Սուրբ Սարգսի տոնը հայերիս մեջ ամենասիրված տոներից մեկն է, իսկ Սբ. Սարգիս զորավարը հայ ժողովրդի ամենասիրելի և մեծ ժողովրդականություն վայելող սուրբը, որին ժողովուրդը դիմում է առանձնակի ջերմեռանդությամբ և խոր հավատքով՝ ապավինելով ամենահաս և արագահաս սուրբի բարեխոսությանը, և՛ վտանգի, և՛ նեղության անելանելի վիճակներից սրբի միջոցով ազատվելու համար:
Ճիշտ է Սուրբ Սագիսը հայ չէ, սակայն քրիստոնեական հավատքի համար նահատակված այն վկան է, որի անունը կապվում է Հայոց աշխարհի հետ: Քրիստոնեական հավատքի մեկնիչը, իր ապրած կյանքով սիրելի դարձավ ողջ քրիստոնյա Արևելքում, այդ թվում և Հայաստանում:
Այն, որ Սբ. Սարգիսը համաժողովրդականություն ունի հայերիս մեջ, վկայում են Հայաստանում նրա անունով կառուցված մոտ 220 սրբավայրերը՝ վանքերը (Դերսիմում, Վասպուրականի Հայոց ձորում, Արցախում, Այրարատում, Տուրուբերանում, Կիլիկիայում և այլուր), եկեղեցիները, մատուռները (Լոռիում): Հայոց աշխարհում ամենուրեք հիմնադրվել են սրբավայրեր Սուրբ Սարգսի անվամբ: Դրանցից ամենահնագույնը Ուշիի Սուրբ Սարգիս վկայարան-եկեղեցին է: Սուրբի անունով մեզ հայտնի են նաև բերդեր (Դերսիմում, Նախիջևանում և Շապին-Գարահիսարում), գյուղեր (Ծոփքում, Աղձնիքում, Տայքում, Բարձր Հայքում, Այրարատում, Արցախում և այլուր), լեռներ (Կիլիկիայում, Ծոփքում, Վասպուրականում, Լոռիում), գետեր (Օլթի գետի ավազանում), աղբյուրներ (Գուգարքում), թաղամասեր (Ծոփքում), բլրակներ (Գուգարքում), ձմեռանոցներ (Գուգարքում), մենաստաններ (Բարձր Հայքում):
Շնորհք արքեպիսկոպոսը իր աշխատության մեջ հետևյալ կերպ է ներկայացրել Սուրբ Սարգսին. «Սուրբ Սարգիսը ազգությամբ հայ չէ, ոչ էլ նահատակվել է Հայաստանում: Մյուս եկեղեցիները մեծ կարևորություն չեն տվել նրա հիշատակին և եթե մինչև իսկ հնում հիշատակել են նրան, այսօր գրեթե մոռացության են տվել: Իսկ մյուս կողմից՝ նկատի ունենալով, որ մեր մեջ, ընդհակառակը, ամենամեծ ժողովրդականություն շահած սուրբերից է, ուստի մենք կդասենք նրան հայազգի սուրբերի շարքին»:
Քրիստոսի քաջ, առաքինի զինվորը և անհաղթ վկան՝ Սուրբ Սարգիսը ազգությամբ հոռոմ էր (այսպես կոչում էին բյուզանդական շրջանի հույներին), ապրում էր Կապադովկյան Կեսարիայի Գամիրք գավառում (4-րդ դար): Մարտնչող նահատակը ջերմեռանդ և գթասիրտ քրիստոնյա էր, սիրում էր Աստծուն ողջ սրտով և զորացած էր Սուրբ Հոգով: Իմաստուն ու հանճարեղ էր, ծանոթ բոլոր դատավորներին և իշխաններին: Նա զորական էր և նրա իշխանության ներքո կար մի զորագունդ: Արքունական հրամանով կարգված էր ծառայության Կապադովկիայի թագավորական զորքում: Հռոմեական զորքի ստրատեգ լինելով և լավ պատկերացնելով իրեն սպասվող կտտանքներն ու խոշտանգումները՝ Սուրբ Սարգիսը անվախորեն և համարձակությամբ ամենուր քարոզում էր Սուրբ Ավետարանը, կործանում էր