Գաղտնիք չէ, որ ազգը պահողն ու շարունակողը, ազգային նկարագիրն ու դիմագիծը սերնդեսերունդ փոխանցողը ընտանիքն է: Սա այն սրբազան վայրն է, ուր թրծվում է անհատի նկարագիրը: Ընտանիքում է մարդն ստանում նախնական հոգևոր և բարոյական դաստիարակությունը: Ուստի խիստ կարևոր է հոգևոր-բարոյական այն մթնոլորտը, որի մեջ մեծանում է անհատը, որովհետև բարոյահոգեբանական մթնոլորտը նպաստավոր պայմաններ է ապահովում իբրև քրիստոնյա նրանց բարոյական, անձնային որակների ձևավորման համար: Ընտանեկան դաստիարակության գերագույն նպատակը մարդ կերտելու գործընթացն է, ոչ սոսկ իբրև ֆիզիկական գոյություն, այլ որպես բարոյական հատկանիշների ու առաքինությունների խտացում: Եթե անհատը մեծանում է բարոյական բարձր հիմքերի վրա գտնվող, սիրո, փոխհամաձայնության և հարգանքի մթնոլորտ ունեցող ընտանիքում, բնական է, որ այն իր անշեղ ու անխախտ կնիքը, դրոշմը կդնի նրա հոգու ու սրտի վրաª նրա մեջ իսկական Մարդ կերտելով: Ու թեև որոշակի տարիքից հետո արդեն ընտանիքից դուրս անհատը մտնում է արդեն այլ միջավայր (բակ, դպրոց և այլն), սակայն այն հիմնավոր կրթությունն ու դաստիարակությունը, որը նա ստացել է մայրական անխարդախ կաթի հետ, ծննդյան առաջին իսկ օրվանից, արդյունավորվում ու պտղաբերում է արդեն հասուն տարիքում: Այո, միջավայրն ինչ-որ չափով իր ազդեցությունն ունենում է նրա հետագա զարգացման և որպես մարդ կայացման գործում, սակայն այն, ինչ նա ստացել է ընտանիքում և գեներով ժառանգել ծնողներից, երբեք չի կարող փոխվել, խաթարվել, որովհետև, ինչպես ժողովուրդն է ասումª «Արյան մեջ է»: Եթե երակներում ազնիվ արյուն է հոսում, ուրեմն մարդը ՙդատապարտված՚ է այդպիսին լինել իր ողջ կյանքի ընթացքում, եթե անհիշաչար ու ներողամիտ է, բարի իր էությամբ, ուրեմն մինչ մահ այդպիսին կլինի: Իսկ եթե էությամբ ստոր ու նենգ է, որովհետև այդպիսի միջավայրի ծնունդ է, բնականաբար այդպիսին էլ կմնա: Բայց սա միայն մարդկային տեսանկյունից դիտելու դեպքում: Միայն Աստված կարող է անհնարինը հնարավոր դարձնել, որովհետև այն, ինչ անհնար է մարդու համար, հնարավոր է Աստծուն: Մարդկության պատմության փորձը ցույց է տալիս, որ Բարձրյալի ողորմությամբ ու շնորհով մեծագույն ոճրագործներ ու մեղավորներ դարձի են եկելª գազաններից վերածվելով հեզ ու խոնարհ, սրբակենցաղ մարդկանց, դարձել են ճշմարիտ քրիստոնյաներª վերագտնելով իրենց մարդկային դիմագիծը…:
Ուրեմն անհատի նկարագիրն աղճատող և էությունը խեղող առաջին պատճառը ընտանեկան ոչ առողջ միջավայրն է, որն իր բոլոր բացասական հետևանքներով կործանում է այդտեղ հասակ առնող մատաղ հոգիների ողջ կյանքըª սկսած մանկության քաղցր ու անհոգ տարիներից, որոնք երեխայի համար դառնում են ավելի դառը, քան լեղին: Մանկական տարիքը նման է սպիտակ թղթի, որի վրա մի անգամ դրոշմվածն անջնջելի է մնում: Ըստ սուրբ Հովհան Ոսկեբերանիª «ինչպես կնիքն է դրոշմվում մեղրամոմի վրա, այնպես էլ երեխաների հոգում այն, ինչ լսում են»: Բայց կա ևս մեկ բայց: Հաճախ առաջին հայացքից անթերի ու նորմալ թվացող շատ ընտանիքներում, ուր թվում էª կան բոլոր անհրաժեշտ պայմանները երեխաների