11 Մարտ, Գշ, Մեծ պահքի Թ օր
- Հա՛յր, որևէ բան մաղթեք ինձ:
- Մաղթում եմ, որ դու «հոգևոր առումով դիմակավորված» դառնաս, Աստծու խենթ սուրբ Իսիդորայի(1) նման, որպեսզի «բարի երկերեսանիության» հասնես: Տե՛ս, դժբախտ աշխարհիկ մարդիկ իրենց աշխարհիկ երկերեսանիությունն են տոնում և իրենց ներքին վիճակի համապատասխան հագնվում: Հնում միայն տարին մեկ անգամ էին դիմակավորված հագնվում՝ Բարեկենդանին, իսկ այժմ ամեն օր տեսնում ես… Յուրաքանչյուրն այնպես է հագնվում, ինչպես խելքին փչում է: Մարդիկ վերջնականապես տարօրինակ են դարձել: Խելագարվել են: Զուսպ ու համեստ քիչ մարդ է մնացել՝ լինի տղամարդ, կին կամ երեխա: Հատկապես կանայք, նրանք արդեն սահմանագծին են հասել: Այսօր քաղաք գնալիս մի այդպիսի կնոջ տեսա, որը լայն ժապավենով էր փաթաթված, կարծես բինտով փաթաթված լիներ, ինչ-որ աներևեկայելի բարձր երկարաճիտք կոշիկներ էր հագել ու կարճ կիսաշրջազգեստ: «Այդպես նորաձև է»,- բացատրեցին ինձ: Այլ կանայք ա՜յ այսքան բարակ կրունկներով են շրջում: Հենց մի անհարթ վայրով քայլեն՝ հաստատ կհայտնվեն վիրաբույժ-օրթոպեդի մոտ: Իսկ սանրվածքների մասին ավելի լավ է ընդհանրապես լռել… Մի «գեղեցկուհու» էլ տեսա, Աստված ինձ ների, այդ ի՜նչ մարդ էր: Մի տեսակ վայրենի դեմքով, ատամների արանքում՝ ծխախոտ՝ «փըխ-փըխ»… Աչքերը՝ կարմիր: Ասում են մարդիկ հիմա, որպես կանոն, տանը չեն ծխում, երբ փոքր երեխաներ կան: Իսկ խեղճ երեխաներն արդեն ծովատառեխի պես ծխեցրած են ծնվում: Սուրճն էլ է վնասում, դրանից հետո չգիտեմ ում պես են ծամածռվում: Հեռացել է Աստծո շնորհը, վերջնականապես լքել է մարդկանց:
Հիշում եմ Սինայում եղած ժամանակներս այնպես հագնված մարդիկ էին գալիս, որ նույնիսկ բառեր չէին ճարվում: Ի՜նչ ցավալի էր նայել մենաստան եկող զբոսաշրջիկ կանանց: Ի՜նչ անճոռնի կերպարանք ունեին: Նույնն է, թե սքանչելի բյուզանդական սրբապատկերները աղբանոց նետված տեսնես, միայն այն տարբերությամբ, որ մարդիկ՝ Աստծո սրբապատկերները, իրենք են իրենց աղբանոց նետել: Մի անգամ մի կնոջ տեսա, որը փիլոնի(2) պես մի բան էր հագել և ասացի. «Դե, փա՜ռք Աստծո, գոնե ինչ-որ մեկն է համեմատաբար պատշաճ հագնվել: Ոչինչ, թեկուզ փիլոն հագած լինի, թեկուզ՝ միլոն, բայց գոնե տարբերվում է մյուսներից»: Բայց ահա «փիլոնով տիկինը» դեպի ինձ է շրջվում դեմքով… Եվ ի՜նչ եմ տեսնում: Դիմացի մասն ամբողջովին բաց էր:
Ո՜ւր են գլորվել մարդիկ: Մի հարսի լուսանկար էին ինձ ուղարկել աղոթքի խնդրանքով, որպեսզի նրա ամուսնությունը երջանիկ լիներ: Նրա հարսանեկան զգեստը պարկեշտության ոչ մի շրջանակի մեջ չէր տեղավորվում: Այդպես հագնված լինելը նշանակում է սրբապղծորեն վերաբերվել Եկեղեցու սուրբ տարածությանը, Խորհրդին: Հոգևոր մարդիկ նույնիսկ չեն մտածում, էլ ի՞նչ սպասես ուրիշներից: Այդ պատճառով էլ ասում եմ, որ եթե մենաստաններն էլ զսպող ուժ չդառնան, ապա ոչ մի այլ արգելակ չի գտնվի: Մարդիկ այսօր սանձարձակ են, արգելակներ չունեն:
