Համագործակցությո՞ւն, թե՞ մրցակցություն

Աստվածաշնչյան տողերում հյուսված՝ Պողոս առաքյալի մտքերից մեկն ուղենշում է քրիստոնյայի նպատակասլացության անհրաժեշտությունը։ Քրիստոնյան համեմատվում է վազորդի և բռնցքամարտիկի հետ (Ա Կորնթ. 9։24-27): Հայեցակարգային տեսակետից նկատում ենք, որ առաքյալը խոսում է մրցակցության մասին, այն ներկայացնում դրական դրույթներով, իսկ կորնթացիներին ուղղված երկրորդ նամակում համագործակցությունը բացարձակ արժեք չի դիտարկում. «Անհավատներին լծակից մի՛ եղեք, որովհետև ի՞նչ կապ ունի արդարությունը անօրենության հետ. և կամ ի՞նչ հարաբերություն լույսի և խավարի միջև. և կամ ի՞նչ միաբանություն Քրիստոսի և Բելիարի միջև. կամ ի՞նչ առնչություն ունի հավատացյալը անհավատի հետ. կամ ի՞նչ նմանություն ունի Աստծու տաճարը մեհյանների հետ: Արդարև, կենդանի Աստծու տաճար եք դուք, ինչպես ասաց Աստված. ասում է Ամենակալ Տերը» (Բ Կորնթ. 6։15-18): Իսկ հավատացյալին վազորդին նմանեցնելով, ըստ էության, կամենում է ասել, որ մարդ պիտի ոչ թե զբոսնելով, քայլելով հասնի իր նպատակին, այլ ինչպես վազորդը, որ կարողանա ստանալ առաջին մրցանակը (Եբր. 12։1): Եվ մրցելու մոտեցումն ավելի զարգացնելով՝ նշում է, որ ինքը նման չէ այնպիսի բռնցքամարտիկի, որն աննպատակ քամի ծեծելով՝ հարվածներ է տեղում՝ հակառակորդին հարվածելու փոխարեն: Այնուամենայնիվ, քրիստոնեական վարդապետության ամբողջականության ներքո դիտարկելիս նկատում ենք, որ սիրո վարդապետության լույսի ճառագման մեջ մրցակցությունը, թե՛ անհատական, թե՛ ընդհանրական առումով, պարզապես անիմաստ է, որովհետև աստվածային սիրո էության մեջ մրցակցություն գոյություն չունի: Առավել ևս ավետարաններում Հիսուսի առաջ քաշած ուսմունքի մեջ չեն նկատվում նման հիմնադրույթներ, այլ հայտնաբերում ենք սիրո առանցքային պատվիրանի գործադրման շեշտադրվածությունը, որից բխում են համագործակցային եզրեր:

Բայց հարկ է նշել, որ Պողոս առաքյալը հետևորդն էր Հիսուսի վարդապետության և իր ամբողջ քարոզչությունը սիրո այդ վարդապետությամբ էր հիմնավորում, մարդկանց կարծրացած սրտերը փշրում՝ այդ ջերմագին լույսը սփռելով, տարածելով: Այդուհանդերձ, կորնթացիներին գրելիս առաքյալը նպատակին հասնելու միջոց է համարում մրցասպարեզն ու մրցակցությունը: Այս իրողությունը հասկանալու համար մենք պետք է նշենք, որ Պողոսն իր խոսքն այնպես էր կառուցում, որ հասկանալի էր լինում (Հռոմ. 12։15) տվյալ միջավայրում ապրող մարդուն, այլապես դժվար կլիներ ավետարանական բարի լուրը հասանելի դարձնել տարբեր աշխարհայացք ու կեցութաձև ունեցող մարդկանց, ազգերին: Հետևաբար պետք է հաշվի առնել, որ նա գրում էր կորնթացիներին, որոնց համար հունական օլիմպիական խաղերը մեծ արժեք ու համբավ ունեին և որպես օրինակ էին ծառայում կյանքում հաջողության հասնելու համար: Առաքյալը, մրցույթն ու մրցակցությունը նշելով, կորնթացիներին հասանելի էր դարձնում, թե ինչպիսին պիտի լինի քրիստոնյան, նպատակասլացության, հետևողականության, ջանադիր աշխատանքի ու նվիրումի շնորհիվ ինչպես հասնի հաղթության պսակին՝ վազորդի ու բռնցքամարտիկի պես (Փիլիպ. 3։14): Միևնույն ժամանակ առաքյալն արձանագրում է, որ այդօրինակ համակեցության մեջ հնարավոր չէ բացառել մրցակցությունը՝ որպես գոյընթացի զարգացման ուղի, սակայն դա արձանագրում է որպես անխուսափելի իրողություն, ոչ թե կյանքի ուղենիշ: Ինչո՞ւ է այդպես, որովհետև կյանքի յուրաքանչյուր ոլորտում կարող ենք գտնել մրցակցություն, առավել ևս՝ գոյապայքար: Նույնիսկ հրեշտակներն ու դևերն են այդ մրցակցության, պայքարի մեջ միմյանց հետ՝ անհատի հոգու փրկության կամ կործանման (Հուդա 1։9): 
Իսկ հասարակարգերի ձևավորման մեջ մշտապես առկա են եղել այս խնդիրները, շարունակաբար քննարկվել և դիտարկվել դրական կամ բացասական եզրույթներով: Համենայն դեպս բնության, հատկապես կենդանական աշխարհի գոյընթացի օրենքները հաստատում են, որ այն հիմնված է գոյապայքարի և մրցակցության վրա, որտեղ համագործակցությունը ծառայում է որպես գոյապայքարի ու մրցակցության միջոցով նպատակին հասնելու ուղի:

