23 Դեկտեմբեր, Բշ
Ջուրը կյանք է: Մարդիկ չեն կարող ապրել առանց ջրի: Մարդու օրգանիզմի հիմնական մասը բաղկացած է ջրից: Այն թանկ ու հիանալի նվեր է մեզ համար և անհրաժեշտ մեր կյանքի հարատևման համար: Եկեղեցին օրհնում է ջուրը՝ ի նշան մեզ տրված այդ մեծ պարգևի: Ջրի սրբագործումը մեզ հիշեցնում է, որ այն մեզ տրվել է ոչ միայն մեր կարիքները բավարարելու, այլ նրա նկատմամբ անհրաժեշտ հոգածություն ցուցաբերելու համար: Եվ այս աստվածային անգին պարգևի համար հարկավոր է շնորհակալ լինել Աստծուն:
Ջուրը եկեղեցում օգտագործվում է տարբեր առիթներով. մկրտվում ենք ջրով, քահանան լվանում է իր ձեռքերը Սուրբ Պատարագի սկզբում, Ավագ Հինգշաբթի օրը ջուրը օրհնվում է Ոտնլվայի արարողության համար, ջուրը օրհնվում է Սուրբ Ծննդյան տոնին:
Սուրբ Ծննդյան տոնին կատարվող Ջրօրհնեքի արարողությունը հիշատակն է Հորդանան գետում Հիսուս Քրիստոսի մկրտության: «Ինքը Հիսուս իջավ ջրի մեջ և ջուրը միանգամից դարձրեց մաքրող ու նորոգող: Ինքն իջավ ջրի մեջ, մաքրեց երկրի ջրերը, որոնք պղծված էին մարդկանց մեղքով: Արդ՝ Իր ոտքերով տրորելով՝ ջրերը մաքրեց, դարձրեց սրբող: Եվ ինչպես նախապես Հոգին շրջում էր ջրերի վրա, նույնպես Ինքը պիտի բնակվի ջրերի մեջ և բոլորին պիտի ընդունի, ովքեր կծնվեն նորից: Ինքն իջավ ջրի մեջ, որպեսզի բոլորը Հոգու միջոցով ջրում նորոգվելով՝ հրեշտակ դառնան: Եվ նույն Հոգին մինչև հավիտենականություն ջրով բոլորին որդեգրության է կոչում» (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոսի երկում):
Ջրօրհնեքի արարողության հաստատումը վերագրում են Քրիստոսի առաքյալներին ու եկեղեցու հայրերին: Սակայն առաջին մեծագույն օրինակը տվեց Ինքը՝ Հիսուս Քրիստոս: Հիսուս Իր օրինակով լուսավորեց այն մկրտության խորհուրդը, որով մարդը պետք է մուտք գործեր քրիստոնեական եկեղեցի:
Նախապես Ջրօրհնեքի արարողությունը եղել է միայն Երուսաղեմի եկեղեցուն հատուկ արարողություն և կատարվել Հորդանան գետի ափին: Հետագայում քրիստոնեական մյուս եկեղեցիները ևս հաստատեցին այն: Ուղղափառ եկեղեցիներում սովորություն կա այն կատարել գետի, լճի կամ ծովի ափին: Նախկինում Հայ եկեղեցում ևս սովորություն կար Ջրօրհնեք կատարել հոսող ջրերի վրա: Հետագայում այդ արարողությունը փոփոխության ենթարկվեց: Այդ սովորության մասին տեղեկանում ենք Սուրբ Հովհաննես Օձնեցու կողմից գրված Ջրօրհնեքի մասին հետևյալ կանոնից. «Անհրաժեշտ է, որպեսզի Հայտնության օրը ջրի օրհնությունը կատարվի, ջրի վրա մյուռոն կաթեցվի և աղոթքներից հետո Փրկչի Հորդանան գետում մկրտվելը հիշատակվի»: Այսօր Հայ եկեղեցին ջրի օրհնությունը կատարում է եկեղեցում:
Ջրօրհնեքի արարողությունը սկսվում է Սուրբ Ծննդյան Պատարագից անմիջապես հետո: Քահանան հատուկ աղոթքներով և շարականների երգեցողությամբ օրհնում է ջուրը Սուրբ Խաչով, Սուրբ Ավետարանով և Սրբալույս Մյուռոնով:
Ջրօրհնեքի արարողության ընթացքում նախքան սուրբգրային ընթերցվածքները, Սուրբ Բարսեղ Կեսարացու Ջրօրհնյաց աղոթասացությունը և Հովհաննես Պլուզ վարդապետի «Յամենայն ժամ» քարոզը, հանդիսավորապես շարականների երգեցողությամբ Սուրբ Խորան է տարվում Սրբալույս Մյուռոնով լի մյուռոնաթափ աղավնին: Պատարագիչ քահանան ժողովրդի խնդրվածքները ներկայացնում է Տիրոջը և աղաչում, որպեսզի Նա օրհնի ու սրբի այս ջուրը՝ այն օգտակար անելով տների շինության, հիվանդների բժշկության, ծառաների մաքրության, հոգիների ու մարմինների փրկության և ամեն կարիքների համար, և սա լինի օրհնության աղբյուր ու անապականության պարգև, և սրանով լինի մեղքերի լուծարում, հիվանդներին՝ բժշկություն, ախտաժետներին՝ առողջություն, և դևերի խորտակում: Ապա խնդրում է Տիրոջից, որպեսզի սրանով հալածվեն բոլոր վնասները, չար բծերը, ախտերը, սատանայի բոլոր բռնությունները, և սրա մեջ դնի Սուրբ Հոգու բժշկության և չար զորությունների դեմ հաղթության շնորհները:
Այնուհետև՝ «Ով զարմանալի» և «Այսօր ձայնն հայրական» տաղերի երգեցողության ընթացքում, ջրի մեջ է իջեցվում Հիսուս Քրիստոսին խորհրդանշող ջրօրհնյաց հատուկ խաչը, ինչով Տիրոջից խոնարհաբար հայցում ենք, որպեսզի ինչպես այն ժամանակ Հորդանանում, այդպես և այժմ Սուրբ Հոգին իջնի՝ օրհնելով սրբի ջուրը, այն ընդունակ դարձնելով մկրտվողին մեղքերից լվանալու և հիվանդներին բժշկելու: Ապա ընթերցվում է Սուրբ Բարսեղ Կեսարացու հեղինակած Ջրօրհնյաց աղոթքը: Աղոթասացությունից հետո կատարվում է ջրի օրհնություն և սրբագործում. «Օրհնեսցի եւ սրբեսցի ջուրս այս նշանաւ…»: Ապա պատարագիչ քահանան «Առաքելոյ աղաւնոյ» շարականի երգակցությամբ Մյուռոնը կաթեցնում է ջրի մեջ, ապա ջրի մեջ գցված խաչը «Պահպանիչ»-ի ժամանակ հանում, տալիս է օրվա խաչի կնքահորը: Ապա քահանան ջուրը օրհնում է Սուրբ Ավետարանով, քանի որ գրված է. «Տիրոջ ձայնը ջրերի վրա է» (Սաղմոս 28.3), այսինքն՝ Հոր ձայնը:
Արարողությունից հետո Սրբալույս Մյուռոնով սրբագործված ու շնորհազարդված ջուրը բաժանվում է ժողովրդին հոգու և մարմնի նորոգության համար:
Կազմեց Կարինե Սուգիկյանը