Հնում, երբ հանուն Քրիստոսի խենթեր կային, աշխարհում շատ քիչ խելագար կար: Արդ, միգուցե արժե՞ Քրիստոսի խենթերին խնդրել բժշկել բնածին խենթերին և կրկին աշխարհ գալ որպես Քրիստոսի խենթեր: Ախր ի՜նչ ասես՝ այսօր ամենաաներևակայելի բաներն ես լսում ու տեսնում: Մի մարդ պատմեց ինձ, որ այժմյան պճնասեր պորտաբույծները իրենց հագուստի տարբեր մասերը հատուկ մաշեցնում են, գզգզում, հետո կտրատում են և հաստ ասեղով կարկատում: Ես նույնիսկ խաչակնքվեցի, երբ լսեցի այդ մասին: Դե լավ, աշխատավորի համար բնական է այդպես հագնվելը: Բայց պորտաբույծի՜… Իսկ հետո այդ մարդը էլի բան պատմեց: «Քեզ ավելի ուժեղ բան պատմեմ, հա՛յր,- ասում է,- Կինս Համաձայնության հրապարակում(3) մեր ընտանիքի ընկերներից մեկի որդուն է հանդիպում մի օր: Տեսնում է, որ տղայի տաբատը պատռված է այն մասում, որտեղից ոտքերն են աճում: «Բալի՛կ ջան,- ասում է կինս,- գոնե ձեռքով հետևամասդ ծածկիր…»: «Ինձ հանգիստ թող,- պատասխանում է պատանի պորտաբույծը,- հիմա նորաձև է այդպես»»: Դժբախտ երեխաներ…
- Հա՛յր, ոմանք սրբերի նկարներով բլուզներ ու շապիկներ են հագնում: Իսկ դա կարելի՞ է:
- Եթե սրբերը բլուզների ու բաճկոնների վրա են պատկերված, ապա ոչինչ, սարսափելի չէ: Ավելի լավ է իրենց վրա սրբերի պատկերները կրեն, քան՝ սատանայի: Բայց տաբատի վրա վայել չէ սրբերին պատկերել: Դա անպատկառություն է: Այնպիսի ակնածալից մարդիկ կան, որ սիրում են հագուստը քրիստոնեական տարբեր պատկերներով զարդարել: Օրինակ, երբ Դիմիտրիոս Պատրիարքը Ամերիկայում էր, այնտեղ Պատրիարքի և Կոստանդնուպոլսի Սբ. Սոֆիայի տաճարի պատկերներով բլուզներ և սպորտային շապիկներ էին արտադրել:
- Նրանք դա ակնածանքի՞ց էին արել:
- Դե հո հրեաները չէին արել, այլ քրիստոնյաները: Չէ՞ որ կան մարդիկ, որ լավ բան են անում, այնպես, ինչպես խաբեբաների կողքին լավ բժիշներ էլ են կան:
- Հա՛յր, հագուստի մեջ սանձարձակությունը արտասահմանի ազդեցությունի՞ց է առաջ գալիս:
- Բա էլ որտեղի՞ց: Այդ պատճառով էլ իմ պատանեկության տարիներին ասում էին. «Դե, այս մարդիկ Սմիրնայից են…»: Սմիրնան ծովափնյա քաղաք էր, և բազմաթիվ զբոսաշրջիկներ էին այնտեղ գնում: Սուրբ Արսենը շատ խիստ էր հագուստի հարցում: Ֆարասից մի աղջիկ ամուսնացավ և Սմիրնայից բերված գույնզգույն գլխաշոր էր կապում: Սուրբ Արսենը բազմիցս նկատողություն էր արել նրան, ասել էր, որ դեն նետի այդ գլխաշորը և մյուս կանանց պես համեստ հագնվի: Երիտասարդ պչրուհին նրան չէր լսում: Մի անգամ Սուրբ Արսենը նրան կրկին խայտաբղետ գլխաշորով տեսավ և խստորեն ասաց. «Ինձ Ֆարասում արևմտյան թարախոտ վերքեր պետք չեն: Իմացի՛ր, որ եթե խելքի չգաս, ապա քեզնից ծնված երեխաներն իրենց մկրտությունից հետո կմահանան: Նրանք հրեշտակների պես Աստծո մոտ կգնան, բայց դու նրանցից ոչ մեկի համար չես ուրախանա»: Բայց նա դրանից հետո էլ խելքի չեկավ, և նրա երկու նորածինները մահացան: Եվ միայն դրանից հետո խելքի եկավ, դեն նետեց իր գույնզգույն գլխաշորը, գնաց Սուրբ Արսենի մոտ և ներողություն խնդրեց:
- Հա՛յր, իսկ հոգևոր կյանքում մուգ գույնի հագուստը օգնո՞ւմ է նրան, ով ցանկանում է վանական դառնալ:
- Այո՛, մուգ գույնի հագուստը շատ է օգնում: Այն օգնում է աշխարհից փախչել, իսկ վառ գույնի, ծաղկավոր հագուստով մարդը կառչում է աշխարհից: Եթե նա, ով պատրաստվում է վանական դառնալ, ասում է. «Երբ գնամ մենաստան, այն ժամանակ էլ սև կհագնեմ, և վանական կարգը կկատարեմ», ապա նա այնտեղ էլ՝ մենաստանում, իր կյանքը… սև կդարձնի: Իսկ եթե աշխարհում գտնվելով, մարդը ուրախությամբ է անում այն, ինչ վանականները պետք է անեն, և անհամբերությամբ է դրան սպասում, ապա աշխարհում էլ է հոգևոր առումով ուրախանում և հետո, վանական կյանքում, երկուական, երեքական աստիճան թռչկոտելով՝ վեր կբարձրանա:
- Հա՛յր, Եկեղեցի հաճախող և համեստ հագնվող երեխաները հաճախ ուժեղ հարձակումների են ենթարկվում մեծահասակների կողմից:
- Հավատքով և ի սրտե այդպես անելով, նրանք մեծահասակներին էլ են իրենց տեղը դնում: Ես մի աղջկա էի ճանաչում, որը երկարաթև սև զգեստ էր հագնում: Ինչպիսի՜ երկյուղածություն ուներ նա: Մի անգամ մի սաստիկ «նորաձև» պառավ սկսեց հանդիմանել նրան. «Չե՞ս ամաչում, երիտասարդ աղջիկ ես ու երկարաթև սև զգեստ ես հագնում»: «Եթե դուք՝ տարեցներդ, մեզ նման օրինակ չեք տալիս,- պատասխանեց աղջիկը,- ապա գոնե մենք՝ երիտասարդներս սև կհագնենք»: Այդպես նա ծեր պչրուհուն տեղը դրեց:
Նայի՛ր՝ որևէ կին թաղում է իր ամուսնուն և միանգամից վառ հագուստ հագնում: Ի՞նչ ասես նման պարագայում: Իսկ իմ քույրը քսաներեք տարեկում այրիացավ, և մինչև կյանքի վերջը չհանեց սև զգեստը: Ինձ համար ոչ թե այն աչք ծակող հագուստով թշվառներն են երանելի, որ մեղավոր՝ «վառ» կյանք են վարում, այլ այն այրիները, ովքեր այս կյանքում թեկուզ և ոչ իրենց կամքով սև զգեստ հագած, ճերմակ ու լուսավոր կյանքով են ապրում և առանց տրտնջալու փառաբանում են Աստծուն:
1) Երանելի Իսիդորան ճգնում էր Սրբազան Պախոմի Մեծի կողմից չորրորդ դարում Վերին Փիբայիդում Նեղոս գետի ափին հիմնված կանանց մենաստանում: Հանուն Քրիստոսի խենթի սխրանքը կրելով, երանելին խելագար ու դիվահար էր ձևանում, խոնարհեցնում էր իրեն և ստորացնում: Վանական կնգուղի փոխարեն գլուխը քրջերով էր ծածկում, ոտաբոբիկ շրջում և առանց տրտունջի, խոնարհաբար մարդկանցից ընդունում էր անարգանքն ու ծեծը: Երանելու սրբությունը հրեշտակային տեսիլքով բացվեց ճգնավոր աբբա Պիտիրիմին, որն էլ, իր հերթին, դրա մասին պատմեց մենաստանի քույրերին: Դրանից հետո, ցանկանալով խուսափել մարդկային փառքից, երանելին թաքուն հեռացավ մենաստանից և մինչ կյանքի վերջը ճգնեց անհայտության մեջ: Երանելի Իսիդորայի հիշատակության օրը մայիսի 10-ին է (Հույն Եկեղեցու օրացույց):
2) Փիլոն՝ հոգևորականի հագուստ:
3) Աթենքի գլխավոր հրապարակներից մեկը:
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի