Հղիություն և կրծքով կերակրում

Երեխայի դաստիարակությունը սկսվում է հղիությունից: Եթե, իր կրծքի տակ երեխա կրող, մայրը հուզվում է և վշտանում՝ ապա նրա որովայնում գտնվող պտուղը նույնպես անհանգստանում է: Իսկ եթե մայրն աղոթում է և ապրում հոգևոր կյանքով՝ ապա մանուկը նրա որովայնում օրհնվում է: Այդ պատճառով էլ հղի կինը պետք է Հիսուսի աղոթքը և Ավետարան կարդա, եկեղեցական շարականներ երգի, հոգեպես չանհանգստանա: Բայց և նրա հարազատներն էլ պետք է ուշադիր լինեն, որպեսզի չվշտացնեն նրան: Այդ դեպքում, ծնված երեխան օրհնված կլինի և ծնողները նրա հետ կապված դժվարություններ չեն ունենա՝ ո՛չ նրա մանկական հասակում և ո՛չ էլ՝ երբ մեծանա:

Այնուհետև, երբ երեխան ծնվի, մայրը նրան պետք է կրծքով կերակրի և որքան երկար՝ այնքան լավ: Մայրական կաթը երեխաներին առողջություն է պարգևում: Կրծքով կերակրվելով՝ նորածինները ոչ միայն կաթով են սնվում, այլև՝ սիրով, քնքշությամբ, սփոփանքով, անվտանգությամբ և այդպիսով՝ ուժեղ բնավորությամբ մարդիկ են դառնում: Այս ամենից զատ, կրծքով կերակրելը նաև մորն է օգնում: Եթե մայրերն իրենց երեխաներին կրծքով չեն կերակրում, ապա կանացի օրգանիզմում անոմալիաներ են առաջանում, դրանք կարող են քաղցկեղի հանգեցնել և կրծքի հեռացման պատճառ դառնալ:

Հին ժամանակներում, եթե մայրը կաթ ուներ, ապա կարող էր կրծքով կերակրել թե՛ իր և թե՛ հարևանի փոքրիկին: Իսկ հիմա շատ մայրեր դժվարանում են նույնիսկ սեփական երեխաներին կրծքով կերակրել: Մայրը, որ ծուլանում է և երեխային կրծքով չի կերակրում, ծուլության և պարապության «մանրէները» փոխանցում է նրան: Առաջներում, խտացրած կաթի տուփերի վրա մայր էր պատկերված՝ երեխան գրկին, իսկ հիմա այդ տուփերի վրա «մայր» են նկարում՝ ձեռքին ծաղիկներ: Մայրերը երեխաներին կրծքով չեն կերակրում, այդ պատճառով էլ երեխաները մեծանում են առանց սփոփանքի: Ո՞վ նրանց սեր և քնքշանք կտա: Կովի կաթով շի՞շը: Մանկիկները, «սառցե», ապակե շշի վրա հագցված ռետինե ծծակ են ուտում և նրանց սիրտը նույնպես սառցակալում է: Այնուհետև, մեծանալով, նրանք նորից սփոփանք են փնտրում շշի մեջ՝ գինետներում: Իրենց հոգեկան տագնապը մոռանալու համար՝ նրանք սկսում են խմել և հարբեցող են դառնում: Եթե երեխաներն իրենք քնքշանք չստանան, ապա չեն էլ ունենա, որպեսզի հետագայում իրենց երեխաներին փոխանցեն: Այդպես մեկը մյուսի հետևանքն է դառնում: Իսկ հետո գալիս են մայրերն ու սկսում խնդրել. «Հա՛յր, աղոթիր: Ես կորցնում եմ իմ զավակին»:

 

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

 

22.02.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․