3 Դեկտեմբեր, Գշ
Պատկերագրական այս տիպը լայն տարածում է գտել 15-16-րդ դարերի կեսերին հունական և իտալական կերպարվեստում: Այն սերում է 11-12-րդ դարերում սկզբնավորված «Խանդաղատանքի» պատկերագրությունից և ունի գաղափարական նույն բովանդությունը: Չարչարանաց Աստվածածնի կերպարի միջոցով արտահայտվում է Քրիստոսի չարչարանքների ու խաչելության և Աստծո կամքին հնազանդության գաղափարը:
Հայ միջնադարյան արվեստում Չարչարանաց Աստվածածնի տիպը ներկայացնող մեզ հայտնի նմուշը 17-րդ դարի անհայտ հայ նկարչի «Սևանի Աստվածամայրը» սրբապատկերն է (ՀԱՊ, Գ-3312), որն իր անունը ստացել է երկար ժամանակ Սևանի վանքում մնալու պատճառով: Այն դասվում է հրաշագործ սրբապատկերների շարքում, քանի որ ցավեր ամոքելու հատկություն է ունեցել: Այդպիսի մի պատմություն է կապվում Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու (1676-1749) հետ: 1692թ-ին 16-ամյա պատանի Մխիթարը Կ.Պոլսից գալիս է Էջմիածին՝ միաբանելու: Սակայն հիվանդանում է ծանր աչքացավով: Նրան ուղարկում են Սևանա լճի կղզին, մաքուր օդի և ջրի պայմաններում ապաքինվելու համար: Սևանա կղզու Ս. Առաքելոց վանքում պատանի Մխիթարը տասը օր շարունակաբար աղոթում է «Աստվածամայրը Մանկան հետ» պատկերի առջև: Ըստ ավանդության, աղոթքի ժամանակ հանկարծ շարժվում են Տիրամոր շուրթերը և Սեբաստացին լսում է իր խնդրանքի պատասխանը՝ «Եղիցի»: Որից հետո հրաշքով վերականգնվում է Սեբաստացու տեսողությունը: Մխիթար Սեբաստացու սևանյան այդ օրերի մասին գրել է Ղ. Ալիշանը:
Հայ իրականության մեջ ընդունված է եղել հրաշագործ սրբապատկերների ընդօրինակումն ու տարածումը: Հայկական պատմագրության մեջ հիշատակվում է Մխիթար Սեբաստացու պատվերով կրկնօրինակած Սևանի Աստվածամոր պատկերի մասին: Տարիներ անց, Ղևոնդ Ալիշանը 1890-1900-ական թթ. մի շարք նամակներ է հղում Էջմիածնի միաբանության անդամներին՝ խնդրելով Սևանա կղզում գտնվող Աստվածամոր պատկերը, որի առջև աղոթել է իրենց միաբանության հիմնադիրը, ընդօրինակել կամ լուսանկարի ձևով ուղարկել իրեն: Ղ. Ալիշանը հույս է ունեցել, որ ընդօրինակությունը կկատարի նկարիչ Վարդգես Սուրենյանցը, ով մի որոշ ժամանակ ապրել էր Վենետիկում և մտերիմ հարաբերությունների մեջ էր Ալիշանի հետ: Սակայն ինչ-ինչ պատճառներով Ղ. Ալիշանի ցանկությունը չի իրականանում:
Հետագայում Խրիմյան Հայրիկ կաթողիկոսի հանձնարարությամբ հայ տաղանդավոր գեղանկարիչ պոլսահայ Ենովք Նազարյանը (1868-1928) ընդօրինակում է «Սևանի Աստվածամայրը» կտավը, որն էլ՝ որպես նվեր, ուղարկվում է Վենետիկ՝ Մխիթարյան միաբանություն: Գեղանկարիչը, հարազատ մնալով կերպարի արտահայտչականությանը, վերարտադրել է անգամ ներկաշերտի թափվածքներն ու մոմից այրված տեղերը: Այդ ամենը կատարվել է 1902-1903թթ. ընթացքում: Այս կտավը մինչ այսօր կախված է Մխիթար Սեբաստացու սենյակում: Հետագայում՝ 1940-1950-ական թթ., Մխիթարյանները այդ կտավից կատարել են ևս մեկ ընդօրինակություն և տեղավորել Սուրբ Ղազար եկեղեցու բեմի ճակատային մասում:
