25 Նոյեմբեր, Բշ
Մի կոշկակար բարձրաբերձ ժայռից նայում է ալեկոծ ծովի ալիքներին ու մեծ բաղձանքով ասում.
- Տեսնես Աստված ինձ էլ շատ դրամ կտա, որպեսզի այլևս հին կոշիկներ չկարկատեմ ապրուստ վաստակելու համար:
Եթե իմ այս խնդրանքն իրագործի, խոստանում եմ կկատարեմ այն ամենը, ինչ Աստված կամենա:
Որոշ ժամանակ անց մի մեծ պարկ շալակած Հիսուս մոտենում է նրան և ասում.
- Ահա բերել եմ այն, ինչ խնդրել ես:
Պարկը դնում է գետնին, և կոշկակարը տեսնում է պարկով լի փայլփլուն ոսկեդրամներն ու անչափ ուրախանում և երախտագիտությամբ ասում.
- Տե՛ր իմ, պատրաստ եմ կատարելու քո կամքը, դու միայն ասա, և ես իսկույն կիրագործեմ այն:
Հիսուս պատասխանում է.
- Քեզ մի փոքրիկ խնդրանք ունեմ...
Կոշկակարը ժպտալով ասում է.
- Միայն այդքա՞նը: Պատրաստ եմ անձնվիրաբար ավելի մեծ պատգամ կատարել:
Հիսուս կրկին ասում է.
- Մի փոքրիկ խնդրանք ունեմ: Վերցրու այս պարկով լի դրամներն ու այս ժայռից նետիր դեպի ծովը:
Կոշկակարն անակնկալի է գալիս, տխրում, սկզբում պատասխան չի գտնում ասելու, այնուհետև վարանելով և շվարած ասում.
- Բայց ինչպե՞ս... ամբո՞ղջը...
Հիսուսը պատասխանում է.
- Ինչո՞ւ ես տխրում: Դու ավելի շատ ուրախացար, որ վերջապես այս ոսկեդրամները ստացար, այլ ոչ թե նրա համար, որ ինձ տեսար: Իսկ այժմ տխրում ես, որ դրանցից պիտի բաժանվես, բայց չէ՞ որ ես քո կողքին եմ` Տերն ամենայնի` երկնքի ու երկրի...
Աստված կամենում է, որպեսզի մենք կախվածության մեջ չլինենք երկրավոր արժեքներից, այլ ազատ լինենք` ունենալով Իր ներկայությունն ու խոսքը մեր սրտերում:
Հովհաննես Մանուկյան