26 Նոյեմբեր, Գշ
Հինկտակարանյան «Երեք մանկունքը բաբելոնյան հնոցում» սյուժեի թեման սերտորեն առնչվում է Դանիելի թեմայի հետ: Վաղ քրիստոնեական արվեստում նման թեմաները հանդես են գալիս ինքնուրույն և հայտնի են «Երեք մանկունքը» ներկայացնող բազմաթիվ պատկերաքանդակներ: Աստվածաշնչի զրույցի համաձայն՝ Բաբելոն եկած չորս երիտասարդներից Դանիելը դարձավ թագավորի մերձավորներից մեկը, իսկ մյուս երեքին, իրենց Աստծուն հավատարիմ մնալու համար, նույն թագավորի հրամանով գցեցին հնոցը:
Հայկական վաղ միջնադարյան պատկերաքանդակները մեծ հետաքրքրություն են ներկայացնում: «Երեք մանկունք հնոցում» հինկտակարանյան սյուժեն հանդիպում է Բրդաձորի կոթողում, Շիրակի կոթողներում (Ավան, Ագարակ):
Ինչպես հիշատակում է Գ. Վագները, առավել վաղ շրջանի պատկերաքանդակներում, որոնք կերտված են արևելյան-քրիստոնեական ավանդույթների համաձայն, հնոցը առհասարակ չէր պատկերվում, իսկ երիտասարդները պատկերված էին ամբողջ հասակով: Նշենք, որ հենց այդ դիրքով էլ նրանք ներկայացված են IV դարով թվագրվող մի բյուզանդական գավաթի վրա:
Առանձին ուշադրության են արժանի Ագարակի, Հառիճի և Երերույքի հուշակոթողները, որոնք վկայում են քանդակագործության մեջ կատարողական նոր որակ և առաջադիմության ի հայտ գալու մասին:
Աստվածաշնչում Դանիելի իմաստությունն ապացուցող փաստերից հետո Նաբուգոդոնոսորը նրան է պարգևում իշխանական պատիվներ՝ զգեստ, արդուզարդ և այլն՝ միաժամանակ իշխան կնքելով Բաբելոնի բոլոր գավառների վրա. «Եվ թագավորը մեծարեց Դանիելին, մեծամեծ ու բազում պարգևներ տվեց նրան, Բաբելոնի վրա կառավարիչ նշանակեց նրան և նախարարների իշխան՝ Բաբելոնի բոլոր իմաստունների վրա» (Դանիել 2:48): Գուցե թե այս պահն է նկատի ունեցել Հառիճի և Կարսի Ագարակի քանդակագործը, երբ Դանիելի և երեք մանուկներին նվիրված զրույցում, ամենայն մանրամասնությամբ և շքեղ է մշակել սրբացված անձերի հագուստը, արդուզարդը: Նրանց բարձր դասին պատկանելը շեշտված է կրծքի վրա ձգված ժապավենների առկայությամբ: Նույն խորանարդաձև պատվանդանի երրորդ նիստի վրա պատկերված են երեք, արդեն աշխարհիկ հագուստով մարդիկ, որոնք կա՛մ երեցփոխներ են, կա՛մ այն անձինք, որոնց հիշատակին էլ նվիրված է եղել հուշարձանը:
Դանիելի զրույցի երեք մանուկների մասը Աղթամարում վաղմիջնադարյան կոթողների կերպարանավորման կանոնիկ մոտեցումից միանգամայն տարբեր է: Կիրառելով արտահայտիչ միջոցների ողջ հնարավորությունները՝ երեք մանուկները հնոցում պատկերվել են հասակով մեկ, գլուխների շուրջը լուսապսակով, Ամբակում հրեշտակի ուղեկցությամբ:
Հ. Օրբելին վերջին խմբանկարի վերաբերյալ այն միտքն է հայտնում, թե քանդակագործը փորձել է նրանց պատկերել հնոցից դուրս գալու պահին, ազատության մեջ: Այսպիսի մոտեցում ավելի վաղ (VI-VII դդ.) Օձունի հուշակոթողը պատկերող վարպետն է ցուցաբերել, երբ տեղի խնայողության համար նրանց կիսանդրիներն է քանդակել, բայց չի մոռացել ինչպես Աղթամարում պատկերել օդում ճախրող հրեշտակին:
Դանիելի զրույցը (Ագարակ, Ավան, Խոժոռնիում հայտնի քանդակը՝ «Երեք մանուկները հնոցում») հայկական միջավայրում ուներ ևս մի տարբերակ, երբ երեք հոգու փոխարեն կոթողի վրա պատկերված են չորսը: Ամենայն հավանականությամբ, քանդակագործը, քաջատեղյակ Աստվածաշնչի այն հատվածին, որտեղ նկատել են երեքի փոխարեն չորս հոգու, փորձել է այդ պահը վերարտադրել քանդակի մանրամասներում: «Նաբուգոդոնոսորը, երբ լսեց նրանց օրհնությունը, զարմացավ. նա տագնապահար վեր կացավ և ասաց իր մեծամեծներին. «Միթե մենք կապված երեք մարդ չնետեցի՞նք կրակի մեջ»: Նրանք ասացին թագավորին. «Այո՛, ճիշտ ես ասում, արքա՛»: Թագավորն ասաց. «Բայց ես տեսնում եմ կապերից արձակված չորս մարդ, որոնք քայլում են կրակի մեջ, որևէ վնաս չեն կրել, իսկ չորրորդի տեսքը Աստծո որդու նման է» (Դանիել 3:91-92):
Այս բովանդակությամբ երրորդ հուշակոթողը Խոժոռնի վանքի որմի մեջ ագուցված քանդակն է:
Ագարակի խորանարդաձև պատվանդանի պատկերաքանդակները հետաքրքիր է համեմատել Միլանի Սան Նազարո Մաջորե եկեղեցում պահվող և IV դարով թվագրվող մի մասնատուփի պատկերաքանդակների հետ: Մասնատուփի չորս ճակատներն էլ ծածկված են պատկերաքանդակներով, ընդ որում, նրանք վերցված են շրջանակների մեջ: Նշենք, որ բարձրաքանդակները նման շրջանակների մեջ վերցնելը բնորոշ էր հատկապես վաղ բյուզանդական արվեստին, և, թերևս, այդ ավանդությունն էլ իր արձագանքն է գտել հայկական քանդակագործության «հյուսիսային դպրոցում»: Այստեղ համանման շրջանակներ ենք տեսնում և՛ Օձունում, և՛ նրան հարող մի շարք այլ հուշարձաններում: Մեզ հետաքրքրող մասնատուփի ճակատներից մեկում տեսնում ենք նույն կոմպոզիցիան, ինչ որ Ագարակի պատվանդանի վրա, որտեղ առկա են երեք երիտասարդները, իսկ չորրորդ ֆիգուրը, ինչպես նշվում է, ներկայացնում է նրանց փրկող հրեշտակին: Բացի այդ, որոշակի ընդհանրություններ կան նաև հանգիստ կանգնած ֆիգուրների ընդհանուր եզրաձևերի միջև. երկու տեղում էլ բացակայում են հնոցից ելնող բոցերը:
Այս սյուժեն խիստ յուրովի է մշակված Օձունի (4-6-րդ դդ.) պատկերաքանդակների արևելյան կողմում կոթողը պսակող խոյակի վրա: Այստեղ պատկերված են երեք երիտասարդների կիսանդրիները, ընդ որում, նրանց գլուխներն անհամեմատ մեծ են, մազերը՝ գալարուն և նրանք լայն բացված աչքերով, սևեռուն հայացքով նայում են դիտողին: Բոլոր կողմերից բարձրացող բոցերի լեզվակները հասնում են մինչև խոյակի վերին եզրը: Սյուժեի վերին մասում պատկերված են թռչող հրեշտակի ֆիգուրներ, որոնցից մեկը մաս է կազմում «Երեք մանկունք հնոցում» տեսարանի: Մինչև գոտկատեղը, դիմահայաց պատկերված ֆիգուրների վերևում ճախրող հրեշտակի ֆիգուրը գրավում է խոյակի ամբողջ լայնությունը (նրանից փողի նման մի երաժշտական գործիք է կախված): Սա հանուն Աստծու նահատակության գաղափարն է արտահայտում, որ շատ այժմեական էր V-VI դդ. հայ-պարսկական պատերազմների համար (Վարդան զորավարը իր և իր զորքի համար օրինակ էր բերում մակաբայեցի վկաների նահատակությունը, որոնք էլ, իրենց հերթին, օրինակ էին վերցնում Երեք մանուկներից, որոնք իրենց հավատքով փրկվեցին հրից): Նման հորինվածքն, անտարակույս, պատահական չէր ընտրված: Այստեղ, անշուշտ, իր որոշակի նշանակությունն է ունեցել պատկերաքանդակի տեղաբաշխումը. զգալի բարձրությունը պահանջում էր արտահայտիչ միջոցներ: Մյուս կողմից, երիտասարդներին ամբողջ հասակով պատկերելու դեպքում պարզապես տեղ չէր մնա թռչող հրեշտակի համար, և քանդակագործը ստիպված պետք է լիներ, Ագարակի կոթողի վարպետի նման, կողք-կողքի պատկերել երեք երիտասարդներին և հրեշտակին:
Մինչդեռ պատկերաքանդակներն այժմ լավ դիտվում են և հիանալի կերպով պսակում կոթողի պատկերագրական ամբողջ սիստեմը: Այստեղ էլ անհրաժեշտ է նշել տվյալ սյուժեի սիմվոլիկ նշանակությունը, նրա առնչությունը Հայաստանում քրիստոնեության տարածման, Տրդատի, Ս. Գրիգոր Լուսավորչի և նրանց օժանդակող նախարարների մեծագործությունների հետ, հանգամանք, որը և, թերևս, կանխորոշել է տվյալ սյուժեի ընտրությունը: «Երեք մանկունքը բաբելոնյան հնոցում» սյուժեն իր էությամբ համահունչ է Տրդատի փրկության տեսարանին: Քրիստոնյա Արևելքում լայն տարածում գտած աստվածաշնչյան այս պատմությունը (Դան. 3,6) փրկության խորհրդանիշն է, և այդ իսկ պատճառով պատահական չէ, որ հենց այդ խորհրդանշական հորինվածքով էլ սկսվում է սրբերի շարքը:
1269թ. Երզնկայի Աստվածաշնչում մի քանի սյուժեների ընտրությունը ցույց է տալիս արվեստագետի ինքնուրույնությունը: Այդպիսին է Դանիելի գրքում հնոցում երեք եբրայեցի պատանիների պատկերը:
Թորոս Ռոսլինի «Երեք մանկունք հնոցում» դրվագը այլ ձևով կրկնվում է Հեթում Բ-ի նշանավոր Ճաշոցում:
Մեմորիալ հուշարձանները ժամանակակիցների գիտակցության մեջ առնչվում էին փրկության գաղափարի հետ: Սակայն վաղ միջնադարյան Հայաստանում թերևս կար այդ հասկացողության մեկ այլ մեկնաբանում: V դարի պատմիչ Եզնիկ Կողբացին գրում է. «Մի խոսքով՝ անմեղ մարդուն ո՛չ դևերը կարող են վնասել, ո՛չ էլ գազանները կուզեն սպանել, ինչպես որ ո՛չ գազանները Դանիելին վնասեցին, ո՛չ էլ հնոցի կրակը՝ երեք քաջերին» (Եզնիկ Կողբացի, Եղծ աղանդոց, Երևան, 1970թ.): Փրկության հրաշքը այստեղ պայմանավորված էր ոչ միայն և ոչ այնքան Դանիելի գրքի գործող անձերի անհուն հավատով, այլ այն հանգամանքով, որ նրանք իսկապես մեղսագործ չէին աշխարհիկ իշխանությունների հանդեպ:
Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու հարավային և հյուսիսային ճակատների արևմտյան հատվածներում տեղադրված են հինկտակարանային այն թեմաները, որոնք խորհրդանշում են փրկության առաքելությունը: Պատահական չէ արևմտյան այս խաչաթևում Գագիկ արքայի երեցփոխանական կոմպոզիցիան, Արծրունյաց տան մեծ աստվածասիրությունը, որի այլաբանություններն են աստվածաշնչային հանրահայտ սյուժեները: Հյուսիսում այդ «Երեք մանկունքը հնոցում» սյուժեն է: Գագիկը կարծես դիմում է երկնային տիրակալին՝ խնդրելով իրեն փրկել այնպես, ինչպես փրկվեցին Դանիելն ու Հովնանը, երեք մանկունքն ու Իսահակը, Ադամը և Եվան: Այս խաչաթևի սյուժետային հիմնական մտահղացումը Արծրունիների մեծ հավատն է, Գագիկ թագավորի փառաբանումը և ձգտումը՝ փրկվելու այնպես, ինչպես փրկվել են Երեք Մանկունքը: «Երեք մանուկները կրակե հնոցում» պատկերում երեք երիտասարդները պատկերված են ամբողջ հասակով, թեև չկա և ոչ մի ակնարկ հնոցի առկայության մասին: Բոլոր ֆիգուրներն էլ լուսապսակներ ունեն: Լուսապսակների առկայությունը խիստ բնորոշ է Աղթամարի սյուժեների հերոսների մոտ: Վաղ միջնադարում երեք երիտասարդները լուսապսակ չէին ունենում: Մինչդեռ այստեղ, Աղթամարում լուսապսակներ ունեն նաև հարավային ճակատում պատկերվածները: Բայց և այնպես բոլոր աստվածաշնչյան հերոսները չէ, որ ունեն լուսապսակ: Հետազոտությունը ցույց է տալիս, որ Մանուելը լուսապսակներով է պատկերել միայն այն անձանց, որոնց վրա այս կամ այն կերպ իջել է աստվածային օրհնությունը, որոնք փրկվել են Աստծու միջնորդության շնորհիվ:
Հայ մատենագրության մեջ երեք մանուկների մասին շատ արժեքավոր հիշատակություններ կան: Եղիշեի մոտ հիշատակվում է Բաբելոնի կրակի մասին. «եւ զայս լսելով թագաւորին՝ բորբոքեցաւ իբրեւ զհուր հնոցին ի Բեբիլոն»: Մովսես Կաղանկատվացին ասում է. «վառեցան, բորբոքեցան եւ այրեցան իբրեւ փուշք ի մեջ հրոյ. նմանեցար Երից մանկանցն ի հուր հնոցին, զզօրութիւն հրոյն շիջուցեր զխորշութիւն կայծակացն կակղութիւն վարդի փոխեցեր»:
Երեք մանուկներին նվիրված եկեղեցիներ, վանական համալիրներ են կառուցվել: XVII դարում իր եկեղեցական հարուստ պատմությամբ Ջրագնդիկ գավառում կառուցվել է վանական համանուն մի համալիր:
Կազմեց Գայանե Սուգիկյանը