու քեզ հետ վերապրում ենք ապրումներդ: Հնարավոր է պատասխանես. «Հիվանդին խոսքերով ես մխիթարում»: Այո, հենց դա եմ անում, սրանք խոսքեր են, կարող են նաև արցունքներ հայտնվել աչքերում, սակայն, գիտե՞ս արդյոք քանի մարդ է այժմ արտասվում, քանի մարդ է այժմ աղոթում քեզ՝ հիվանդիդ համար: Ես մեծ հույսեր եմ կապում այդ աղոթքների հետ, որքա՜ն սեր կլինի դրանցում: Մի՞թե Աստված ոչինչ չի անի: Հուսով եմ, որ Նա քեզ մխիթարություն, համբույր կտա, ամուր կգրկի, և դու սրտումդ ջերմություն կզգաս, ինչպես նաև հույս ունեմ, որ Նա հրաշք կուղարկի քեզ՝ հանուն նրանց արցունքների, ովքեր մեզ այժմ լսում են, հանուն քո արցունքների:

Աղոթիր ինձ և մեզ բոլորիս համար, որոնք ֆիզիկապես հիվանդ չեն քաղցկեղով, սակայն հիվանդ են մեր եսասիրության քաղցկեղով, որը մեր մեծ խնդիրն է ու մեծ տառապանքը: Շնորհակալ եմ քեզ, որ թույլ տվեցիր ցավիդ մեջ մտնել, խոսել դրա մասին և փոքր-ինչ դիպչել քո հիվանդասենյակին, քո սավաններին, կաթիլայիններին, դեղորայքին… Քո տառապանքներին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ, որ թույլ տվեցիր քո ցավի տարածք մուտք գործել, որը սրբազան է, համբուրել ձեռքդ ու ճակատդ, քո հսկայական ուժից մի փոքր ուժ խնդրել ու ստանալ և քո համբերությունից՝ Քրիստոսի շնորհի օգնությամբ:

 

Ծայրագույն վարդապետ Անդրեյ (Կոնանոս)

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

 

05.12.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․