Գրքեր

Ճաշու Իններորդ ժամ

Ճաշու Իններորդ ժամը կատարվում է «Ի դէմս Որդւոյն Աստուծոյ», որովհետև այդ ժամին նախահայրն արտաքսվեց դրախտից և նույն ժամին Քրիստոս խաչի վրա ավանդեց հոգին Հոր Աստծո ձեռքը ու Ադամին ազատեց դժոխքից: Այս նույն ժամին կատարվեցին օրենքի և մարգարեական Գրքերի բոլոր գրվածքները: Այս ժամին աղոթում և փառավորում ենք Քրիստոսին, որպեսզի մեզ ևս ներս տանի այնտեղ, ուր Ինքը հորդորեց մեզ:

Տնօրինական հիշատակն է Փրկչի մահը և հոգու ավանդելը: Ժամերգությունը կատարվել է կեսօրից հետո՝ ժամը 15-ին, իսկ այժմ մյուս Ճաշու ժամերգությունների հետ միասին կատարվում է Մեծ Պահքին (սկսած առաջին չորեքշաբթի օրվանից մինչև Ծաղկազարդ, բացի շաբաթ օրվանից, ինչպես նաև Մեծ Պահքի կիրակի օրերին Սբ. Պատարագից առաջ), Ավագ շաբաթվա չորս օրերին՝ Ավագ Երկուշաբթի, Երեքշաբթի, Չորեքշաբթի և Հինգշաբթի, Սբ. Ծննդյան և Սբ. Զատկի ճրագալույցներին: Իսկ սովորական և պահոց օրերին կարդացվում են միայն կարճ քարոզներն ու աղոթքները: Այս ժամերգությունը ևս լի է զղջման և ապաշխարության իմաստներով:

Ժամերգությունը սկսում է ժամօրհնողը «Տերունական աղոթք»-ով: Այնուհետև երկու դպիր ատյանում ընթերցում են Սաղմոս 50-րդը, որը ինչպես մյուս Ճաշու ժամերգությունների, այնպես էլ այս ժամի կորիզն է:

Սաղմոսից անմիջապես հետո դպիրները սկսում են երգել «Չարչարակցեալ քեզ տիւ լուսոյ» երեք տնից բաղկացած երգը: Խորագիրն է՝ «Երգ իններորդ ժամուն»:

Երգի հեղինակ Սբ. Ներսես Շնորհալին գեղեցիկ և բանաստեղծորեն ներկայացնում է Փրկչի խաչի վրա հոգին ավանդելու պահը. «Սանդարամետըք սարսեցին, զկապեալ հոգիսն արձակեցին, վէմք ի վիմէդ պատառեցան, ի տապանաց մեռեալք յարեան, տարերք երկրի տատանէին, եւ աշխարհի սիւնք դողային. ռամեալքս առ քեզ պաղատեսցուք, զի ընդ արդարսըն դասեսցուք»:

Երգին հաջորդում է ժամօրհնողի «Յամենայն ժամու» մաղթանքը: Ապա սարկավագը կարդում է «Սուրբ սրտիւ» Մեծի Պահոց քարոզը: Հեղինակը Սբ. Հովհան Մանդակունին է:

Քարոզը մեզ հորդորում է սուրբ սրտով և հաստատուն հավատքով աղոթել, որպեսզի լսելի լինենք Աստծո կողմից: Մշտապես պետք է հիշենք այն մեծ համբերությունը, որ Փրկիչը ցուցաբերեց խաչի վրա և Իր թափած արյունով մեղավորներիս ազատություն շնորհեց: Յուրաքանչյուրս ամեն օր հիշելով այս ամենը կսրբվենք մեր մեղքերից և անմաքուր գործերից:

Քարոզով մեզ հրահանգվում է . «Մի յապաղիցուք խոստովան լինիլ նմա զմեղս մեր եւ խնդրել զթողութիւն մեղաց մերոց. զի մի՛ կորիցիմք անապաշխար զյաւիտենական կորուստն»:

