26 Նոյեմբեր, Գշ
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի համաձայն՝ այս տարի մարտի 8-ին Մեծ պահքի հոգենորոգ շրջանի երրորդ կիրակին էր՝ «Անառակի կիրակին»: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Ս. Պատարագի մասնակիցները, ունկնդրելով Տեր Վահան քահանա Առաքելյանի քարոզը, հաղորդ դարձան այն կարևոր խորհրդին, որն ազդարարում էր մարդկության նկատմամբ Աստծո սերն ու գթասրտությունը և մարդկության փրկության Աստծո ծրագիրը: Այնուհետև, Ս. Պատարագի ավարտին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամները, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և ուղեկցությամբ հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի ու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի, ուխտի մեկնեցին Հայոց Սրբություն Սրբոց Սուրբ Էջմիածին:
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտավորների աղոթքի ուղին կանգ առավ Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե, Ս. Շողակաթ և Ս. Աստվածածին եկեղեցիներում: Նահատակ կույսերի վկայարանների առջև ուխտավորները, սուրբ կույսերի բարեխոսությանը դիմելով, Տիրոջ ողորմածությունը հայցեցին Հայ եկեղեցու, Հայոց ու Արցախ աշխարհների և Հայոց բանակի համար: Կանանց միջազգային օրվա առթիվ ուխտավորները, Աստվածամոր և կույսերի բարեխոսությունը հայցելով, միասնական աղոթք հնչեցրին առ Տեր՝ հայ կանանց, մայրերի և օրիորդների համար: Աղոթքի ավարտին Տեր Գրիգորը, շնորհավորելով ուխտագնացությանը մասնակից կանանց և աղջիկներին, ասաց. «Աստծո Որդին աշխարհ եկավ, ծնվեց Ս. Կույս Մարիամ Աստվածածնից և այդուհետ կինն արժանացավ Աստծո մեծագույն շնորհին: Քրիստոս Իր քարոզչության ընթացքում կանանց հանդեպ Իր վերաբերմունքով հարգանք և պատիվ ընձեռեց կնոջը: Դեռևս առաջին դարից՝ եկեղեցու սկզբնավորման ժամանակաշրջանից, կանայք ընդգրկվեցին եկեղեցական համայնական կյանք, դարձան առաքյալների գործակիցները՝ իրենց ծառայությունը մատուցելով եկեղեցական կյանքի տարբեր բնագավառներում: Աղոթքս եմ հղում մեր բոլորի Ամենախնամ Մայր, Սուրբ Մարիամ Աստվածածնին, որ բարեխոսի Իր Միածին Որդու առջև բոլոր հայ օրիորդների, տիկնանց ու մայրերի համար՝ Աստծո օրհնությունն ու բարեշնորհությունը ստանալու և արժանի լինելու փառաբանելու Ամենասուրբ Երրորդությանը: Թող Անարատ Կույսի լուսապայծառ կերպարը միշտ ջերմացնի ձեր սրտերը և ուղղորդի փրկության ճանապարհին»:
Քրիստոնյայի համար բնական է, որ իր հոգին ձգտում է Աստծուն, որը նախ և առաջ արտահայտվում է աղոթքով՝ Աստծո հետ հաղորդակցությամբ: Սուրբ հայրերն աղոթքը նմանեցնում են երկնքից երկիր կախված ոսկե շղթայի, որն աղոթասերները, ջանալով ձեռքով դեպի իրենց քաշել, հոգով երկինք են ելնում: Ըստ Սուրբ Գրքի՝ «Բարի են աղոթքները՝ պահեցողություններով, ողորմություններով և արդարություններով» (Տոբիթ 12:8):
Կարինե Սուգիկյան