12 Հոկտեմբեր, Շբ
Մի մեղավոր մարդ, որ իր դստերն ապականել էր, եկավ եպիսկոպոսի մոտ` իր հանցանքները խոստովանելու: Նա մեծապես ու զարմանալի զղջումով եւ հորդահոս արտասուքով խոստովանեց և հարցրեց.
- Սոսկ զղջումով ու չարչարանքներով կարո՞ղ եմ արդյոք Տիրոջից թողություն գտնել:
- Անկասկած այդպես է,- պատասխանեց եպիսկոպոսը,- կարող ես եթե կամենաս այդ հանցանքներիդ համար ապաշխարել:
Եվ նա ի խորոց սրտի աղաղակեց` ասելով.
- Կամենում եմ, եթե նույնիսկ հրամայես հազար անգամ մահ հանձն առնել:
Իսկ եպիսկոպոսը, գթալով թշվառականին, ասաց.
- Քեզ ընդհամենը յոթ տարվա ապաշխարություն եմ տալիս:
Այն ժամ մեղավորն ասաց.
- Ինձ նման մեծագույն չարագործի համար ընդհամենը յոթ տարվա ապաշխարություն սահմանելն ինչ է. եթե մինչև աշխարհի վերջն էլ կենդանի մնամ, այդքան չարագործությունները քավել չեմ կարողանա:
Եպիսկոպոսը պատասխանեց.
- Գնա՛ և միայն հաց ու ջրով երեք օր պա՛հք պահիր:
Այդ ժամանակ մարդն առավել ողբալով ու կուրծք ծեծելով աղաչեց , որ փրկության ապաշխարությունն առաջնորդի իրեն: Եպիսկոպոսն էլ, խիստ զարմանալով և ուրախանալով, նրան պատվիրեց, որ գնա և միայն «Հայր Մեր»-ն ասի՝ ստուգապես իմանալով, որ իր մեղքերը ներված են: Իսկ մարդն այդ, ուժգին աղաղակոցով գետնին ընկնավ և հոգին ավանդեց: Անկասկած պարզ է, որ այսօրինակ ապաշխարությամբ նա ընդունելի եղավ Աստծուն և փոխադրվեց անանց կյանք:
***
Մի մարդ, որ վաշխ ու տոկոս էր վերցնում: Քահանան մշտապես նրան խրատում և ապաշխարության էր հորդորում, իսկ նա էլ ասում էր.
- Լավ, լավ, կգա ժամանակ, կապաշխարեմ:
Նույնը նաև հիվանդության ժամանակ էր ասում: Իսկ քահանան տեսնելով դրա վտանգը՝ ջանադրաբար ստիպում էր նրան, որ ապաշխարի: Եվ երբ արդեն մահամերձ էր, քահանան դարձյալ փորձեց խոստովանության ու ապաշխարության բերելու: Իսկ նա աղաղակեց.
- Օ՛վ ապաշխարություն, ո՞ւր ես: Ես այլևս ապաշխարել չեմ կարողանում: Եվ սա Աստծո արդար դատաստանով էր, քանզի այն ժամանակ, երբ կարող էի ապաշխարել, չկամեցա:
Այսպես ասելով էլ մեռավ:
Հայելի վարուց