«Սուրբ սրտիւ» քարոզը մեզ հիշեցնում է. «Այլ մինչդեռ ժամանակս ի ձեռս է, գործեսցուք զբարիս ի կեանս յայսոսիկ»:

Քարոզին հաջորդում է Սբ. Հովհան Մանդակունու հեղինակած երկու մասից բաղկացած «Տէր զօրութեանց» աղոթքը:

Աղոթքի առաջին մասում հիշում ենք, թե ինչպես մեր Տերը Խաչի վրա թափված Իր արյամբ շնորհեց մեզ ազատություն: Ապա խնդրվում է օգնել մեզ, որպեսզի կարողանանք ճշմարիտ հավատքով և առաքինասեր կյանքով ապրելով արժանանալ հավիտենական և երկնային կյանքին:

Աղոթքը ընդմիջվում է «Խաղաղութիւն ամենեցուն»-ով:

Աղոթքի 2-րդ մասում («Բազումողորմ Աստուած») խնդրում ենք Տիրոջը, որ մեզ հաստատի աստվածային խաղաղության մեջ: Աստծո ցանկությունն է, որ յուրաքանչյուրս մնանք միմյանց հանդեպ խաղաղության և հոգևոր սիրո մեջ:

Երկու դպիր ատյանում կարդում են 3 տուն սաղմոս: Ապա սկսում են երգել «Նահապետին Աբրահամու» երգը: Հեղինակը Սբ. Ներսես Շնորհալին է: Առաջին տառերի միացությունից ստացվում է «Ներսես»: Երգով Սբ. Ներսես Շնորհալին խնդրում է Աբրահամ նահապետի բարեխոսությունը՝ անվանելով նրան Աստվածատես:

Երգին հաջորդած «Աղաչեսցուք զկենսատու Փրկիչն մեր Քրիստոս» քարոզով սարկավագը հրահանգում է պաղատել Ամենակալ Աստծուն ամբողջ սրտով:

Քարոզին հաջորդում է «Անկեալ առաջի քոյ» աղոթքը: Աղոթքով ամբողջ սրտով խնդրում ենք բարերար և բազումողորմ Աստծո գթությունը՝ ասելով. «Որպէս խոստացար ծառայից քոց եւ ասացեր, զամենայն զոր ինչ խնդրիցէք հաւատով յանուն Որդւոյ ի Հօրէ` տացի ձեզ»:

Հավատալով Փրկչական խոստմանը՝ խնդրում ենք մեր բարի խնդրվածքների կատարումը, որպեսզի Նրա առաջնորդությամբ կարողանանք հասնել երկնային թագավորությանը:

Աղոթքին հաջորդում են «Յիշեա, Տէր» քարոզը և «Բարերար եւ բազումողորմ» աղոթքը:

Իններորդ ժամու փոխը կազմված է իրար հաջորդող երեք կարճ սաղմոսներից՝ «Սիրեցի զի լուիցէ Տէր …» (Սաղմոս 114:1-9), «Հաւատացի զոր եւ խօսեցայ …» (Սաղմոս 115:10-19), «Օրհնեցէք զՏէր, ամենայն ազինք …» (Սաղմոս 116:1-2):

Ժամագրքում սաղմոսից հետո հասարակ և Հարության կիրակի օրերին Ճաշու ժամերի համար դրված են Հանգստյան շարականներ «Տէրունի եւ մարտիրոսաց»՝ ըստ ութ ձայների: Որից հետո «Հոգւոցն հանգուցելոց» մաղթանքով և «Վասն հանգուցեալ» քարոզով հրահանգվում է հանգուցյալ հոգիների համար, որոնք հավատով ի Քրիստոս ննջեցին, որպեսզի Աստված արժանացնի լուսեղեն խորաններին և մեզ էլ ապրեցնի իր ողորմությունով:

Քարոզին հաջորդում է «Քրիստոս որդի Աստուծոյ» աղոթքը: Աղոթքով կրկին անգամ հիշում ենք Աստծո անոխակալությունը, որ ցույց տվեց մարդկային ազգի նկատմամբ որպես մարդասեր Տեր: Խնդրում ենք բարերար Աստծուն գթալ մեր ննջեցյալներին, որոնք հավատալով Իր անվանը մահացան: Խնդրում ենք ներել հանգուցյալ հոգիներին, արժանացնելով նրանց մեղքերի քավության և թողության, որպես «Դատաւոր կենդանեաց եւ մեռելոց»: Ննջեցյալների համար աղոթելը երախտագիտական մի պարտականություն է: Մենք աղոթում ենք հատկապես նրանց ներելի անգիտության ակամա գործաց մեղքերի համար և ոչ թե գիտակցաբար ու մահացու մեղքերի:

«Քրիստոս Որդի» աղոթքին հաջորդում է «Հայր մեր»-ը:

Մեծ Պահքին, քանի որ Հանգստյան շարական չի երգվում, «Սիրեցի» սաղմոսից հետո ասվում է Արարչականը: Իսկ կիրակի օրերին ճաշու ժամերգությունից անմիջապես հետո ժամօրհնողը արտասանում է «Զսաղմոսերգութիւնս եւ զաղաչանս» մաղթանքը, որին հաջորդում է Սբ. Պատարագի «Օրհնեալ թագաւորութիւնն Հօր»-ը և սկսվում է Սբ. Պատարագը: Մինչ այս մասը, վարագույրի հետևում պատարագիչը զգեստավորվում է և կատարում Սբ. Պատարագի սկզբնական մասը մինչև «Օրհնեալ թագաւորութիւնն Հօր»-ը:

Ժամագրքում «Զսաղմոսերգութիւնս եւ զաղաչանս» մաղթանքից հետո կարդում ենք. «Եւ ասի ժամամուտ ըստ կարգի աւուրց պահոց եւ տօնից Տերունականաց, և ամենայն սրբոց»: Տարվա բոլոր օրերի, տոների համապատասխան Ժամագրքում կան ժամամուտներ: Ժամամուտ նշանակում է ժամերգության մուտք: Ապա հաջորդում են ճաշու փոխերը, և երգվում է ճաշու շարական՝ ըստ օրվա կարգի՝ պահոց, տերունի կամ սրբոց: Կարդացվում են սուրբգրային ընթերցումներ, երգվում են ճաշու «ալէլուիա»-ներ, «մեսեդիք»-ներ: Վերջում ընթերցվում է օրվա համապատասխան Ավետարանը, երգվում է «Հավատամք»-ը, ու «Եւ եւս հաւատով» քարոզով, «Տէր մեր եւ Փրկիչ» աղոթքով ավարտվում է ժամերգությունը:

 

Օգտագործված գրականության ցանկ՝

1. «Ժամագիրք Հայաստանեայց Սուրբ եկեղեցւոյ», Անթիլիաս, 1986թ.

2. Հայ եկեղեցու ժամերգությունները, Աշխատասիրությամբ Հրայր սրկ. Խաչատրյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1999թ.

3. Անդրանիկ ծ.վրդ. Կռանեան, «Հայ ծիսական պաշտամունքը», Պեյրութ, 2001թ.

4. Խ. Հ. Պալյան, «Ժամակարգությունք Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցու», Երևան, 2005թ.

5. Մեկնություն ժամակարգության, Աշխատասիրությամբ Արամ Դիլանյանի, Սբ. Էջմիածին, 1997թ.

6. Կարգ աստուածպաշտութեան Հայաստանյայց Ս. Եկեղեցւոյ (դասագիրք թեմական և ծխական հոգևոր դպրոցների համար), Կազմեց Գիւտ աւագ քահանայ Աղանեանցը, Թիֆլիս, 1902թ.

7. «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002թ.:

 

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

13.03.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․