Հայի մշակութային տեսակը վերականգնող սրբազան ակունքները

«Մաշտոց. սրբազան մարգարիտներ» ֆիլմի ցուցադրությունը հանդիսացավ նախաբանը «Եկեղեցին մենք ենք» խորագրով հերթական հանդիպմանը: «Հայի մշակութային տեսակը» վերնագրով հերթական թեման հետաքրքրության իր շրջանակն էր ստեղծել Սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության և համայնքի անդամների մոտ: Թեմայի շրջանակն իր ձեռքբերումներով, բազմաթիվ հարցերով և խնդիրներով ներկայացնում էր հերթական հյուրը՝ կոմպոզիտոր, երաժիշտ Վահան Արծրունին:

Ֆիլմը շարականների հնչեղության ներքո պատմում էր մշակութային զուլալ ակունքի՝ տիեզերական զգացողություն պարունակող մաշտոցյան տասնմեկ ապաշխարության շարականների՝ սրբազան մարգարիտների մասին:

«Բացառիկ հարստություն է մեզ համար Սբ. Մեսրոպ Մաշտոցի ապաշխարության շարականները, սա է պատճառը, որ ձայնասկավառակը կոչվեց «Մաշտոց. սրբազան մարգարիտներ»: Հենվելով այս հենակետին՝ շատ հեշտ է խոսել հայի մշակութային տեսակի մասին, որ դեռևս բացակայում է մեր կյանքից: Դժվար է այս իմաստով գտնել հենարաններ: Ցավոք, հայը ներկայանում է աշխարհին թերի և ոչ ամբողջական կամ բուն տեսակով»,- ֆիլմի դիտումից հետո ասաց Վահան Արծրունին:

Հայի մշակութային տեսակը

Ո՞րն է հայի մշակութային տեսակը, ի՞նչ ֆունկցիաներ և առաքելություն ունի այդ տեսակը մեր երկրում և արտերկրում: Անդրադառնալով այս հարցերին՝ պարոն Արծրունին նշեց, որ ֆիլմը ցայտուն կերպով ներկայացնում է, թե հոգևոր արժեքը ինչպես է նեղ ծիսական ոլորտից տեղափոխվում աշխարհիկ կյանքի ոլորտ և դառնում մշակութային գործոն, զենք և գործիք՝ ձևավորելով ազգային էության մասին սեփական պատկերացումը, ինքնագիտակցումը:

«Պատմությունը թերթելով՝ տեսնում ենք, որ մշակութային բոլոր ոլորտների շրջադարձները կարծես թե պայմանավորված է եղել հոգևոր ոլորտում գործող հոգևորականի գործունեությամբ, որ, դուրս գալով իր սահմաններից, արտացոլվել է ամենուր: Այդ սահմաններից ներս հայն ազատ է դրսից եկող բոլոր ազդեցություններից: Վառ օրինակը՝ Սբ. Մեսրոպ Մաշտոցի և Սբ. Սահակ Պարթևի գործունեությունն է, որ առանցքային և բեկումնային դարձավ մեր պատմության և ինքնագիտակցության համար: Ստեղծվեց մի համակարգ, որը ծնեց մի քանի համակարգեր՝ այբուբենից բխող կրթական համակարգը, հոգևոր ոլորտի արտացոլումը աշխարհիկ ոլորտ: Այս ամենն էլ իր հերթին ծնեց որոշակի միջավայր, ուր հիմնվելով քրիստոնեական արժեքների վրա՝ հստակ ազգային նկարագրով և էությամբ ձևավորվում է բուն հայի տեսակը»,- այսպիսին էր հայի տեսակի մասին Վահան Արծրունու սահմանումը:

Վահան Արծրունին Հայոց այբուբենը չի համարում պարզապես մի հնարավորություն հնչերանգը գրանցելու, այլ նրա համար դա մի համակարգ է, որ հսկայան շերտեր է բացում և՛ երկրաչափական, և՛ տիեզերական իմացությունների մասին, որ դեռևս փակ է շատերի համար: Հետևապես նա կարծում է, որ ժամանակն է այդ իմացությունները բացելու և մի շարք հարցերի պատասխանները գտնելու:

Ինքնամաքրման խնդիրը

Այս շրջանակի ներսում ո՞րն է այն միջոցը, ճանապարհը կամ բանալին, որ կտա մեզ հնարավորություն հասկանալու մեր էությունը, տեսնելու այն «աղբ»-ի շերտերը, որ ճնշում են մեր էությունը:

Վահան Արծրունին գտել է իր բանաձևը, քանի որ երաժշտությունը տալիս է այդ բանալին: Ըստ նրա՝ յուրաքանչյուր ազգի երաժշտական տեսակ ամենակարճ ճանապարհն է դեպի այն ենթագիտակցական շերտերը, որոնք չգիտակցված վիճակում են, բայց կան յուրաքանչյուրի մեջ: Հայտնվելով այդ միջավայրում՝ մարդու մոտ բացվում են և արթնանում այդ շերտերը: Օրինակներ կան, երբ հայի արյուն ունեցող անձի մոտ մշակութային արժեքը արթնացրել է նրա մեջ հայ լինելու ինքնագիտակցությունը:

«Հոգևոր երգերը ի վիճակի են ունկնդրողի մոտ կերտել որոշակի հոգեվիճակ: Նույնիսկ օտարերկրացին զգում է, որ այս երգերը հոգին մաքրող աղոթքներ են: Այսօրվա իրականության մեջ այս տեսակն է մեզ պակասում, որ պետք է գտնվի, ճանաչվի, գիտակցվի և քարոզվի, որովհետև մենք չունենք այլ միջոց և գործիք մաքրելու մշակութային դաշտը»,- ներկաներին իր համոզմունքն էր հայտնում պարոն Արծրունին:

Համաշխարհային մշակութային տեսակը

Վահան Արծրունու նկատառմամբ՝ համաշխարհային մշակույթը շարժվում է դեպի անհասկանալի տեսակներ, բոլոր ազգային տեսակները քանդվում են՝ հիմնականում միտում ունենալով ստեղծելու համընդհանուր մշակութային մի տեսակ: Երաժշտի մտահոգությունն այն է. «Գուցե հետաքրքրության դաշտ կա նաև այդ ամենին ծանոթանալու, բայց կա նաև թաքնված գերնպատակ՝ ազգերին զրկել իրենց մշակութային տեսակի զգացողությունից: Ենթամշակութային հանրամատչելի երաժշտական տեսակները նույնպես նույն ֆունկցիան ունեն. շեղել անձին ավանդական երաժշտական տեսակից՝ տանելով դեպի ժամանցային վերապրում, դեպի այն ոլորտները, ուր չկա բովանդակություն: Իսկ բովանդակությունը երգերի կարևոր բանալին է: Կոմիտաս վարդապետը իր հավաքած երգերի մաքրման առաջին փուլը համարել է ոչ թե երաժշտության տեսակը, այլ բովանդակությունը: Երգի մեջ հիմնայինը տեքստն է և բովանդակությունը: Նույն սկզբունքն է գործում այբուբենի դեպքում, նշանային համակարգը պետք է համապատասխանի հնչյունային համակարգին: Զուր չեն Կոմիտաս վարդապետի կողմից ասվել. «Հայկական երաժշտությունը բխում է հայերենի լեզվամտածողությունից»:

Նույն մտահոգությունը հայտնեցին նաև ներկաները այսօրվա ձևավորված հայի մշակութային տեսակի, ձևավորված երաժշտական ճաշակի մասին: Լուծման ուղիների մեջ կարևոր եզրահանգումն այն եղավ, որ երեխային դեռ փոքրուց պետք է մոտեցնել մեր սրբազան ակունքներին, ինչը պետք է պետական գերխնդիր լինի: Եթե երեխան չի ձևավորվում ազգային տեսակների ներքո, հետագայում սկսում է իր ինքնությունը փնտրել և հայտնվում է երաժշտական տարաձայնությունների դաշտում:

Հավելելով՝ Վահան Արծրունին նշեց. «Ե՛վ ավանդական, և՛ դասական, և՛ ժամանակակից արվեստի մեր ամբողջ հարստությունները գրապահարանում են դրված, բավական է մոտենալ, բացել և լուրջ մոտեցում դրսևորել կրթական համակարգում, իսկ մնացյալը ինքնաբերաբար կզարգանա և կստեղծվի: Այսօր մարդիկ ծանոթ չեն և չեն լսել մեր երգի հարուստ գանձարանը, լսելով, նրանք հեշտությամբ կհրաժարվեն այն երաժշտությունից, որտեղ նրանց էությունը բացահայտող բովանդակություն չկա: Անհրաժեշտ է ուղղակի ակունքին մոտենալ: Երբ մարդը գտնում է բանալին ինքն իրեն ճանաչելու, մնացյալ մշակույթների իմացությունը միայն սկսում է հարստացնել նրան»:

Հնչող հարցերից, թե ո՞րն է լինելու հաջորդ սրբազան մարգարիտը, հյուրը նշեց, որ արդեն երգչուհի Հասմիկ Բաղդասարյանի հետ մշակվում է 19-րդ դարի վերջին նոտագրված

Կալկաթայի հայկական Սուրբ Պատարագը, որ երկու հազար էջից բաղկացած, չլսված հրաշալի երաժշտական մի տեսակ է և մասունք, որ պահպանվել է:

«Հայի մշակութային տեսակը» վերականգնող բանաձևերից և բանալիներից մեկը առավել ակնհայտ դարձավ ներկաների համար: Այսպիսով՝ մեր շարականները՝ սրբազան մարգարիտները, Սբ. Գրիգոր Նարեկացու բնութագրմամբ Աստծո էությունը թարգմանող «անմերձենալի հեռաւոր է եւ անընդմիջելի մերձաւոր», որոնք թե՛ անցյալում, թե՛ այսօր էլ հոգենորոգ, հոգեստեղծ, ինքնաբուխ գանձեր և անգնահատելի գոհարներ են սրբազան մեր ակունքից բխող:

Մաշտոցյան «Անկանիմ առաջի Քո» շարականի խոսքերով, աղոթելով, խնդրենք Տիրոջից.

Անկանիմ Առաջի Քո եւ խնդրեմ զթողութիւն յանցանաց իմոց. մի անտես առներ, Հայր, զաղաչանս իմ: Աղաղակեմ որպէս մաքսաւորն. եւ հեղում զարտասուս իմ առաջի Քո որպէս պոռնիկն. մի անտես առներ, Հայր, զաղաչանս իմ: Յաներեւոյթ թշնամւոյն պարտեցայ, եւ ի գաղտնի նետից բանսարկուին վիրաւորեցայ, մի անտես առներ, Հայր, զաղաչանս իմ:

 

Կարինե Սուգիկյան

15.12.14
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․