23 Դեկտեմբեր, Բշ
13. Ահաւասիկ են, որ ասեն՝ այսօր և վաղիւ երթիցո՛ւք յայս անուն քաղաք, եղիցո՛ւք անդ տարի մի, վաճառեսցո՛ւք եւ շահեսցուք.
14. Որք ո՛չ գիտէք զվաղիւն:
15. Որպիսի՞ ինչ են կեանք ձեր, զի իբրև զմրրի եք, որ առ սակաւ մի երևեալ՝ և ապա ապականեալ: Փոխանակ զի ասէիք՝ եթէ Տէր կամեսցի, կեցցո՛ւք և արասցուք զայս ինչ կամ զայն:
16. Եվ արդ՝ պարծիք յամբարտաւանութեան ձերում. ամենայն ինչ այնպիսի պարծանք՝ չարութիւն են:
17. Որ ոք գիտիցէ զբարին՝ և ո՛չ առնիցէ, մեղք են նմա:
Այժմ նրանց մասին, որ ասում են. «Այսօր կամ վաղը կգնանք այսինչ քաղաքը, մեկ տարի կմնանք այնտեղ, կվաճառենք և կվաստակենք»: Այսպես եք ասում դուք, որ ոչինչ չգիտեք վաղվա մասին, որովհետև ի՞նչ է ձեր կյանք. հիրավի մի մշուշ է այն, որ մի պահ երևում է և ապա անհետանում: Մինչդեռ դուք ասելու եք. «Եթե Տերը կամենա, և ապրենք, կանենք այս կամ այն բանը»: Բայց արդ՝ պարծենում եք ձեր ամբարտավանությամբ: Այդպիսի ամեն պարծանք չար է: Ով որ գիտե, թե ինչ է բարին, և չի անում, նրա համար այդ մեղք է:
Մեկնություն
Բազմաթիվ անգամներ խոսեց մարդկային անմտության, նրանց զանազան չարիքների մասին, որոնք թվարկելով՝ հանդիմանեց, և դրանց հետ մեկտեղ ցույց տվեց հարստության ունայնությունը և սնոտի կյանքը, չարահնար ամբարշտությունը, և խոտածաղկի նմանեցրեց դրանց փառքը և ասաց, որ ոչինչ այդքան վայելուչ ու հարուստ տեսք չունի, որքան ծաղկի պայծառությունն է: Եվ նույնքան անկայուն և դյուրաթառամ համարեց հարուստին և ավելի արագ վախճան ունեցող, քան խոտածաղիկն է:
Ապա նորից սկսեց ցույց տալ նման բաների անմտությունը և սնոտի պարծանքը, որ ավելի վատ է, քան առաջինը և անարգանքով լեցուն: Քանզի մահկանացու մարդը, որը չգիտե, թե իր ցերեկը կամ գիշերը հեշտությամբ կանցնի, թե ոչ, սակայն հոգ է տանում և տնօրինում գալիք ժամանակները իր բազմաթիվ շահերի համար: Եվ կարծես իրենք լինեն իրենց կյանքը երկարեցնող տերերն ու պահապանները, այնպես պարծենալով են խոսում և մարդկանց մեջ իրենց պահում, կարծես թե անմահ են, և շրջում են՝ կարծելով թե իրենք են իրենց տերը:
Երանելին, տեսնելով այս և լսելով նրանց անպատշաճ և հառաչանքի արժանի խոսքերը, սկսում է անարգել նրանց և հանդիմանել՝ ասելով. Այժմ նրանց մասին, որ ասում են. «Այսօր կամ վաղը կգնանք այսինչ քաղաքը, մեկ տարի կմնանք այնտեղ, կվաճառենք և կվաստակենք»:
Հավանաբար զարմանքով է խոսում՝ ասելով. այժմ նրանց մասին, որ ասում են, կարծես թե ցանկանալով ասել, որ եթե այսքան հրաշագործույուններից և շնորհներից, Ավետարանի այսքան լուսավոր քարոզչությունից, երկինք կանչվելուց և երկրավոր բաներն արհամարհելուց, Քրիստոսի աշխարհ գալուց և մեզ համար երկնքի դռները բացելուց հետո դեռևս կան ոմանք, որ ասում են «այսօր կամ վաղը»: Մարդու ամբողջ կյանքն այդպես է հասնում իր լրումին՝ այսօր և վաղը, քանզի ամեն օր այսօր է, և վաղն է ծնվում, և քանի դեռ օրերն արեգակի ընթացքով են չափվում, ապա դրանից չեն կարող վրիպել:
Կամ հետևյալ իմաստով է ասում այսօր կամ վաղը, այսինքն՝ մարդու ամբողջ կյանքը, կամ նորից՝ ըստ մարդկային սովորության է այդպես ասում, քանզի մարդիկ, որ պատրաստվում են ճանապարհ ընկնել, դուրս գալու ժամանակն իմանալու համար միմյանց հարցնում են՝ այսօր կամ վաղը: Դրա համար է ասում. Նրանց մասին, որ ասում են «այսօր կամ վաղը կգնանք այսինչ քաղաքը»: Քաղաքը սահմանվեց որպես առևտրական վաճառատեղի, որտեղ կային վաճառատներ և ընդարձակ վայրեր, որովհետև բոլոր գավառականներն ամեն կողմից հավաքվելով՝ յուրաքանչյուրն ըստ իր կարիքների է վճարում: Սակայն քաղաքների մեջ էլ կարող են ընտրություն կատարել, որովհետև կան ավելի շահավետ և վաճառականությունը զարգացած քաղաքներ, ինչպիսիք են ծովեզերքում գտնվող քաղաքները, որոնք պատրաստի նավահանգիստ ունեն և տարբեր վայրերից հազարավոր նավեր են ընդունում իրենց բազմաթիվ բեռներով հանդերձ, և կան քաղաքներ, որ այդպիսին չեն: Իսկ նրանք, ասում է, գիտեն հարուստ շուկա ունեցող և շահավետ քաղաքները, այդ պատճառով էլ ասում են գնանք այսինչ քաղաքը: Այստեղ, ասում են, ոչ մի շահ չկա ո՛չ առևտրից, ո՛չ դահեկանների տոկոսից, ո՛չ մեր հավասար աշխատանքի կատարումից, իսկ այնտեղ ամեն ինչ լավ է: Այդ պատճառով էլ ասում են. մեկ տարի կմնանք այնտեղ, կվաճառենք և կվաստակենք:
Ինչո՞ւ են այսպես ասում և ժամանակ սահմանում, որովհետև տարին չորս եղանակ ունի և յուրաքանչյուր եղանակին տարբեր բաներ են վաճառում, և նրանք էլ, այնտեղ գտնվելով այդ բոլոր եղանակներին, կհասկանան, թե ինչ է անհրաժեշտ մարդկանց՝ կերակուր թե ըմպելիք, տարբեր և զանազան հանդերձներ, որպեսզի ըստ եղանակի փոփոխության վաճառեն և շահեն:
Այդ պատճառով էլ ասում են. «մեկ տարի կմնանք այնտեղ, կվաճառենք և կվաստակենք»: Այդպես եք ասում դուք, որ ոչինչ չգիտեք վաղվա մասին, որովհետև ի՞նչ է ձեր կյանքը: Հանդիմանում է նրանց մտահոգության համար, որ վաղվա օրվա մասին չգիտեն, սակայն գալիք ժամանակներն են տնօրինում: Այդ պատճառով էլ ասում է, անմիտնե՛ր, դուք, որ չգիտեք վաղվա օրվա մասին և ոչ էլ ձեր կյանքի տևողության մասին, թե կհասնե՞ք արդյոք վաղվան, ապա ինչո՞ւ եք ժամանակից առաջ պարծենում, թե կվաճառեք և հարստություն կկուտակեք:
Կարծում եմ, սա այն է, ինչ մեր Տերն ասաց մեծահարուստի մասին, ում արտերն առատ բերք տվեցին, իսկ նա տարակուսանքի մեջ ընկավ, քանի որ ամբարելու տեղ չուներ: Ապա իր մտքում ասաց, թե կքանդեմ իմ շտեմարանները, և ավելի մեծերը կկառուցեմ: Սակայն Աստված նրան ասաց. «Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու» (Ղուկ. 12:20): Նույնպես նաև այստեղ նույնն է ակնարկում՝ ասելով. որ ոչինչ չգիտեք վաղվա մասին, որովհետև ի՞նչ է ձեր կյանքը:
