12 Հոկտեմբեր, Շբ
Ավետվեց բարի լուրը ի լուր աշխարհի: Բարի լուրին արժանանալու երջանկությունը ունեցավ Նազարեթ քաղաքից խոնարհ մի աղջիկ Մարիամ անունով, ով նշանված էր Հովսեփ անունով մի բարեպաշտ մարդու հետ: Բազում կույսերի մեջ նա ընտրվեց որպես Աստվածամայր: Նա իր ազատ կամքով խոնարհվեց Աստծո կամքի առջև:
Մեծ հավատքով, մաքուր սրտով և խոնարհությամբ Սուրբ Կույսն ամբողջովին վստահեց Աստծուն և ընդունեց բարի լուրը Գաբրիել հրեշտակապետի կողմից. «Ուրախացի՛ր, շնորհալի՛ կույս, որովհետև Աստված քեզ հետ է: Ահա դու կհղիանաս և կծնես մի որդի, ու Նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի: Տեր Աստված Նրան կտա Իր Հոր՝ Դավթի գահը, Նա հավիտյան կթագավորի Հակոբի սերունդների վրա: Նրա թագավորությունը վախճան չի ունենա»: Ըստ ավանդության՝ այդ պահին Մարիամը ընթերցում էր Սուրբ Գրվածքներում տեղ գտած Եսայի մարգարեության այն հատվածը, ուր հիշատակվում է կույսից ծնվելիք մարդկության Փրկչի մասին. «Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրա անունը պիտի լինի Էմմանուէլ» (Եսայի 7:14):
Ավետարանիչն ասում է, որ հրեշտակի խոսքից Մարիամը խռովվում է և տարակուսելով, թե ի՞նչ է նշանակում այս ողջույնը, հարցնում է. «Ինչպե՞ս կարող է պատահել դա, քանի որ ես ամուսնացած չեմ»: Ի պատասխան հրեշտակն ասում է. «Սուրբ Հոգին վրադ կգա, և Բարձրյալի զորությունը կհանգչի քեզ վրա, որովհետև քեզնից ծնվելիք զավակը սուրբ է և Աստծո Որդի պիտի կոչվի»: Ապա հնչում է Սբ. Կույսի խոնարհ պատասխանը. «Ես Աստծո աղախինն եմ, թող քո ասածը լինի»:
Հիսուսի հրաշափառ ծննդյան ավետման մասին պատմվում է Ղուկասի ավետարանում (Ղուկաս 1:26-38):
Այսպես, ի պատիվ այդ ուրախ և բարի ավետիսի, որ Գաբրիել հրեշտակապետի միջոցով տրվեց Կույսին ու նաև ողջ մարդկությանը, այս տոնը կոչվեց Ավետում: Անշարժ այս տոնը, որ Աստվածամորը նվիրված յոթ տոներից մեկն է, Հայ եկեղեցին նշում է ամեն տարի ապրիլի 7-ին: Այս տոնը Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Եվ բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագ է մատուցվում և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում: Ապրիլի 7-ը նաև պետական տոն է՝ մայրության և գեղեցկության օր։
Աստվածամոր ընդունած որոշումը խոսում է նրա քաջության մասին, ով անվարանորեն ընդունեց իր որոշման ողջ պատասխանատվությունը:
Մարդու անկումից հետո աշխարհն առաջին անգամ արժանացավ Աստծո կողմից փրկաբեր ավետիսի: Այս ավետման մեջ արտահայտված է ընկած մարդու հանդեպ ունեցած Աստծո բարձրագույն սերը: Քրիստոսի ծննդյամբ լուծվեց, ջնջվեց Ադամական մեղքը, իսկ Տիրամոր անապական հղացմամբ՝ Եվայի: Մանրանկարներում Սուրբ Մարիամին հրեշտակի կողմից տրված բրաբիոն ծաղիկը խորհրդանշում է, որ շնորհիվ այս ծնունդի, մարդկության առջև վերստին բացվեց դրախտի փակյալ դուռը, իսկ Սուրբ Կույսի ձեռքի շուշանն էլ նշանակն է Տիրամոր կուսության:
