Երանելի Յովհան Ոսկեբերան հայրապետի յորդորը կանանց

Աստուած պատուիրում է ձեզ խուսափել աղմուկից եւ ունայնութիւնից, որպէսզի աղօթէք տան լռութեան մէջ, քանի որ առանձնացած ու չար մարդկանց հասարակութիւնից հեռու մնալը մեծ օգուտ է բերում: Նաւը, որի վրայ փոթորիկը չի ազդում, լողում է ապահով, այդպէս էլ հոգին, երբ հանրային գործերով չի զբաղուած, գտնւում է նաւահանգստում: Այնպէս որ, կանայք պէտք է լինել աւելի իմաստուն, քան ամուսինները, քանի որ նրանք մեծ մասամբ զբաղուած են տնային ներքին գործերով: Ահա թէ ինչո՛ւ Յակոբը խորամանկ չէր, քանի որ ապրում էր տանը եւ ազատ էր արտաքին տագնապներից: Սուրբ Գիրքն իզուր չէ, որ յայտնում է, թէ նա տնակեաց էր (Ծննդ. 25, 27): Բայց ասում ես, թէ տան մէջ էլ շատ անհանգստութիւններ կան: Դա այն պատճառով է, որ ինքդ ես դա ուզում եւ ինքդ քեզ շրջապատում ես բազմաթիւ մտահոգութիւններով: Ամուսինը, որոշ ալիքների պէս, շրջապատւած է հոգսերով, իսկ իր կինը, տանը նստած, ինչ-որ իմաստութեան  է ապաւինում: Եւ ինչպէս անապատներում ապրողները ոչ մէկին չունեն, ով կարող է իրենց անհանգստացնել, այդպէս էլ կինը, տանը գտնուելով, կարող է շարունակաբար վայելել լռութիւնը: Եթէ ձեզ անհրաժեշտ լինի դուրս գալ տնից, ապա նոյնիսկ այդ ժամանակ ձեզ համար չկայ անհանգստութեան պատճառ: Սակայն ժամանակի մեծ մասը նա ծախսում է տանը: Այնպէս որ, նա կարող է մնալ լռութեան մէջ ու դիմաւորելով յուսահատ ամուսնուն՝ կարող է մխիթարել ու հանգստացնել նրան, ցրել նրա  անհարկի եւ ծանր մտքերը, ապա նրան տնից ճանապարհել, հիմա արդէն առանց այն անհանգստութիւնների, որոնք նա իր հետ բերեց, այլ բարի կամքի միտումով, որը նա ձեռք բերեց տանը: Ճշմարիտ է, թէ բարեպաշտ ու խելամիտ կինը, ամենայն հաւանականութեամբ, կարող է ազդել իր ամուսնու վրայ ու տրամադրել նրա միտքը ըստ իր կամքի: Քանի որ նա չի լսի ո՛չ ընկերներին, ո՛չ ուսուցիչներին, ո՛չ խրատողներին այնպէս, ինչպէս իր կնոջը, երբ նա յորդորում է իրեն ու խորհուրդներ տալիս: Այդ յորդորն իրեն պատճառում է նաեւ որոշակի հաճոյք. այնպէս որ նա շատ է սիրում իր խորհրդատուհին: Եւ ես էլ կարող եմ մատնանշել բազմաթիւ ծանր ու անսանձելի ամուսինների, ովքեր մեղմացել են այդ ձեւով: Որովհետեւ կինն իր ամուսնու հետ մասնակից է ե՛ւ սեղանին, ե՛ւ անկողնում, ե՛ւ երեխաների ծննդեանը, ե՛ւ բացայայտ ու քօղարկուած գործերին, ելումուտին, եւ շատ ու շատ այլ բաներում: Կինն ամէն ինչում հաւատարիմ ու կապուած է նրա հետ այնպէս, ինչպէս մարմինն է միացուած գլխին: Եւ եթէ նա լինի ողջամիտ եւ աշխատասէր, ապա կը գերազանցի ու կը յաղթի բոլոր միւսներին իր ամուսնու հոգածութեան մէջ: Հետեւաբար, կոչ եմ անում ձեզ՝ կանանցդ. սա համարէք պարտականութիւն ու պատշաճ խորհուրդներ տուէք ձեր ամուսիններին: Կինն ունի ինչպէս առաքինութեան, այնպէս էլ արատի մեծ զօրութիւն: Իսկ ինչպէ՞ս մենք կարող ենք սովորեցնել նրան գործերով: Դու նրան կը սովորեցնես այն ժամանակ, երբ նա տեսնի, թէ դու չարամիտ չես, շքեղութեան չես ձգտում, զարդարանքներ չես սիրում, աւելորդ դրամական եկամուտ չես պահանջում, այլ բաւարարւում ես նրանով, ինչ կայ: Այս դէպքում նա, իհարկէ, կը լսի քո խորհուրդները: Իսկ եթէ դու իմաստակես խօսքով, բայց իրականում սկսես գործել հակառակը, ապա նա քեզ կը մեղադրի մեծ դատարկախօսութեան մէջ: Իսկ երբ խօսքերիդ հետ միասին նաեւ գործերովդ խորհուրդ տաս նրան, ապա նա կը գովաբանի քեզ եւ աւելի շուտ կը լսի: Դա կը լինի, օրինակ, երբ դու սկսես փնտռել ոչ թէ ոսկի, մարգարիտ կամ թանկարժէք զգեստներ, այլ սրանց փոխարէն փնտռես խոնարհութիւն եւ ինքդ այդպէս