բագինները, մեհյանները, կառուցում եկեղեցիներ, օգնում աղքատներին ու կարոտյալներին և տարածում քրիստոնեությունը: Նա ամենուր օգնում էր ժողովրդին իր ունեցվածքով, սիրահոժար ողորմություն անում, պաշտպանում էր խեղճերին ու տկարներին և քրիստոնեություն քարոզում նաև իր գնդի զինվորներին: Ուժեղ և քաջարի զորավար լինելով՝ նա ոչ թե բռնությամբ էր թելադրում իր կամքը, այլ փորձում էր հնազանդությամբ ու գթասրտությամբ վերաբերվել իր զինվորներին ու նույնիսկ իր թշնամիներին:
Բարեպաշտ Կոստանդիանոսի և նրա որդիներից հետո գահին է բազմում Հուլիանոս Ուրացող կայսրը (361-363թթ.): Ամբարիշտ Հուլիանոսի թագավորության ժամանակ աստվածային հայտնությամբ Սբ. Սարգսին թելադրվում է հեռանալ Հռոմեական կայսրության սահմաններից: Նա իր որդու՝ Մարտիրոսի հետ գալիս է Հայաստան: Սակայն հայոց Տիրան արքան, վախենալով Հուլիանոսի հետ պատերազմի մեջ մտնելուց, խորհուրդ է տալիս Սբ. Սարգսին հեռանալ Հայաստանից և գնալ Պարսկաստան: Նա գնում է Պարսկաստան: Պարսից Շապուհ արքան, տեղեկացված լինելով Սուրբ Սարգսի քաջագործությունների մասին, մեծ ուրախությամբ և պատիվներով ընդունում է նրան և առաջին զորագլուխներից մեկը կարգում: Սբ. Սարգիսը այստեղ էլ մեծ համբավ է ձեռք բերում՝ իբրև քրիստոնյա քաջ զորավար: Բազմաթիվ պատերազմներում Աստծո օգնությամբ մեծ հաղթանակներ է ունենում, այդ թվում և Հուլիանոս Ուրացողի դեմ պատերազմում: Մեծ էր նրա ազդեցությունը պարսիկ զորքի վրա. նրանցից շատերը սրբի քարոզչության շնորհիվ ընդունում են քրիստոնեությունը: Սբ. Սարգիսը, բազմաթիվ կենդանիներ էր մորթել տալիս և առատորեն բաժանում աղքատներին: Դրանով իսկ նա փորձում էր օրինակ ծառայել իրեն ենթակա զինվորներին, որոնք կուռքերին էին զոհ մատուցում, փոխանակ աղքատներին ողորմեն:
Չարախոսները Շապուհ արքայի առջև ամբաստանում են Սուրբ Սարգսին և հայտնում նրա քրիստոնյա լինելը: Երբ թագավորը իմանում է, որ Սուրբ Սարգիսը քրիստոնյա է և իր զինվորներին նույնպես քրիստոնեության է մղում, սաստիկ տրտմում է, քանի որ չէր ցանկանում նրա նման քաջ մարդուն կորցնել և այդ ամենից դուրս գալու տրամաբանական ելքեր էր փնտրում:
Շապուհ արքան աստվածների տոնին հրամայում է բոլորին, այդ թվում և Սբ. Սարգսին ու իր որդուն, հավաքվել ատրուշանների մոտ կրակ վառելու և զոհ մատուցելու արքունի մեհյանում՝ ըստ պարսկական օրենքի: Սբ. Սարգիսը անվարան մերժում է, ասելով, որ ինքը պաշտում է կրակի ու արևի Արարչին և երկրպագում է Նրան, ով ստեղծել է երկինքն ու երկիրը, ով կենդանի է և հավիտենական. «Դուք բոլորդ պարտավոր եք երկրպագել և փառավորել միակ ճշմարիտ Աստծուն, իսկ կրակը և կուռքերը աստված չեն, որոնք մարդը կարող է ոչնչացնել»: Եվ խոսքը գործի վերածելով՝ կործանում է բագինն ու հանգցնում կրակը: Զայրացած մոգերը և ամբոխը, հարձակվելով Սուրբ Սարգսի և նրա որդու վրա, սկսում են ծեծել և չարչարել նրանց: Ամբոխի զոհն է դառնում Մատիրոսը՝ հորից առաջ ընդունելով մարտիրոսական պսակը:
Թագավորը Սուրբ Սարգսին ազատում է և բանտ նետում, հույս ունենալով, որ նա կարող է զղջալ ու կրակապաշտ դառնալ:
Տեսնելով Սուրբ Սարգիս զորավարի հաստատուն հավատքը՝ թագավորը գլխատման վճիռ է արձակում: Գլխատման վայրում երանելին այսպես է աղոթում. «Ով Տեր, Քրիստոս Աստված իմ, նրանք, ովքեր կհիշեն իմ անունը նեղության մեջ և կկատարեն իմ նահատակության հիշատակը ուխտով և պատարագով, ինչ որ ուզեն Քեզանից, լսի՛ր և շնորհի՛ր նրանց խնդրանքը»:
Նահատակվում է Սուրբ Սարգիսը և նույն պահին ծագում է երկնային լույսը և շրջապատում նրա մարմինը իր ցոլքերով: Նահատակվում է, բայց չի մեռնում: Տիրոջ ձայնը ասում է. «Զորացի՛ր, քաջ նահատակ Քրիստոսի, մի՛ վախեցիր նրանցից, որ մարմինդ են սպանելու, որովհետև բացվեց քեզ համար Երկնքի Արքայության դուռը: Ինչ որ խնդրեցիր Աստծուց, տրվեց քեզ: Եվ հավատացյալների կողմից կատարված խնդրվածքները պիտի կատարվեն Աստծո կողմից»:
Տասնչորս պարսիկ զինվորները, ովքեր հավատարմորեն հետևում էին Սուրբ Սարգսին, տեսնելով այս ամենը, ավելի հաստատվեցին իրենց քրիստոնեական հավատքի մեջ: Նրանք վերցրեցին սրբի մարմինը, մաքուր զգեստներով պատեցին՝ պատվով թաղելու համար: Բայց Շապուհ թագավորի հրամանով նրանք ևս գլխատվեցին: Թագավորը հրամայում է նրանց մարմինները գազանների առջև նետել: Ի զարմանս ներկաների՝ ոչ մի գազան չի դիպչում նահատակ մարմիններից և ոչ մեկին: Այդժամ հավատացյալները թաղում են Սուրբ Սարգսի, Մարտիրոսի և 14 զինվորների սուրբ մարմինները Համիան քաղաքի մոտ:
Ըստ «Հայսմավուրք»-ների նրանց նահատակությունը տեղի է ունեցել 363թ. հունվարի 31-ին, Մազանդարան նահանգի Դաղման քաղաքի մոտ:
Ավանդության համաձայն՝ հետագայում Սբ. Մեսրոպ Մաշտոցը սրբի մարմինը տեղափոխեց Կարբի (Աշտարակի մոտ), ուր եկեղեցի կառուցեց նրա անունով: Սրբի ատամներից մեկը Սբ. Մեսրոպ Մաշտոցը տեղադրում է խաչափայտի մեջ և օծում այն: Հետագայում խաչափայտը իր հետ տանում է Վրաստան և կանգնեցնում Գագա բլրի վրա:
Սուրբ Սարգսի տոնը Հայ եկեղեցու տոնացույցում ունի իր պատվավոր տեղը: Նրա հիշատակը Հայ եկեղեցին նշում է Սբ. Զատկից 9 շաբաթ առաջ, Առաջավորաց պահքին հաջորդող շաբաթ օրը: Տոնը ունի 35 օրվա շարժականություն և տոնվում է հունվարի 18-ից փետրվարի 23-ը ընկած ժամանակահատվածում:
Արդեն մի քանի տարի է, ինչ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսի հրահանգով Սբ. Սարգսի տոնը հռչակվել է իբրև երիտասարդների օրհնության օր։ Այդ օրը ժողովուրդը գնում է եկեղեցի, աղոթում՝ հայցելով Սբ. Սարգսի բարեխոսությունը, մասնակցում Սբ. Պատարագին։ Իսկ երիտասարդ-երիտասարդուհիները քահանայից ստանում են օրհնություն։
Կազմեց Կարինե Սուգիկյանը