Չսիրենք աշխարհը

«Սերը այս աշխարհի հանդեպ` թշնամություն է Աստծու դեմ, քանի որ ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի կանի» (Հակ. 4:4):

Ավետարանի էջերում բազմիցս հանդիպում ենք հատվածների, որոնցում հստակորեն ընդգծված է այս աշխարհը չսիրելու, արհամարհելու գաղափարը: Ի՞նչ ասել է` չսիրել այս աշխարհը: Մի՞թե հնարավոր է չսիրել այն, ինչ Աստված է ստեղծել: Ի սկզբանե Աստված ամեն ինչ բարի ստեղծեց, ինչպես վկայում է Ծննդոց գիրքը: Սակայն, երբ մեղքն աշխարհ մտավ, մարդն սկսեց Աստծու բարի և օգտակար պարգևները չարիք դարձնել` ի վնաս իր անձի: Աշխարհը լցվեց անիրավություններով, անարդարությամբ, չարությամբ: Ահա այս «աշխարհ»-ի մասին է գրում առաքյալը` պատվիրելով չսիրել այն. «Մի սիրեք աշխարհը, ոչ էլ` ինչ որ աշխարհի մեջ կա: Եթե մեկը սիրում է աշխարհը, Հոր սերը նրա մեջ չէ, քանի որ այն ամենը, ինչ աշխարհի մեջ կա, մարմնի ցանկություն է, աչքերի ցանկություն և այս կյանքի ամբարտավանություն, որ Հորից չէ, այլ այս աշխարհից: Թե՛ այս աշխարհն է անցնում, թե՛ ցանկությունը: Իսկ ով կատարում է Աստծու կամքը, մնում է հավիտյան» (Ա Հովհ. 2:15-17): Մեր օրերում խիստ դժվար է այս կյանքի վայելքներից, հաճույքներից հրաժարվել, ամեն քայլափոխի հանդիպող գայթակղություններին դիմակայել: Հեշտ չէ չարը բարուց զանազանել: Այս աշխարհի կարծեցյալ իշխանը` սատանան, որը դարձավ մարդու անկման պատճառ, այժմ էլ գաղտնաբար մոտենալով` մեղք գործել է տալիս և ջանում է խոցել ու կործանել Աստծու ծառաներիս: Հայրերից մեկն ասում է. «Սկզբում նա պատճառ դարձավ մեր` դրախտից վտարվելուն, իսկ հիմա արգելք է հանդսանում մեր` երկինք ելնելուն»: Ուստի Պետրոս առաքյալը զգուշացնում է. «Ձեր ոսոխը` սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ո՞ւմ կուլ տա» (Ա Պետ. 5:8): Նա նենգությամբ խաբում է մարդկանց անցավոր բարիքներով: Փորձիչը, ամեն վայրկյան մոտենալով յուրաքանչյուրիս, այս երկրավոր կյանքի ունայն զբաղումներով մեր միտքը գրավելով և խաբեպատիր ցանկություններով գայթակղելով, ամեն կերպ  ջանում է հեռացնել Աստծուց` ամենայն բարյաց աղբյուրից: «Քեզ կտամ այս ամբողջ իշխանությունը և սրանց փառքը, որովհետև ինձ է տրված, և ում որ կամենամ, կտամ այն: Արդ, եթե դու իմ առաջ ընկած երկրպագես, բոլորը քոնը կլինի (Ղուկ. 4:6, 7),- շշնջում է նա Աստծու պատկերով և նմանությամբ ստեղծված մարդու ականջին: Նա այս «կեղծապատիր աշխարհի թունավոր ժանգն իբրև ոսկի է ցույց տալիս, տրտմական կրքերը` իբրև հաճելի, վնասակար գործերը` իբրև օգտակար, և ովքեր հավատում ու խաբվում են, նրանց զրկում է հոգևոր բարիքներից: Աշխարհում չկա մարմնական որևէ ուրախություն, որ կարողանա անմասն լինել տրտմությունից...» (Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցի), և «ամբողջ աշխարհը չարի մեջ է» (Ա Հովհ. 5:19): Սակայն առ Աստված ունեցած աննվազ սիրո ու վստահության դեպքում` Ամենակարողի օգնությամբ կարելի է հնարավորինս զերծ մնալ այս աշխարհի մեղքից: Մեր առօրյա կյանքում պետք է հրաժարվենք այն ամենից, ինչը մեզ հեռացնում է Աստծուց, եղծում մեր բարոյական կերպարը: Աստծով անհնարինն անգամ հնարավոր է: Հիշենք նաև Քրիստոսի փորձությունն անապատում, և սատանայի խայտառակ պարտությունը: Փորձիչը փորձեց Քրիստոսին և պարտվեց Նրանից: Համայնի Արարիչը խայտառակեց չարի մեքենայությունները և հաղթեց մեր մարմնի բնությամբ, Նա սրբացրեց և օրհնեց այն` տալով հաղթանակի ոգին: Ուստի Քրիստոսի օրինակով կարող ենք հաղթել մեր անմարմին թշնամուն` հրաժարվելով բոլոր դիվային չարահնար փորձություններից: Ընդհարապես «առանց հոգին վշտացնելու հնարավոր չէ, որ մարդը մարմնական հաճույքներ վայելի: Ով մարմնի հաճույք է փնտրում, հոգու համար վիշտ ու տանջանք է փնտրում»,- ասում է Պողոս Ադրիանուպոլսեցին: Հարկ է զգուշավոր լինել այս խաբեպատիր աշխարհում կենցաղավարելիս, մեր այս պանդխտության ժամանակն ապրելիս, որպեսզի չլինի թե այս ժամանակավոր, ունայն, անցողիկ վայելքների պատճառով զրկվենք անանց ու մշտնջենավոր, երանական կյանքից, որն Աստված պատրաստել է Իրեն սիրողների համար: Մարդն ունի հավիտենականության ձգտում, և ի սկզբանե Աստված մարդու բնության մեջ դրել է անմահության, փառքի ու հանգստյան փափագ, և մարդը ստեղծված է հավիտենականության համար: Իսկ հանդերձյալ կյանքի հավիտենական ու երկնային բարիքներն իմանալի ու անչափելի են, և ով կամենում և խնդրում է, Աստված տալիս է: Սակայն, եթե այս ամենը մոռանալով կամ անտեսելով` տրվում ենք այս աշխարհի փուչ վայելքներին` Աստծուց հեռացած, խիստ երկրահակ կյանք վարելով, աշխարհի հանդեպ սիրուց մեզ կորստյան ենք մատնում: Դյուրագայթ ենք ու սխալական և հանապազ ցած ենք ընկնում առաքինության բարձունքից: Մեզ անմահ կարծելով` գանձեր ենք դիզում երկրի վրա` հակառակ Տիրոջ խոսքի…

