3 Դեկտեմբեր, Գշ
Ամեն մի մարդ ունի իր կոչումը: Բարի Աստված մարդուն ազատ է ստեղծել: Աստված ունի իշխանություն, հարգում է մարդու ազատությունը և յուրաքանչյուրին ազատ է թողնում՝ ընթանալու այն ճանապարհով, որը մարդուն հանգստություն է պատճառում: Բոլոր մարդկանց չի դնում նույն հարթության վրա զինվորական կարգ ու կանոնի նման: Դրա համար երիտասարդները թող իրենց անձը ազատ թողնեն աստվածապարգև ազատության հոգևոր ոլորտից ներս: Երիտասարդները չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչ ճանապարհ ընտրեն, եթե քննում են, թե ինչ ճանապարհ է ընտրել կամ կընտրի այսինչ կամ այնինչ մարդը: Այս հարցի շուրջ ոչ ոքից չպետք է ազդվեն:
Ծնողները, հոգևոր հայրերը, դաստիարակները երիտասարդներին պետք է օգնեն՝ ընտրելու համար այն ճանապարհը, որն իրենց հնարավորությունների սահմաններում է և օգնեն՝ հետևելու իրենց իրական կոչմանը, առանց ստիպելու կամ խեղաթյուրելու նրանց կոչումը: Ճանապարհի ընտրության հարցում պետք է կայացնեն իրենց սեփական որոշումը: Ուրիշները միայն կարծիք կարող են հայտնել: Մեր միակ իրավունքը հոգիներին օգնելն է, որպեսզի գտնեն իրենց ճիշտ ուղին:
Երբ զրուցում եմ երիտասարդների հետ, որոնք տվյալ հարցի շուրջ խնդիրներ ունեն, չնայած որ տեսնում եմ, թե նժարը որ կողմն է թեքվում, նրանց ոչինչ չեմ ասում, որպեսզի նրանց վրա ազդեցություն չունենամ: Այն, ինչ փորձում եմ անել, իմ կարողության սահմաններում նրանց օգնելն է, որպեսզի գտնեն ճիշտ ուղին և ներքին խաղաղությունը, որպեսզի դուրս հանեմ գոյություն ունեցող բոլոր վնասակար երևույթները և թողնեմ լավը, մաքուրը, որպեսզի Աստծու ներկայության մեջ և՛ այս կյանքը ուրախ ապրեն և՛ հանդերձյալ կյանքում ավելի ուրախ լինեն: Յուրաքանչյուր երիտասարդ, ինչ ճանապարհ էլ որ ընտրի, անկեղծորեն կուրախանամ և միշտ կունենամ նույն մտահոգությունը նրա հոգու փրկության համար, բավական է միայն, որ Քրիստոսին մոտ լինի՝ Եկեղեցու մեջ: Կընդունեմ նրան որպես իմ եղբայր, քանի որ կլինի մեր մայր Եկեղեցու զավակը:
Բնականաբար, ուրախանում եմ այն երիտասարդների համար, որ ընտրում են վանական կյանքը, որովհետև իսկապես իմաստուն է նա, ով հետևում է այդ հրեշտակային կյանքին, որովհետև խույս է տալիս սատանայի ճանկից, որը որպես խայծ մարդու առջև աշխարհն է դրել: Սակայն բոլոր մարդկանց չես կարող նույն կաղապարի մեջ դնել: Չնայած որ վանականությունը կատարելության ճանապարհն է, սակայն Քրիստոս վանական կյանքը որպես պատվիրան չտվեց, որովհետև չցանկացավ բոլորին պարտադրել այդ ծանր լուծը: Դրա համար երբ երիտասարդը Նրան հարցրեց, թե ինչպես պիտի փրկվի (տես. Մատթ. 19.16. Մարկ. 10.17 և Ղուկ. 18.18), Քրիստոս նրան պատասխանեց ՙպահիր պատվիրանները՚ (տես Մատթ. 19.17. Մարկ. 10.19 և Ղուկ. 18.20): Եվ երբ նա ասաց, որ պահում է (տես. Մատթ. 19.20. Մարկ. 10.20. և Ղուկ. 18.21) և հարցրեց. ՙէլ ի՞նչ բանով պակաս եմ դեռ՚ (տես. Մատթ. 19.20), Քրիստոս նրան ասաց. ՙԵթե կամենում ես կատարյալ լինել, գնա՛ վաճառի՛ր քո ունեցվածքը ու տուր աղքատներին. և երկնքում գանձեր կունենաս. և դու արի իմ հետևից՚ (տես. Մարկ. 10.21, Մատթ. 19.21 և Ղուկ. 18.22): Այսինքն` եթե գտնում էր պատվախնդիր մեկին, նրա հետ խոսում էր կատարելության մասին: Քրիստոս չէր կաշկանդում, չէր սովորեցնում վանական կյանքը, որովհետև գուցե շատերը կդառնային վանականներ, և այդ քայլը վատ ավարտ կունենար մարդկանց համար: Միայն ակնարկեց, և երբ եկավ պատշաճ պահը, առաջացավ վանականությունը:
Հունարենից թարգմանեց՝ Էդգար սրկ. Ծատուրյանը