Ապա, երբ հանդիմանեց նրանց անմտությունը կամ ամբարշտությունը, այնուհետև նրանց առջև օրինակ է բերում, որի միջոցով կարողանա ամաչեցնել նրանց: Հիրավի, մի մրրիկ է այն, ասում է, որ մի պահ երևում է և ապա անհետանում: Մրրիկ է կոչում այն, որ պարզ և տաք ժամանակ հանկարծակի երևում է ամպերի խտության և սաստիկ հողմի տեսքով, և շուրջբոլորը մթության ու խավարի է վերածում՝ փակելով արևի ճառագայթները, և ապա կարճ ժամանակով սառը օդ է գալիս, ապա ցնդում է և վերանում:
Եվ կամ նորից մրրիկ է կոչում բորբոքված հնոցը, որը չափազանց կարճատև է: Ըստ նույն օրինակի, ասում է, դուք էլ ձեր խավարամած խորհուրդներով որոշ ժամանակ ի հայտ եք գալիս ձեր վաճառականությամբ և տարաբնույթ այլ մեղքերով, ապա հանկարծակի վրա է հասնում ձեր կորուստն ու մահը և դժոխքի ապականությունը:
Ինչո՞ւ և ի՞նչ պատճառով են ձեզ հետ նման բաներ կատարվում, այն բանի համար, ասում է, որ ձեր ամբարշտության պատճառը Աստծուն եք համարում՝ ասելով. եթե Տերը կամնենա և ապրենք: Ինչպես որ մարդիկ են ասում, որ եթե Աստված կամենա երկար կյանք ունենամ, ապա այն ամենն, ինչ կամենամ, ըստ իմ մտացածի կգործեմ, և Աստված ինձ հաջողություն կտա: Ինչպիսի՜ մեծ ամբարշտություն և սարսափելի դատապարտություն, որով դատում են ամենաբարի բնությունը, և իրենց հետ մեղապարտ են դարձնում նաև նրան, ով անմեղ է մեղքի հանդեպ, և հատկապես այնպիսի մեղքի, որի դատաստանն արդարությամբ կդատի: Այդ պատճառով էլ ասաց. մինչդեռ դուք ասելու եք. «Եթե Տերը կամենա, և ապրենք, կանենք այս կամ այն բանը»:
Ո՛չ արդարություն, ո՛չ իրավունք, ո՛չ ողորմածություն, ո՛չ եղբայրասիրություն և ոչ էլ նմանատիպ որևէ բան, ինչ որ սիրում է Աստված և ցանկանում, այլ՝ Աստծու կամքին հակառակ՝ վաճառականություն, խանութպանություն: Ինչպես, օրինակ, թաքստոցում նստել, դատել, զրկել բոլոր անմեղ և միամիտ մարդկանց, և ասել՝ օրհնեց Տերը և հարստացանք: Եվ սա է ասում, թե աղոթում եք դուք Աստծուն, այդպիսի բաներ եք խնդրում նրանից, այդպես եք թակում դուք Աստծու մարդասիրության դուռը, և ձեր մոլորությունը Աստծու վրա եք փոխադարձում, կարծես թե կամակից է ձեր չար գործերին:
Տե՛ս մարդկային անմտությունը. յուրաքանչյուրն իր կրքին հագուրդ տալու համար Աստծուն է աղաչում՝ ոմանք իշխանության, ոմանք շնության, մյուսները գողության, մի մասը սպանության, ագահության և ոմանք էլ նմանատիպ այլ կրքերի համար, և բոլորն էլ այդ կարծիքի վրա են հիմնված, թե բոլորի օգնականն ու հաջողություն տվողը Աստված է:
Այդ պատճառով էլ ասում է. Մինչդեռ դուք ասելու եք. «Եթե Տերը կամենա, և ապրենք, կանենք այս կամ այն բանը»: Բայց արդ՝ պարծենում եք ձեր ամբարտավանությամբ: Ձեր պարծանքն, ասում է, դեմ է ձեր առաջին խոսքին, որ ասում էիք. «Եթե Տերը կամենա, և ապրենք, կանենք այս կամ այն բանը»: Բայց արդ՝ պարծենում եք ձեր ամբարտավանությամբ, կարծես թե ինքնիշխան եք և ձեր անձով եք ամեն ինչ անում, թե՛ հարստություն ստանում և թե՛ կենցաղային մյուս հաջողություններում:
Կարծում եմ սա այն է, ինչի մասին մարգարեն նախապես կանխագուշակեց. «Իրենց կարողության վրա հույս դնողները պարծենում են իրենց մեծ հարստությամբ» (Սղմ. 48:7), և չեն ակնածում Սուրբ Գրքի դատաստանից, որ դատապարտում է այդպիսիներին, որոնք իրենց հարստությամբ են պարծենում: Քանզի մեկում ասում է. «Թող իմաստունն իր իմաստությամբ չպարծենա, թող հզորն իր զորությամբ չպարծենա, և թող մեծն իր մեծությամբ չպարծենա, այլ պարծեցողը թող այս բանով պարծենա՝ իմանալ և ճանաչել Տիրոջը» (տե՛ս Երեմ. 9:23-24): Տեսնո՞ւմ ես Սուրբ Գրքի իրական խրատը, թե ինչո՛վ է պատվիրում մեզ պարծենալ և ինչպիսի պարծանքից հրաժարվել: Իսկ մյուսում սաստում է և անեծքի արժանի համարում նրանց, ովքեր հույսները դնում են իրենց զորության վրա՝ ասելով՝ «Անիծյալ է այն մարդը, ով հույսը դնում է իր բազկի զորության վրա» (հմմտ. Երեմ. 17:5), քանզի նա կմերժվի Տիրոջ կողմից և Աստծու նզովքին կարժանանա:
Տեսնո՞ւմ ես պատժի սաստկությունը, տեսնո՞ւմ ես զուր պարծանքի չարության արմատը, թե ինչ չարությամբ աճեց և ինչպիսի դառը պտուղներ տվեց՝ Աստծուց մերժվել և անեծքի արժանի դառնալ, այն էլ՝ Աստծու անեծքի:
Այդ պատճառով ասաց. բայց արդ՝ պարծենում եք ձեր ամբարտավանությամբ: Այդպիսի ամեն պարծանք չար է: Ահա երանելին անձամբ դատապարտում է այդ սին պարծանքը՝ այն չարություն անվանելով, և կամենալով ասել, եթե չարից է սկիզբ առնում, ապա, հետևաբար, ինքն էլ չարիք է, քանզի ծառը պտղից է ճանաչվում: Ուստի, ինչպես, օրինակ, եթե մորենու թուփը խաղող չի կարող տալ, և ոչ էլ տատասկը՝ թուզ, այդպես էլ նմանօրինակ պարծանքից ոչ մի բարի բան չի կարող լինել: Դրա համար էլ ոչ թե մեկ կամ երկու պարծանք ասաց, այլ՝ հոգնակիով խոսեց՝ ասելով. այդպիսի ամեն պարծանք, որ մարմնավոր է և հպարտությունից, չար է և Աստծուն՝ օտար:
Ով որ գիտե, թե ինչ է բարին, և չի անում, նրա համար այդ մեղք է: Մարդը բնությամբ ընդունակ է ճանաչել բարին, սակայն գիտությունները զանազանվեցին ըստ մարդկանց ցանկության, քանզի մարդ ինչ սիրում է, դա էլ բարի է համարում՝ թե՛ հարստություն, թե՛ ուսում, թե՛ արվեստ և նմանատիպ այլ բաներ, որոնց մարդիկ կրքոտ են սիրում, և անհագ ձգտում են դրանց՝ իբրև բարու: Իսկ ճշմարիտ բարին մեկն է՝ Աստծու կամքը և նրա պատվիրանները, այն է իրական բարին, որ մեզ Աստծու մոտ է բարձրացնում, որում չկա ոչ ստվեր և ոչ էլ որևէ նենգություն:
Արդ, այս բարու մասին է ասում. ով որ գիտե, թե ինչ է բարին, և չի անում, նրա համար այդ մեղք է: Այսինքն՝ նա, ով գիտե զանազանել ճշմարիտ բարին այսպիսի խառնակ բարիներից, որոնք երկրավոր են և արատավոր, և չի կատարում դա, մեծ մեղադրանքի է արժանի: Ուստի, թեև դրանով մեղք չի գործում, բայց քանի որ բարին չի գործածում և շահում, ապա դա նրան մեղք է համարվում: Եվ սա պարզ է դառնում նրանից, ով մի տաղանդ վերցրեց և թաքցրեց, և թեև դրանով մեղք չգործեց, և ինչ առել էր, ամբողջովին ետ վերադարձրեց, սակայն ոչինչ չշահեց, այլ ընդհակառակը, պատժվեց և չար ու վատ ծառա կոչվեց:
Նմանապես նաև մենք, քանի որ մեզ համար այսպիսի պատգամներ գրվեցին, որ Քրիստոսի գալստյանն ու շնորհին արժանացանք, որ իրապես վայելեցինք նրա բարիքները, և գիտենք նրան, և կարող ենք որոշում կայացնել երկնավոր բարիքների և երկրավորի միջև, մեկի մասին իմանալով, որ երկրավոր և անցողիկ է, ինչպես անպիտան աղբ, իսկ մյուսը՝ մշտնջենավոր և հավիտենական, որը պետք է սիրել և պատվել և սեփական անձի վրա կրել, նրա հետ ընթանալ, և այդ ամենը կատարել հոժարակամ սրտով:
Բայց մենք այդպիսին չենք, այլ գիտենք բարին և գովաբանում ենք ու բոլորին ուսուցանում, սակայն չենք կատարում, ապա ինչպիսի՞ ներման կարժանանանք, երբ մեր իմացած բարին մեզ մեղք է համարվում: Եվ եթե բարին մեղք է համարվում, ինչպես ասում է, ապա, հետևաբար, նաև դատապարտվելու ենք և ինչպիսին են այն մեղքերը, որոնք գիտակցաբար ենք գործում և կամ ո՞ր խավարի կամ անդունդի մեջ չեն գցի մեզ, քանզի ասում է. «Իսկ այն ծառան, որ գիտե իր Տիրոջ կամքը, բայց նրա կամքի համաձայն չի պատրաստի, շատ ծեծ կուտի: Եվ այն ծառան, որ չգիտե իր Տիրոջ կամքը, և ծեծի արժանի գործ է կատարում, քիչ ծեծ կուտի» (Ղուկ. 12:47-48):
Տեսնո՞ւմ ես այն դատապարտության օրինակը, որին ենթարկվելու ենք այն բանի համար, որ գիտենք բարին, սակայն չենք կատարում: Այս ձայնը պետք էր մեզ բոլորիս խստորեն վախեցներ և արթնացներ, հատկապես այս ժամանակներում, երբ երկիրը լցվեց Տիրոջ գիտությամբ, ինչպես բազում ջրեր, որ ծածկում են ծովը, և չկա մեկը, որ անտեղյակ լինի ճշմարիտ բարուց, այլ տղամարդ թե կին, ծեր թե մանուկ, երիտասարդ թե կույս ոչ միայն գիտենալով գիտեն, այլև ուրիշներին են ուսուցանում: Այդ պատճառով մեզ վրա կատարվեց հովելական պատգամը, որ ասում է. «Սրանից հետո իմ Հոգուց կհեղեմ ամեն մարմնի վրա, կմարգարեանան ձեր տղաներն ու աղջիկները, ձեր ծերերը երազներ կտեսնեն, և ձեր երիտասարդները տեսիլքներ կունենան… Այն օրերին իմ Հոգուց կհեղեմ իմ ծառաների վրա, իմ աղախինների վրա, որոնք կմարգարեանան» (Հովել 2:27-29):
Եվ այդպես էլ եղավ ու կատարվեց, և եթե մեկը մյուսին հարցնում էր հանդերձյալ կյանքի մասին, ապա մարգարեաբար պատասխան էր տալիս ճշմարիտ բարու, Քրիստոսի աշխարհ գալու, և արդարների ու մեղավորների հատուցման, երկնքի արքայության և անճառելի բարիքների մասին, գեհենի և հավիտենական կրակների մասին: Տեսնո՞ւմ ես ճշմարիտ բարին և բարու մասին անսխալ գիտությունը, դրա համար էլ ասաց, թե մեղք է համարվելու նրանց, որոնք այդպես գիտեն բարին, բայց չեն գործում:
Եվ երբ այս ամենն ասաց և երկյուղի մեջ գցեց եկեղեցու բոլոր անդամներին, ապա հանդիմանությունն ուղղում է հարուստներին, և առավել ևս խոցում է նրանց հոգիները՝ ասելով.
