4 Նոյեմբեր, Բշ
Մի ֆրանսուհի աղջիկ արագ իջնում է ավտոբուսից և շտապում դեպի Սբ. Աստվածամոր տաճարը և աղոթում.
- Տե՛ր իմ Աստված, գոհություն եմ հայտնում քեզ և ուրախություն ապրում, որ այսօր կարողացա ավտոբուսի տոմս գնել մի աղքատ պապիկի համար: Նայում եմ շուրջս ու տեսնում, թե ինչքան ունևոր մարդիկ կան, բայց չեն օգնում խեղճ ու չքավոր մարդկանց: Երանի հնարավորություն ընձեռեիր ինձ ունենալ կարողություն և հարստություն` ստեղծելու մի հիմնադրամ և առատաձեռն օգենելու աղքատներին ու տնանկներին: Երանի թե կարողանայի բարեգործությամբ զբաղվել` անունդ փառավորելով ամբողջ աշխարհում:
Տիրոջ հրեշտակը գալիս է և ասում.
- Հիսուս լսեց աղոթքդ և մեկ ժամ անց կունենաս այդ մեծ հարստությունը և կարողությունն օգնելու համար մարդկանց:
Աղջիկը փոքր-ինչ զարմանում է, որ այդքան արագ ինքը հարստանալու է բարեգործություն անելու համար, սակայն մտածելով, որ Աստծո համար անհնար ոչինչ չկա, մեծ ուրախությամբ հեռանում է:
Անցնում է մեկ ժամ, բայց որևէ բան չի փոխվում, անցնում է երկու ժամ, երեք, չորս և այդպես մեկ օր, սակայն աղջիկը ոչ հարստություն է տեսնում, ոչ էլ կարողություն: Եվ հաջորդ օրը կրկին փութալով գնում է եկեղեցի և նեղսրտած աղոթում, թե ինչու ինքը չհարստացավ` Աստծո անունը փառավորելու համար:
Տիրոջ հրեշտակը գալիս է և ձեռքով իր աջ կողմում մի տեսիլային պատկեր ցույց տալիս ու ասում.
- Մի՛ վհատվիր և տխրիր, ահա տեսնում ես այս պատկերում երևում է, որ Աֆրիկայում ինչքան սովամահ ու տանջամահ տնանկներ ու չքավորներ կան` երեխաներ, մայրեր, ծերեր, երիտասարդներ: Եվ Աստված քեզ տվեց այդ մեծ հարստությունը, սակայն տեսնելով քո սրտի առատաձեռնությունը և բարեգործությունը, ժամանակ չկորցնելու համար այդ մեծ կարողությունը միանգամից Աֆրիկա ուղարկեց, որտեղ այժմ շատ մարդիկ դրա համար փառավորում են Տիրոջ անունը և գոհություն հայտնում: Արդ, այն ինչ ունես այժմ, բավարար է քեզ համար, շարունակիր ավտոբուսով երթևեկել և Աստծո անունը փառավորել: Եթե նպատակդ Տիրոջ անունը փառավորելն է և ոչ թե բարեգործությամբ քո անձի երևալը, ապա ուրախ եղիր և գոհություն հայտնիր, քանի որ Աստված լսեց աղոթքդ և իրագործեց այն:
Անակնկալի եկած աղջիկը պատասխանում է.
- Բայց ես..., ես ուզում էի, որ ես...
Ապա լռելյայն հեռանում դեպի ավտոբուսը...
Հովհաննես Մանուկյան