վարուելով՝ դրանով նոյնը կը պահանջես նաեւ նրանից: Եթէ, այնուամենայնիւ, պէտք է ինչ-որ ձեւով հաճոյանալ ամուսնուն, ապա անհրաժեշտ է հոգի՛ն զարդարել, այլ ոչ թէ մարմինը, եւ ոչնչացնել սրան: Ոչ այնքան ոսկին, որով դու զարդարւում ես, քեզ սիրալիր ու հաճելի կը դարձնի նրա համար, որքան բարոյականութիւնն ու ջերմութիւնը նրա նկատմամբ, եւ քո ամուսնու համար մահանալու պատրաստակամութիւնը: Սա է հիմնականում գերում ամուսիններին: Արտաքին զարդարանքը հաճելի չէ ամուսնուն, քանի որ դա իր սեփականութիւնը յանգեցնում է նեղուածութեան ու պահանջում է մեծ ծախսեր եւ մտահոգութիւններ: Եւ այն, ինչ որ վերը նշուեց, ամուսնուն կապում է իր կնոջը, որովհետեւ ջերմութիւնը, ընկերութիւնն ու սէրը չեն բերում ոչ մտահոգութիւններ ու ոչ էլ ծախսեր. բայց ամէն ինչ հակառակն է առաքում: Մինչ հանդերձները սովորութիւնից դառնում են անտարբեր, հոգու զարդարանքը ծաղկում է ամէն օր ու բորբոքում  սիրոյ ուժեղագոյն բոցը: Այնպէս որ, եթէ ուզում ես հաճոյանալ ամուսնուդ, հոգիդ զարդարի՛ր բարոյականութեամբ, բարեպաշտութեամբ ու տան հոգածութեամբ: Այսպիսի գեղեցկութիւնն աւելի հմայիչ է եւ երբէք չի դադարում: Այսպիսի գեղեցկութիւնը ո՛չ տարիքն է խափանում, ո՛չ էլ հիւանդութիւնը ոչնչացնում: Եւ մարմնական գեղեցկութիւնն ու ժամանակի տեւողութիւնն է խաթարում, եւ հիւանդութիւնն է ոչնչացնում, եւ շատ այլ բաներ է կործանում. բայց որ հոգին զարդարում է, սա ամէն բանից բարձր է: Բացի դրանից՝ այդ գեղեցկութիւնը նախանձ է արթնացնում ու խանդ է բորբոքում. իսկ սա մաքուր է այդ հիւանդութիւններից եւ զերծ է ցանկացած ինքնահաւանութիւնից: Այսպիսով, ամէն ինչ ե՛ւ տան մէջ աւելի լաւ կը լինի, ե՛ւ եկամուտն առատ կը լինի, երբ ոսկին պառկած չի լինի քո մարմնի շուրջ ու չի կապի քո ձեռքերը, այլ կարող է օգտագործուել անհրաժեշտ կարիքների համար, ինչպիսիք են երեխաների խնամքի եւ այլ իրական կարիքները: Բայց եթէ դու այդպէս չվարուես, եթէ մարմինը լինի զարդարուած ոսկով, իսկ անհրաժեշտ կարիքները բոլոր կողմերից լինեն աչքերի առջեւ՝ ծանրաբեռնելով սիրտը, ապա ի՞նչ պիտի անես: Ի՞նչ օգուտ սրանից: Սրտի տխրութիւնը թոյլ չի տալիս տեսնել այն, ինչով սովորաբար գերւում են աչքերը: Դուք էլ գիտէք, թէ երբ որեւէ մէկը կին է տեսնում, նոյնիսկ բոլորից աւելի լաւ զարդարուած, նա չի կարող նրա մէջ գտնել հաճոյք, եթէ նրա հոգին հիւանդ է: Որովհետեւ ով ցանկանում է գտնել հաճոյք, առաջին հերթին նա պէտք է ուրախ լինի եւ ուրախութեան հակուած լինի: Մինչդեռ, եթէ ոսկին ծախսուած է իր կնոջ մարմնի զարդարման համար, իսկ տան մէջ աղքատութիւն է, ապա ամուսնու համար չկայ ոչ մի հաճոյք: Հետեւաբար, եթէ ուզում էք հաճելի լինել ձեր ամուսիններին, նրանց բերէ՛ք հոգու հաճելի տրամադրութեան: Ես դա ասում եմ՝ մաղթելով, որ դուք զարդարուէք ճշմարտութեան գեղեցկութեամբ, որը պատուիրում է Պօղոս առաքեալը. «Նոյնպէս եւ կանայք, համեստ զարդարանքով, ակնածութեամբ եւ պարկեշտութեամբ թող զարդարուեն. ոչ թէ մարգարտով ընդելուզուած ոսկեայ հիւսքերով կամ պճնազարդ զգեստներով, այլ՝ բարի գործերով, ինչպէս վայել է աստուածապաշտութիւնը յանձն առած կանանց» (Ա. Տիմ. 2, 9-10): Ե՛ւ ժողովրդից կը լինի մեծ գովասանք, ե՛ւ Աստծուց մի մեծ պարգեւ: Ուստի, նախանձախնդիր լինենք ներքին գեղեցկութեանը, որպէսզի այստեղ էլ ապրենք անվտանգ եւ հասնենք ապագայ բարիքներին, որոնց մենք բոլորս արժանանանք մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի շնորհով եւ մարդասիրութեամբ, որին փա՜ռք յաւիտեանս. ամէն:

 

 

07.12.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․