«Նայեցե՛ք հին ազգերին և տեսեք՝ ո՞վ հավատաց Տիրոջը և ամոթով մնաց: Կամ ո՞վ մնաց Տիրոջ երկյուղի մեջ՝ և հուսահատվեց. կամ ո՞վ կանչեց Տիրոջը, և Նա անտես արեց նրանց»,- կարդում ենք Սուրբ Գրքում (Սիրաքի Իմաստ. 2:11-13): Ի տարբերություն աշխարհի երեսից ջնջված բազմաթիվ հնագույն ազգերի՝ Հայոց ազգը Տիրոջ պահպանությամբ կա և գոյատևում է՝ չկորցնելով առ Աստված իր հավատի, հույսի և սիրո ոգին: Այդ ոգին է այսօր կրում յուրաքանչյուր սիրիահայ, ով Սիրիայում ծագած պատերազմի պատճառով տուն ու կարողություն կորցրած, այսօր թե՛ իր հայրենիքում և թե՛ նրա սահմանից դուրս ապրում է և ստեղծագործում՝ Տիրոջ օգնությամբ հաղթահարելով իր առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ:
Հոկտեմբերի 30-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում ձևավորված սիրիահայ համայնքն ուխտի հերթական ուղին անցավ՝ առավել ամրապնդելով իր ինքնությունն ու գոյությունը պահպանած հավատի ոգին: Եկեղեցու սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանի ուղեկցությամբ նրանք այս անգամ ընդհանրական աղոթքի կանգնեցին Գոշավանքում (1188 թ.): Վաչագան սարկավագը թվով հարյուր չորս ուխտավորներին ներկայացրեց միջնադարյան սրբավայրի պատմությունը և մեծ վարդապետ Մխիթար Գոշի կենսագրությունը, ով քառորդ դար ապրել և գործել է Հայոց աշխարհի կրոնական և կրթամշակութային նշանավոր կենտրոններից մեկում՝ Նոր Գետիկ վանքում, որ վարդապետի մահից հետո վերանվանվել է Գոշավանք: Բարեշնորհ սարկավագը քարոզխոսեց ուխտավորներին «Երկինքը պատմում է Աստծու փառքը» (Սղմ. 18:2) բնաբանի շուրջ: Ապա, անդրադառնալով հայրենիքի փոքր, բայց գեղեցիկ լինելուն, մասնավորաբար նշեց. «Տա Աստված, որ մեր հարաժամ աղոթքը և ուխտը լինի, որ Տիրոջ օրհնությամբ արժանանանք ապրելու ծովից ծով Հայաստանում: Ամեն ինչ Աստծո ձեռքերում է, և Տերը պարգևում է անհրաժեշտը, միայն թե մարդն ապրի ուղղափառ և առաքինի կյանքով»: Այնուհետև «Հույսի միավոր» սիրիահայ տիկնանց օժանդակ միության երգչախումբը շարականներ կատարեց: Սիրահայ ուխտավորներից յուրաքանչյուրի բաղձալի հույսն էր նաև՝ ուխտավորաբար լինելու մարդկության հավատքի և պատմության գլխավոր առանցքն ու կիզակետը համարվող Սուրբ Երկրում՝ Երուսաղեմում:
Հայրենիքի անասելի գեղեցկությունը, Աստծո հետ կենդանի հաղորդակցությունը և սիրո ճաշը վայելելուց հետո սիրիահայ ուխտավորները, իրենց հավատքի ոգին ամրապնդած, վերդարձան Երևան:
Կարինե Սուգիկյան