Հոգու փրկությունն առավել է, քան աշխարհի բոլոր գանձերն ու մարմնական կյանքը. մի հոգու փրկության հետ աշխարհի ոչ մի գանձ և ոչ մի մարմնական կյանք չի կարող փոխանակվել: Չէ՞ որ ոչ թե հոգին է ունեցվածքի ու մարմնի համար սահմանված Աստծուց, այլ  ունեցվածքն ու մարմինը` հոգու համար: Այս գիտակցումով է, որ սուրբերը ոչինչ համարեցին այս աշխարհի բոլոր վայելքներն ու բարիքները: Նրանց համար «չկային երկրավոր չարչարանքներ, որ նրանց հաղթեին, նրանց առաջ արհամարհված էր արծաթը, և ոսկին ատելի էր նրանց աչքին, ցավ էին համարում այս աշխարհի հարստությունը» (Եղիշե վարդապետ): Իսկ Պողոս առաքյալն այդ բոլորն աղբ էր համարում (տե՛ս Փիլիպ. 3:8): Հեշտությամբ կկարողանանք արհամարհել աշխարհը, եթե հաճախ մտաբերենք մեր մահվան օրը և գիտակցենք, որ չենք կարող միաժամանակ սիրել և՛ «մեղքի աշխարհը», և՛ Աստծուն: Օգոստինոս Երանելին այս մասին ասում է. «Աշխարհի սերը և Աստծու սերը չեն կարող համատեղ բնակվել մի սրտում, ինչպես որ նույն աչքերը չեն կարող միաժամանակ նայել երկինք ու երկիր», նաև` «Մարդկանց երկու սերերը երկու քաղաքներ են շինում, Աստծո սերը շինում է Վերին Երուսաղեմը, իսկ աշխարհի սերը շինում է դժոխային բաբելոնը»: Ուստի նրանք, ովքեր տոչորվում են այս աշխարհի հանդեպ սիրուց, ապրում ցոփ ու շվայտ կյանքով, վայելում աշխարհի սին, ունայն հաճույքները` չեն կարող Քրիստոսի հետ թագավորել հանդերձյալում, քանի որ միաժամանակ չեն կարող ծառայել երկու տիրոջ` և՛ աշխարհին, և՛ Աստծուն (տե՛ս Մատթ. 6:24): Մեր կյանքը մի ակնթարթի նման անցնում է, «հիրավի մի մշուշ է այն, որ մի պահ երևում է և ապա անհետանում» (Հակ. 4:14), և այս աշխարհի բարիքներն ու վայելքներն էլ ունայն են ու անցողիկ. «Բոլոր օրերը ցավերով են լի, և հաճույքը` տրտմությամբ» (Ժող. 2:23), և «ահա ամեն ինչ ունայնություն է և հոգու տանջանք» (2:11):

Հարկ է, որ  չկերպարանվենք աշխարհի կերպարանքով (տե՛ս Հռոմ. 12:2), հիշենք, որ մեզ համար երկնքում պահված են անմահ կենդանություն, անխոնարհելի փառք ու անտրտում հանգիստ, միայն թե կամենանք և ըստ արժանվույն խնդրենք դրանք: Սրբենք մեր սրտերն ու հոգիները նախանձից, չարությունից, վավաշոտ ցանկությունից և այլ արատներից ու բծերից և մոտենանք Աստծուն: Դեմքի փոխարեն թիկունք չդարձնենք Նրան, այլ «ատենք ա՛յս աշխարհը, որովհետև այն սուտ է, սպանենք մարմնական աղտերն ու պիղծ ցանկությունները, անեզրական բարիքների հիշատակն անջնջելի պահենք մեր մտքում ու սկիզբ դնենք բարի գործերի` ըստ մեր կարողության: Եվ արդարության գործերով սիրենք բարձրյալ Աստծուն, որ Նա էլ մեզ սիրի աշխարհից ելնելուց հետո և արժանացնի երկնային արքայությանը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհներով ու մարդասիրությամբ, Ով օրհնյալ է Հոր և Սուրբ Հոգու հետ այժմ և միշտ և հավիտյանս. ամեն»:

 

Անժելա Խաչատրյան

 

 

04.03.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․