Մեկ այլ ընդօրինակություն կատարվել է 1870 թ-ին հարթաքանդակի տեխնիկայով: Դեղնանարնջագույն քարի վրա կերտված ոչ մեծ չափերով պատկերաքանդակը տեղադրված է Գյումրիի Ս. Նշան եկեղեցու (1859-1864թթ.) հարավային դռան վերնամասում: Ի տարբերություն նախօրինակի՝ այստեղ Աստվածածնի գլուխը մի փոքր բարձրացված է վերև, և նրա աջ ձեռքը հանգչում է կրծքին, իսկ Քրիստոսի չարչարանքի գործիքները խմբված են ձախ անկյունում:
«Սևանի Աստվածամայրը» սրբապատկերն ունի ինքնատիպ և հուզականորեն ներգործուն հորինվածք: Այս կտավում չարչարանաց գաղափարն արտահայտվում է խորհրդանշական ու պատմողական մանրամասների համադրումով: «Սևանի Աստվածամայրը» սկզբունքորեն տարբերվում է պատկերագրության XV-XVI դդ. ընդունված դասական օրինակներից: «Չարչարանաց» տիպի իտալա-հունական դասական օրինակներից մի քանիսի մեջ հրեշտակները խաչափայտը և չարչարանքի գործիքները երկու կողմերից մոտեցնում են Մանուկ Հիսուսին: Այդ պատկերներում Մանուկը երկյուղած ավելի է ձգվում դեպի մայրը. մինչդեռ «Սևանի Աստվածամայրը» նկարում նա հանգիստ է: Եռամասն կառուցվածք ունեցող հորինվածքի կենտրոնում Մանուկ Հիսուս է, ոչ թե մոր գրկում, ինչպես ընդունված է, այլ նրա առջև՝ սեղանին նստած և գլուխը հենած մեծ խաչափայտին, որը գրկել է երկու ձեռքերով: Սպիտակ շապիկի տակից երևում են մերկ ոտնաթաթերը (խոնարհության նշան): Առաջին պլանում՝ Մանկան չորս բոլորը, ապագայում նրան սպասվող մատնության ու չարչարանքի գործիքներն են՝ սև ձեռք, գամեր, աքցան, մուրճ, երկու զառ, փշե պսակ, գեղարդ, քացախով սպունգ և ոտքերի տակ՝ արծաթների կույտ: Սեղանի ետևի կողմում գոտկատեղի հատվածով պատկերված է Աստվածածինը ՝ մի փոքր թեքված դեպի Փրկիչ Որդին՝ որպես հովանավոր և նեցուկ, մայրական սիրով ու քնքշանքով բռնել է Հիսուսին թիկունքի կողմից: Աստվածամայրը գորովագութ հայացքը հառել է անմեղ Մանկանը: Նրա հայացքում Մանկանը սպասվող փորձությունների գիտակցումն է, ինչը խոր վիշտ է դրոշմել դեմքին: Հիսուսի գրկի խաչափայտի հորիզոնական թևերը հենված են նրա կրծքին՝ որպես Գողգոթայի ճանապարհը Որդու հետ անցնելու նշան: Մանկան հանգիստ վիճակը ցույց է տալիս, որ Նա, չնայած չարչարանաց գործիքների ու խաչափայտի առկայությանը, պատրաստ է զոհաբերվելու մարդկանց փրկության համար:
Նկարի գունային զուսպ մակերեսը, թանձր կապույտի, դարչնաշագանակագույնի և սպիտակ արծաթավունի երանգները, դեմքերի հոգեբանական նուրբ բնութագրումների հետ հուզականություն են հաղորդում կերպարին: Խորհրդաբանական մանրամասերը՝ փշե պսակը, աքցանը, մուրճը, մատնության վարձատրությունը՝ արծաթե դրամները, ընդհանուր լուծումներով չեն խաթարում պատկերի վեհաշուք տպավորությունը:
Մեծարժեք այս հրաշագործ կտավի հմայքի անմիջական տպավորությամբ Մխիթար Սեբաստացին տասնյակ գողտրիկ տողեր է նվիրել Աստվածամորը.
Անճառին խորան,
Բանին բնակարան,
Գովեալ Մարիամ
Դու վարդ անթառամ.
Թագուհի երկնային
Ի քեզ պաղատիմ
Լույս տուր իմ ակին:
«Սևանի Աստվածամայրը» սրբապատկերից սկսած, հայ հոգևոր դիմանկարչության մեջ դրսևորվում է որակական առաջընթաց՝ ազդարարելով հայ նոր արվեստի արշալույսը:
Կազմեց Գայանե Սուգիկյանը