Ինչպես Ավետմանը նվիրված շարականներում է ասվում. «Ամուլ երկրից այսօր մեզ համար աճեց բարեբեր բույսը բարի՝ հովիտների շուշանը և ծաղիկը դաշտերի, այսինքն՝ երկիրը, որը պատվիրանազանցությունից հետո աստվածային անեծքով ամլացել և փշով ու տատասկով էր պատվել, վերստին ծաղկեց»:
Եղիսաբեթը՝ Սուրբ Հովհաննես Մկրտչի մայրը, Սուրբ Հոգուց ներշնչված, ասաց Մարիամին. «Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, և օրհնյա՜լ է այն զավակը, որ կրում ես քո որովայնում» (Ղուկաս 1:41):
Մեր եկեղեցու հայրերի կողմից սքանչելահյուս շարականներ, մեղեդիներ և տաղեր են ձոնվել Աստվածամորը, հարյուրավոր եկեղեցիներ են իր անունով կոչվել, բոլոր եկեղեցիների մայր խորանները նրա անունն են կրում, իսկ Սուրբ Սեղանի նկարներին Աստվածամայրն է մանուկ Հիսուսը գրկին: Աստվածամոր կերպարը դարեր շարունակ և այսօր էլ բազմաթիվ արվեստագետների ներշնչման աղբյուր է:
Ավետման օրը, որպես ողջ աշխարհի ազատության մասին ավետում, տարբեր ժողովուրդներ ունեն տարբեր սովորույթներ: 0րինակ՝ սլավոնները այն ամենամեծ տոներից էին համարում և մեծ մեղք էր այդ օրը որևէ աշխատանքով զբաղվելը (թեկուզ ամենաթեթև) ու ըստ հավատալիքի՝ նույնիսկ թռչունը այդ օրը բույն չի հյուսում: Նաև ի նշան մեղքից մարդկության ազատագրման, վանդակներից թռչուններ էին բաց թողնում:
«Եթե Աստվածամայրն իր երկրային կյանքի ժամանակ այդքան սիրված էր և մեծ ակնածանք էր վայելում առաքյալների, ապա նաև՝ առաջին քրիստոնյաների կողմից, պատճառն այն է, որ նրա անձի մեջ խտացած էր մայրության բարձրագույն արտահայտությունը: Կնոջ դերը իր վեհագույն ձևով դրսևորված էր Աստվածամոր կերպարում»,- ասել է երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը:
Սուրբ Կույս Մարիամը արժանացավ Աստծո Մայր կոչվելու եզակի և բարձրագույն պատվին, որով և պատվվեց մայրությունը: Սա բարձր ու վսեմ մի խորհուրդ է: Մեզ համար հարազատ ու սրտամոտ արժեքները կապված են մայրության գաղափարի հետ. մայր եկեղեցի, մայր հայրենիք, մայր հող, մայրենի լեզու և այլն:
Խրիմյան Հայրիկը մորը համարում է ընտանիքի թագուհի. «Տունն ու ընտանիքը մի փոքրիկ թագավորության երկիր ու սահման են, որի նահապետական աթոռի վրա նստում են ծնողները. հայրն՝ իբրև թագավոր, մայրն՝ իբրև թագուհի, ու կառավարում են հպատակ ընտանիքը: Այս ընտանեկան պալատում և թագավորությունում ո՛չ ոստիկան կա, ո՛չ սուր, ո՛չ բռնություն, ո՛չ գավազան. ամեն տեղ հայրական սեր ու մայրական գորով է, դաստիարակողն ու խրատողը՝ ծնողների կենդանի օրինակը»:
Իսկ Գարեգին կաթողիկոս Հովսեփյանը ընտանիքը նմանեցնում է եկեղեցուն, որի քահանան մայրն է….
Կազմեց Կարինե Սուգիկյանը