Երիտասարդների սիրո մեծությունն ուրախություն պատճառեց Անահիտ տատիկին

Հասարակությունն ամրանում և օրեցօր զորանում է իր այն անդամների շնորհիվ, որոնք գնահատել, պատվել ու հարգել գիտեն ավագ սերնդին: Քրիստոնեական հավատն այս մասին ուսուցանում է և ասում. «Արդ, հատուցեցե՛ք յուրաքանչյուրին իրենց պարտքերը. որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին երկյուղ՝ երկյուղը, որին պատիվ՝ պատիվը» (Հռոմ. 13:7): Հայր Պաիսիոս Աթոսացին նշել է, որ ծերերի հանդեպ խնամքը մեծ վարձք ունի. «Մարդկանց պատվով վերաբերվիր. տարիքով ավագին՝ իր տարիքի համար, կրտսերին՝ իր ակնածանքի համար: Մարդը, որ հոգևոր առումով առաջադիմում է, հարգանքով, մեծարանքով է վերաբերվում իրենից ավագին: Հարգանքի մեջ սեր կա»:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցիալական ծրագրերին իրենց մասնակցությունը բերած ամերիկահայ եկեղեցասեր մի քանի երիտասարդներ այս անգամ իրենց սերն ու հարգանքը ցուցաբերեցին Անահիտ տատիկի (76 տ.) հանդեպ: Երիտասարդների բարի մղումը խոսում է նրանց հայրենասեր ու ազգասեր լինելու մասին: Թեև նրանց վիճակվել է հայրենիքից հեռու ապրել, բայց նրանք չեն մոռացել իրենց հայրենիքն ու հայրենակիցներին, առավել ևս՝ ավագ սերնդին:

Մայիսի 3-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Իսահակյան 38, բն. 41 հասցեում բնակվող Անահիտ տատիկին և նրան հանձնեց երիտասարդների կողմից տրամադրած դրամական աջակցությունը (200 ԱՄՆ դոլար): Անահիտ տատիկը զգացված էր Տեր Հոր այցից և երիտասարդների ուշադրությունից: Նա գոհություն հայտնեց Աստծուն, որ հայրենիքից հեռու նման հայրենասեր երիտասարդներ են ապրում և իր բարի մաղթանքն ու օրհնանքը հղեց նրանց: Երիտասարդներն արժանացան աստվածային օրհնության, քանի որ, Հայր Պաիսիոս Աթոսացու խոսքի համաձայն՝ սրտից բխած օրհնությունն աստվածային օրհնություն է:

 

Կարինե Սուգիկյան

03.05.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․