աճի, զարգացման ու կայացման համար, սակայն իրականում կա ինչ-որ սխալ բան, մի աներևույթ չարիք, որը երևան է գալիս արդեն ավելի ուշ շրջանում, երբ որոշակի տարիքում երեխան արդեն իր պահվածքով, ուրիշների հանդեպ վերաբերմունքով ապացուցում է, որ իր դաստիարակության գործում ծնողներն ինչ-որ տեղ թերացել են, ինչ-որ բացթողում, այնուամենայնիվ, կա: Օրինակ, եթե դիտարկենք երկու տարբեր անհատների վարքն ու պահվածքը՝ պարզ մարդկային փոխհարաբերություններում, անզեն աչքով իսկ նկատելի կլինի նրանց միջև եղող «սարերի ու ձորերի տարբերությունը»: Մեկը տարրական հարգանք ու պատկառանք չունի դիմացինի, իր նմանի հանդեպ, արհամարհանքով է վերաբերվում իր մերձավորին, ամբարտավան ու հպարտ կեցվածքով վկայում է, որ ծնունդն է այդպիսի միջավայրի: Ի հակադրության նրաª մյուսը համեստ է, հարգալից, իրենից մեծերին հարգող, հոգատար այլոց հանդեպ, հավասարակշռված ու խոհեմ է…: Նրա վարքն ու բարքը, ընթացքը խոսուն վկան են ընտանիքում նրա ստացած ճիշտ դաստիարակության: Իրականում խղճահարության են արժանի սխալ դաստիարակության զոհ գնացած անհատները, ովքեր մի օր լուրջ խնդիրների, փաստի առջև են կանգնելու: Մինչդեռ մարդուն կրթելիս նրա մեջ նախ պետք է սերմանել առաքինության, մարդասիրության, բարության, մարդուն մարդ դարձնող բոլոր այն առաքինությունները, որոնք ժամանակին պտուղ են տալիս: Մարդուն պետք է Մարդ դաստիարակել: Բայց «մարդուն մարդ է պետք, որ մարդուն մարդ դարձնի: Եթե մարդը մարդ չլինի, մարդուն մարդ չի դարձնի» (Պողոս Ադրիանուպոլսեցի): Ուրեմն ծնողները նախ իրենք պետք է այդ արժեքների կրողներն ու օրինակը լինենª իրենց կյանքով օրինակ դառնալով զավակների համար:
Իհարկե, լինում են նաև երջանիկ բացառություններ, երբ, օրինակ, ընտանեկան ոչ հաշտ ու երջանիկ միջավայրում ծնունդ են առնում արժանավոր ու ազնիվ մարդիկª վաղ հասակից կյանքի դառնությունները ճաշակած, դրանցով կոփված, կյանքի իմաստն ու արժեքը գնահատող ու ամեն վայրկյանն արժևորող անհատներ: Այդպիսիք լույս են խավարում…: Այդպիսիք փորձությունների մեջ ոչ միայն չեն չարացելª կորցնելով իրենց մարդկային դիմագիծը, այլև առավել են «մարդացել» մեկ անգամ ևս փաստելով այն ճշմարտությունը, որ տառապանքներն օգնում են մարդուն մարդ մնալ, որովհետև մարդը երբեք այնքան մարդկային չէ, որքան այն ժամանակ, երբ տառապում է:
Երանի թե հայկական ընտանիքներում թևածեին սերն ու համերաշխությունը, փոխհամաձայնությունն ու ներողամտությունը, զիջելու և դիմացինի կարծիքը հաշվի առնելու կարողությունը, ի վերջո, իշխող լինեին քրիստոնեական չափանիշները, որոնց շնորհիվ է դարեր ի վեր հայ ընտանիքը հայ մնացելª պահպանելով իր ազգային դիմագիծը: Այդպիսի ընտանիքներում աճող ու հասակ առնող մանուկները չեն կարող վատը լինել, չեն կարող իրենցից մեծին արհամարհել ու չհարգել, չեն կարող ինքնահավան ու եսասեր լինել, այլ կլինեն իսկապես Մարդª բառիս բուն իմաստով: …Այսպես կրթելով մեր զավակներինª մենք կունենանք բարոյապես կիրթ ու ամուր ընտանիք, հասարակություն և ազգ, որովհետև կայուն ու ամուր ընտանիքը ազգի գոյապահպանման հիմքն է:
Անժելա Խաչատրյան