Քրիստոնյայի համար կարևորագույն նպատակ է ամեն օր հոգևոր աճ ունենալը, կյանքն այնպես ապրելը, որ այն ուղղորդի իրեն դեպի փրկություն: «Ինչի վրա, որ ծախսես կյանքդ, այն էլ կդառնա կյանքիդ իմաստը: Նրա համար, ով սիրում է Աստծուն, կյանքը դառնում է հավիտենություն: Գնա Աստծո հետևից և կյանքդ կկարգավորվի, սկսիր կյանքդ կարգավորել, կկորցնես թե՛ այն և թե՛ Աստծուն»,- ասել է վանական Սիմեոն Աթոսացին:
Հունվարի 11-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Թովմասյան Աննային (35տ.) հանձնեց մոսկվաբնակ Բաղդասարյան ընտանիքի աջակցությամբ գնված սննդի փաթեթ: Աննան իր ամուսնու՝ Հակոբյան Հակոբի (40 տ.) և երեք անչափահաս զավակների հետ բնակվում է Բելիսնկու 55ա հասցեում: Հակոբյան ընտանիքը սոցիալապես անապահով վիճակում է հայտնվել, քանի որ ընտանիքի հայրը, շինարար լինելով, մշտական աշխատանք չունի: Թովմասյան Աննան իր շնորհակալությունը հայտնեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին, Տեր Գրիգորին և աջակից անձին:
Տերը ողորմած մարդու շնորհիվ մեծ բարիքներ և օրհնություններ է բաշխում: Այս պատմությունը դա է վկայում. «Ոմն ծեր վանական մի եղբոր հետ ապրում էին միասին: Վանականը ողորմած անձնավորություն էր: Երբ սով սկսվեց, որոշ մարդիկ սկսեցին գալ վանականի մոտ և ողորմություն խնդրել: Նա բոլորին հացի կտորներ էր բաժանում: Եղբայրը, տեսնելով դա, ասաց վանականին. «Տուր իմ բաժին հացը, իսկ քո բաժնի հետ վարվիր այնպես, ինչպես ցանկանում ես»: Վանականը եղբորը տվեց իրեն հասանելիք բաժինը և այդուհետ ողորմություն էր տալիս իր բաժնից: Շատերը լսելով, որ վանականը ողորմություն է տալիս, գալիս էին նրա մոտ: Եվ Աստված, տեսնելով նրա բարի հոժարակամությունը, օրհնեց հացը: Իսկ եղբայրը, ուտելով իր բաժինը հացը, ասաց վանականին՝ Աբբա, քանի որ իմ հացը քիչ է, թույլ տուր, որ միասին ապրենք, ինչպես նախկինում: Վանականն ասաց՝ կանեմ այնպես, ինչպես դու ես ցանկանում և նորից սկսեցին միասին ապրել: Երբ բարի ժամանակներն եկան, նորից կարիքավորներ էին գալիս՝ ողորմություն ստանալու: Եվ պատահեց մի օր, երբ եղբայրը տուն մտավ, տեսավ, որ հացերը նվազել են, և այդ ընթացքում մի աղքատ եկավ, վանականը եղբորն ասաց, որ հաց տա նրան: Բայց եղբայրն առարկեց՝ Աբբա, չկա հաց: Վանականն ասաց նրան՝ գնա և փնտրիր: Եղբայրը, ներս մտնելով, ուշադիր նայեց և տեսավ հացամանը՝ լի հացով: Դա տեսնելով՝ նա զարհուրեց և հաց տվեց աղքատին: Եվ, ճանաչելով վանականի հավատն ու առաքինությունը, փառք տվեց Աստծուն»:
Կարինե Սուգիկյան