Գլուխ 5, բան 1.
1. Արդ՝ այսուհետև, մեծատունք, լացէ՛ք և ողբացէ՛ք ի վերայ թշուառութեանցն, որ գալո՛ց են ի վերայ ձեր:
Ուրեմն այժմ, հարուստնե՛ր, լացե՛ք և ողբացե՛ք այն թշվառությունների համար, որ գալու են ձեր գլխին:
Այսուհետև ասելով, կարծում եմ, խորը միտք է մատուցում նրանց, որպեսզի մտապահեն, որ այն մեծ փրկագործությունից հետո, ինչ մարդկային բնության հետ եղավ՝ Քրիստոսի աշխարհ գալուց, մեծ զոհաբերությունից և մեզ համար կրած չարչարանքներից, նոր օրենք տալուց հետո, երբ գովաբանում է աղքատությունը և պատվի արժանացնում, իսկ բազում գանձեր ունենալը՝ փնովում և նախատում, հետևյալ վճիռն արձակելուց հետո, թե. «Հարուստը դժվարությամբ կմտնի երկնքի արքայությունը» (Մատթ. 19:23), սակայն դու, որ այս ամենն իմանալով հանդերձ անհագորեն հարստության ես ձգտում, լացի և արտասուքի ես արժանի, ոչ թե սոսկ լացի, այլ՝ մեծագույն լացի և ողբի:
Դրա համար ասաց. ուրեմն այժմ, հարուստնե՛ր, լացե՛ք և ողբացե՛ք այն թշվառությունների համար, որ գալու են ձեր գլխին: Երբ չլսեցիք, ասում է, Աստծու պատվիրանները, որ անցավոր հարստությամբ ձեզ երկինք կանչեց՝ պարգևելով հավիտենական հարստություն, երբ անհավատ գտնվեցիք Քրիստոսի հրամանի հանդեպ, երբ մեծահարուստին ասաց. «Գնա՛, վաճառիր քո ունեցվածքը ու տո՛ւր աղքատներին. և երկնքում գանձեր կունենաս. և դու արի՛ իմ ետևից» (Մատթ. 19:21), սակայն չանսացիք դրան և ձեր փառքը, հանգիստը, արքայությունը ձեր հարստությունն եք համարում, արդարև լացի և ողբի եք արժանի: Ուստի այս փոքր կենցաղի համար հավիտենականը վաճառեցիք, և առօրեականի համար՝ մշտնջենականը, և մի փոքր հարստության համար՝ Քրիստոսի հետ թագավորելը: Եվ երանի թե դրանք լինեին միայն ձեր տմարդության հատուցումը, և ձեր վրա որևէ այլ թշվառություն չհասներ այս աշխարհից ելնելուց հետո, այսինքն՝ գեհենի հուրը, արտաքին խավարը, անքուն որդերը, աչքերի լացը, ատամների կրճտոցը և նմանատիպ այլ տանջանքներ, որի մասին գիտե միայն նա, ով պատրաստել է դրանք: Այս ամենը տեսնելով՝ ամեն ինչ թշվառություն անվանեց, դրա համար էլ ասաց. լացե՛ք և ողբացե՛ք այն թշվառությունների համար, որ գալու են ձեր գլխին:
Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,
Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը