Ավետիս բոլորիս՝ մահը մեռավ, Կյանքը հարյավ

Սուրբ Զատիկը դա ուղղակի տոն չէ, այլ քրիստոնեության էությունը, քրիստոնյայի հավատքի հիմքը, այն ամենակարևոր ճշմարտությունը, որ առաքյալներից սկսյալ ազդարարվում է առ այսօր: Քրիստոնյայի համար մեր Տիրոջ Հարությունը մշտական ուրախության աղբյուր, չդադարող մի ցնծություն է, որ իր գագաթնակետին է հասնում Հարության տոնին: Ողջ աշխարհում բոլորին ծանոթ այս հրաշալի իրադարձությունը հեղափոխում է նրանց կյանքը, ովքեր ապրում են նրանով:

Հին Զատիկ

Զատիկը հրեական բոլոր տոներից առաջինն է ու գլխավորը: Այս տոնի ծագման պատմությունը հաղորդում է մեզ Հին Կտակարանի Ելից գիրքը: Աստված Մովսեսի ու Ահարոնի միջոցով հրամայում է հրեաներին, որպեսզի յուրաքանչյուր ընտանիք Նիսան ամսվա 10-րդ օրը մի արու, անարատ ու մեկ տարեկան գառ պատրաստի և մորթի 14-րդ օրվա երեկոյան: Սա այն ժամանակն էր, երբ հրեաները Մովսեսի առաջնորդությամբ պատրաստվում էին հեռանալ Եգիպտոսից: Մորթված գառան արյունը պետք է քսվեր յուրաքանչյուր հրեական տան դռան երկու փեղկերին և դռան շրջանակի վերնասեմին, որպեսզի երբ Աստված պատժեր եգիպտացիներին և ոչնչացներ նրանց բոլոր առաջնեկներին, հրեական ընտանիքները խուսափեին այս աղետից: Հրեաներին պատվիրած էր, որ նրանք գառան միսը ուտեին Աստծո ցասման գիշերը, ուտեին խորոված, բաղարջ հացի և դառը խոտերի հետ: Գառը պետք է ճաշակեին փութանակի, ոտքի վրա, ճանապարհ գնալու հանդերձանքով, ցուպը ձեռքներին: Սա նշանակն էր եգիպտական գերությունից ազատագրվելու, որով խորհրդանշվում էր մեղքի և մահվան երկրից դուրս գալը, զատվելը և դեպի Ավետյաց երկիր ճանապարհվելը:

Նոր Զատիկ

Հրեական Զատիկը նախատիպն է քրիստոնեական Զատիկի: Հին Կտակարանի զատկական գառը օրինակն է Հիսուս Քրիստոսի. «Ահա գառն Աստծո, որ վերցնում է աշխարհի մեղքը» (Հովհաննես 1:29): Գառան մորթազերծումը նշանակն է Քրիստոսի չարչարանքների, խաչելության և մահվան: Գառան արյունը, որով օծում էին դռան փեղկերը և վերնամասը, խորհրդանշում է մարդկանց գործած մեղքերը, դրան հաջորդած պատիժը և Աստծո անաչառ դատաստանը: Իսկ Քրիստոսի հեղած արյամբ լուծվեցին մեղքն ու պատիժը, և Աստծո դատաստանը վերածվեց ողորմության: Բաղարջ հացը, որ զերծ է թթխմորից (մեղքից), խորհրդանշում է Քրիստոսին: Դառը խոտերը նշանակ են աշխարհսիրության, որից անմասն պիտի մնալ աստվածասիրությամբ: Գառն անպատճառ պետք է խորովված լիներ կրակի վրա: Կրակը նշանն է Սուրբ Հոգու, որի մաքրագործող հուրը սրբում է բոլոր մեղքերը:

Սկզբնապես Սուրբ Զատիկը նվիրված էր Հիսուսի մահվան հիշատակությանը: Արևելյան եկեղեցիները այն կատարում էին հրեական Զատկի օրը Նիսան ամսվա 14-ին: Որոշ եկեղեցիներ, օրացույցային առումով հետևելով հրեական ավանդությանը, նշում էին ոչ թե Հիսուսի մահը, այլ հիշատակում էին Խորհրդավոր Ընթրիքը, որի ժամանակ Քրիստոս հաստատել էր Հաղորդության խորհուրդը: Երկրորդ դարում Զատկի տոնը, որպես առանձին միավոր իր մեջ ընդգրկեց նաև Հարության հիշատակությունը: 325 թ-ին Նիկիայի Ա տիեզերաժողովը որոշեց, որ Զատիկը պետք է տոնվի հրեականից զատ և անպատճառ գարնան գիշերահավասարից հետո եկող լիալուսնի հաջորդ կիրակի օրը: 4-րդ դարում

Հիսուսի մահվան և Հարության հիշատակումները միավորվեցին մեկ տոնի մեջ, իսկ սկսած 5-րդ դարից՝ Զատկի տոնը վերաբերում էր բացառապես Հիսուս Քրիստոսի Հարությանը: Հայ եկեղեցին որդեգրեց Նիկիայի տիեզերաժողովի որոշումը և Զատիկը կատարում է մարտի 22-ից մինչև ապրիլի 25-ը հանդիպող գարնան գիշերահավասարից հետո եկող լիալուսնի հաջորդ կիրակի օրը:

Ավետարանները Քրիստոսի Հարության մասին

Ինչպես պատմում են առաքյալները, մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, խաչի վրա մահացավ ուրբաթ օրը՝ հրեական Զատկի նախօրեին: Այդ օրը Հովսեփ Արիմաթիացին, որ հարուստ և բարեպաշտ մի անձնավորություն էր, Նիկոդեմոսի հետ վերցրին Քրիստոսի մարմինը և փաթաթեցին կտավներով, զմուռսի և հալվեի հետ միասին, ինչպես հրեաների սովորությունն էր պատանքել: Հիսուսի խաչված տեղում կար մի պարտեզ, և այդ պարտեզում՝ ժայռափոր մի գերեզման, որի մեջ երբեք որևէ մեկը չէր թաղված: Այդ գերեզմանը Հովսեփը փորել էր տվել իր համար, բայց Հիսուսի հանդեպ սիրուց մղված այն զիջեց Նրան: Հովսեփն ու Նիկոդեմոսը Քրիստոսի գաղտնի աշակերտներն էին: Հովսեփը հրեական ատյանի (խորհրդի) անդամներից էր, իսկ Նիկոդեմոսը՝ հրեա իշխանավոր:

Չնայելով տոնին՝ շաբաթ առավոտյան, ավագ քահանաներն ու փարիսեցիները, գնալով Պիղատոսի մոտ, թույլտվություն խնդրեցին՝ վերահսկելու Քրիստոսի գերեզմանը: Ստանալով թույլտվությունը՝ գերեզմանը հսկողության տակ առան, քարը կնքեցին և զինվորներ նշանակեցին որպես պահակ: Այս ամենը անում էին նախազգուշացման համար, քանի որ հիշում էին Քրիստոսի այն խոսքերը, որ Նա հարություն կառնի Իր մահից երեք օր հետո: Եվ այսպես հրեա առաջնորդները առանց կասկածելու իրենց ձեռքով անհերքելի ապացույցներ էին պատրաստում Քրիստոսի Հարության:

Ըստ եկեղեցու ավանդության՝ Հիսուս Իր մահվանից հետո հոգով իջավ դժոխք ու հիմնահատակ ավերեց այն: Ազատագրեց Ադամին ու Եվային, նրանց բոլոր սերունդներին (Ա Պետրոս 3:19):

Իր մահից երեք օր անց՝ կիրակի օրը, վաղ առավոտյան, երբ դեռ մութ էր, և զինվորները հսկում էին կնքված գերեզմանը, Հիսուս Քրիստոս հարություն առավ մեռելներից:

Յուղաբեր կանայք գնացին գերեզման, որպեսզի անուշահոտ յուղերով օծեն Հիսուսին և ասում էին միմյանց. «Քարը գերեզմանի դռնից մեզ համար ո՞վ պիտի գլորի» (Մարկոս 16:3): Բայց վեմը մի կողմ էր ընկած: Գերեզմանի մուտքը բաց էր, գերեզմանը՝ դատարկ… Հիսուսի հրաշափառ Հարությունը կատարված փաստ էր: Ավետարանները չեն նկարագրում Հիսուս Քրիստոսի Հարության տեսանելի կերպը:

Երկու լուսավոր զգեստներով մարդիկ՝ հրեշտակները, յուղաբեր կանանց հաստատեցին եղելությունը. «Ինչո՞ւ ողջին մեռելների մեջ եք փնտրում: Այստեղ չէ, այլ հարյավ» (Ղուկաս 24:5): Կանայք վերադարձան: Հարության Ավետիսը հաղորդվեց առաքյալներին:

Սբ. Զատկի տոնին եկեղեցիներում երգվող զատկական շարականները, գանձերն ու տաղերը լավագույնս նկարագրում են մեր Տեր Հիսուս Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության խորհուրդն ու նշանակությունը:

Քրիստոսի Հարության տոնի մյուս անվան՝ Սբ Զատկի նշանակությամբ մարդկությունը Քրիստոսի շնորհիվ զատվեց, ազատվեց մեղքի գերությունից՝ ստանալով մեծագույն պարգևը՝ հավիտենական կյանքը:

Հարությունը առանցքն ու հիմքը դարձավ քրիստոնեական հավատի ու վարդապետության: Սբ. Պողոս առաքյալը, ով ոչ մի անգամ չէր տեսել Քրիստոսին Իր երկրային կյանքի ընթացքում, այլ տեսավ Նրան Իր հարությունից հետո, նախանշեց մեր հավատքի էությունը. «Եթե Քրիստոս հարություն չի առել, ձեր հավատը ինքնախաբեություն է, ինչը նշանակում է, թե տակավին ձեր մեղքերի մեջ եք: Ուրեմն ի՞նչ. նրանք, ովքեր հավատացին Քրիստոսին ու մեռան, կորա՞ծ են ընդմիշտ: Եթե այդպես է, և եթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել Քրիստոսի վրա, մարդկանց մեջ ամենից խղճալին ենք» (Ա Կորնթացիներ 15:17-19):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

31.03.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․