Ինչո՞ւ է աշխարհն այդպիսին: Աստվածաբանական տեսանկյունից նայելիս Սուրբ գրքում հայտնաբերում ենք, որ դա մարդու ընտրությունն է եղել` իբրև գոյակցության և կեցության ճանապարհ, որն էլ իր հայելանման անդրադարձն է դրոշմել և՛ բնության, և՛ կենդանական աշխարհում (Ծննդ. 3։17-18): Այդ դիտանկյունից Սուրբ գիրքը փաստում է, որ մարդը կամեցավ Աստծու մրցակիցը լինել` համագործակցելով սատանայի հետ (Ծննդ. 3։1-6): Մարդը կամեցավ հավասարվել Աստծուն և ստեղծել իր եսակենտրոն աշխարհը, իսկ յուրաքանչյուր ինքնակենտրոն էակ ձգտում է հնարավորինս շատ ստանալ, վերցնել, կյանքի կենտրոնում իրեն հաստատել, ինչն էլ ստեղծում է բախում, գոյապայքար, մրցակցություն միմյանց միջև: Պատմությունն այս ընթացքը գծագրում է նույնիսկ ողբերգական ելակետերով, որովհետև նման հարաբերությունները երբեմն ավարտվում են մեկի կյանքի կործանմամբ՝ ի նպաստ ինքնակենտրոն մյուս էակի կյանքի բարելավման: Սա կարող ենք տեսնել ամբողջ կենդանական աշխարհում, և մարդկությունն էլ հեռու չէ այս գոյապայքարից, ինչի սարսափելի արտահայտությունները պատերազմներն են ու դրանցից առաջացած ավերածությունները: Մեկը մյուսին կուլ տալու այս օրենքը, ցավոք, անհերքելի է, քանի որ այն խաթարված աշխարհի էության բնութագրիչն է: Սակայն արդի աշխարհում, հատկապես տնտեսական հայեցակարգերում, խրախուսվում է ազատ և, այսպես ասած, առողջ մրցակցությունը: Անշուշտ, բերվում են փաստեր, որ առանց դրա գոյության չի կարող լինել ազատ և զարգացող շուկայական տնտեսություն: Բայց հարկ է նշել, որ սիրո քաղաքակրթության մեջ այդ մոդելն անիմաստ է ու անկատար: Այդուհանդերձ, մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ մարդիկ հասարակական հարաբերություններում որդեգրել են ոչ թե սիրո քաղաքակրթության, այլ ինքնակենտրոն աշխարհի մոդելը, որտեղ նպատակին հասնելու խթան է ոչ թե սերը, այլ շահը, երբ առաջնայինը ոչ թե կատարելագործվելն ու կատարելագործելն է, այլ մրցակցելով՝ նպատակին հասնելը: Այս տիրույթում արժեքներ ծնվում են մրցակցությունից, ուր մեկը մյուսի հաշվին, մեկը մյուսին կամա, թե ակամա վնասելով` հասնում են արդյունքի: Այսպիսի համակարգ է գերիշխում նաև ժամանակակից աշխարհում: Բայց այս ճանապարհով ուղղորդվելիս առանց մրցակցության հնարավոր չէ զարգացում ապրել, քանի որ անհատի, հասարակության, պետության համար շահն է դառնում զարգանալու, գործելու, նորը ստեղծելու դրդապատճառը: Այս առումով կապիտալիստական հասարակությունը դեռևս կպահպանի իր կենսունակությունն արդի աշխարհում, քանի որ էութաբանական հարթության մեջ շահն է նրա ներշնչման աղբյուրն ու արմատը, և դա կտևի այնքան, քանի դեռ մարդիկ քաղաքակրթական հիմնակառույցը շաղախում են շահի հիմնադրույթներով, թեկուզ փոխակերպված նոր հասարակարգեր էլ ծնվեն: Իսկ սիրո քաղաքակրթության դեպքում զարգացման խթանը բոլոր ոլորտներում կատարելագործման գործառույթն է, որը բխում է աստվածային սիրո հիմնակետից, և մարդու գերագույն նպատակը դարձնում Աստծու հետ լինելը, Քրիստոսին նմանվելը (Հռոմ. 8։29)` հոգևոր առումով Նրա կատարյալ հասակի չափն ունենալով (Եփես. 4։13):

Տնտեսական դիտանկյունից՝ քրիստոնյան ազատ շուկայական հարաբերություններում ոչ թե մրցակցում է, այլ կատարելագործման գործառույթով առաջնորդվում և արժեք է ստեղծում, որովհետև նա դա անում է իր և Աստծու միջև ընկած միջանկյալ տարածքն ավելի փոքրացնելու համար` նպատակասլաց վազելով դեպի իր գերագույն նպատակը` դեպի Արարիչը` առաջնորդվելով ավետարանական պատգամով` կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ (Մատթ. 5։48): Այստեղ առաջնայինը ոչ թե մաքսիմալ եկամուտ ստանալն է, այլ արժեք ստեղծելը, սակայն այնպիսի արժեք, որը համահունչ է առաքյալի այն խոսքին, թե ամենայն ինչ արեք Աստծու փառքի համար (Ա Կորնթ. 10։31, Կողոս. 3։23): Ուստի, մարդու նպատակն Աստծու հետ լինելն է: Նա այլևս չի մրցակցում, այլ ձգտում է կատարելագործման, որտեղ բարիք է ստեղծում` իր կատարած գործը կշռադատելով և մյուսներին չթերագնահատելով (Գաղ 6։4-5):

Աստծուն մոտենալու ձգտումը մարդուն տալիս է մեծ դրդապատճառ` հիմնված անսպառ սիրո, հույսի, հավատի վրա, որպեսզի նա գործի ու հնարավորինս արժեքավոր, որակապես բարձր, մնայուն բարիք ստեղծի, որն ավելին է, քան ժամանակավոր եկամուտը: Հետևաբար այս համատեքստում կեցության մեջ չկա մրցակցություն, բախում, այլ փոխօգնությամբ կատարելագործում, որը նպաստում է հասարակության ներդաշնակ բարգավաճմանն ու ընդհանուր բարեկեցության բարձրացմանը: Այս դեպքում ծնվում է ցանցային փոխհամագործակցություն, երբ առաջնայինը ոչ թե մեկը մյուսին բացառելն է, այլ մեկը մյուսին օգնելը (Ա Կորնթ. 10։33) իբրև մի մարմին, բայց բազում անդամներով (Ա Կորնթ. 12։12-26): Այստեղից բխում է ազատ և արդար առևտրի գաղափարը, որովհետև քրիստոնեական գործարարության նպատակակետը միջոցների մեջ խտրականություն չդնելով եկամուտ ձեռք բերելը չէ, այլ եկամուտ ապահովող նոր արժեքը, որը ոչ թե վնասում է այլոց, այլ օգուտ բերում հանրությանը (Ա Պետր. 4։10): Այլ խոսքով՝ քրիստոնեական մոդելը հորիզոնական չէ, այլ ուղղահայաց, այսինքն` այն ինքնանդրադարձման ուղի է, կատարելության ճանապարհ դեպի Արարիչը: Ներկայիս ազատ շուկայական հարաբերությունների մոդելն այս տեսակետից հորիզոնական է, ուր, ի վերջո, միանշանակորեն հատվում, բախվում են միմյանց շահերը` մեկը մյուսին բացառելու սկզբունքով տվյալ շուկայում գերիշխող դիրք գրավելու համար: 
Աստվածաբանական առումով՝ թե՛ համագործակցությունը, թե՛ մրցակցությունը պատճառների, արդյունքների հետևանք են: Էութաբանական առումով հարցն այն է, թե ինչ սկզբունքից ելնելով է մարդ համագործակցում, մրցակցում, կատարելագործման ձգտում և այլն: Այն կարող է լինել շահի կամ սիրո գիտակցման ըմբռնումներից: Այլ խոսքով՝ քանի դեռ շահի քաղաքակրթությունը չի զիջել սիրո քաղաքակրթությանը, հասարակարգերի զարգացման մեջ, իբրև զարգացման խթան, հավասարապես կենսունակ են լինելու և՛ համագործակցությունը, և՛ մրցակցությունը: Եվ չենք կարողանալու առաջնություն տալ որևէ մեկին կամ բացառել դրանցից որևէ մեկը: Արդ, թե՛ համագործակցությունը, թե՛ մրցակցությունը գործիքներ են, որոնք արտահայտվում են տարբեր հարթություններում և իրենց կենսունակությունը պահպանում այդ մակարդակներում: Այդուհանդերձ, մարդու երջանիկ ապագայի հեռանկարային, նորակերտ, լիովին տարբերվող հասարակարգի ձևավորման մեջ իր ներգործուն դերն ու նշանակությունն են ունենալու ոչ թե համագործակցությունն ու մրցակցությունը, այլ աստվածային սիրո քաղաքակրթական արժեքները, որոնցից էլ բխելու են համակեցութային մնացյալ սկզբունքները, որոնք հիմնված են լինելու ազատ և ներդաշնակ բազմազանության միասնության սկզբունքի վրա` ծաղկելով աստվածային սիրո կենաց ծառի ներգործությամբ:


 

Հովհաննես Մանուկյան

Սկզբնաղբյուր՝ www.irates.am

 

21.01.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․