1. Մի ճգնավոր ձանձրացավ ջրի գնալու դժվարությունից: Ջրհորը քսան մղոն հեռու էր իր կացարանից, և որոշեց կացարանը շինել ջրի մոտ: Եվ երբ այդ մտածելով գնում էր, ետ նայելով տեսավ Աստծո հրեշտակին, որը հաշվում էր իր քայլերը, որպեսզի վարձք տա իր ջանքի համար: Եվ ճգնավորը գնաց, հեռացրեց կացարանը ևս հինգ մղոնով («Հարանց Վարք»):
2. Թեբիայում բնակվող մի երևելի ճգնավոր, սովորություն ուներ ամեն երեկո խրատելու իր աշակերտին, աղոթելու նրա համար և ապա միայն ուղարկելու քնելու: Մի անգամ պատահեց, որ խրատելու ժամանակ ծերը քնեց: Իսկ աշակերտը յոթ անգամ նեղվեց խորհուրդներից, որոնք նրան համոզում էին գնալ և նույնպես քնել: Սակայն նա դիմացավ և չգնաց: Երբ ճգնավորը զարթնեց, Տիրոջից երազով իմացավ, որ իր աշակերտը յոթ պսակի արժանացավ («Հարանց Վարք»):
3. Քրիստոնյայի գործն է միշտ հիշել և աչքի առաջ ունենալ Քրիստոսի չարչարանքները, որ մեզ համար կրեց, և ապերախտ չլինել Աստծո մարդասիրության հանդեպ: Այսպիսին էր հայր Ստեփանոսը: Մի օր նրա մոտ եկան երեք ծեր և խոսեցին հոգու փրկության մասին: Իսկ նա միշտ լուռ էր: Եվ ասացին նրան.»Ինչո՞ւ չես խոսում, չէ՞ որ հոգևոր օգուտի համար եկանք քեզ մոտ»: Իսկ նա պատասխանեց՝ ասելով. «Ներեցեք ինձ, ես չհասկացա, թե ինչ էիք խոսում, սակայն ինչ որ ունեմ, այն կտամ ձեզ: Գիշեր-ցերեկ ոչինչ չեմ տեսնում, այլ միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ այն էլ խաչին գամված»: Ծերերն այս լսելով շատ շահեցին և Աստծուց գոհանալով գնացին իրենց սենյակները («Հայելի Վարուց»):
4. Մի վանահայր իր վերակացության տակ ուներ տաս վանական: Այս վանականներից մեկը շատ անհոգ էր և իր փրկության համար ոչ մի ջանք չէր թափում: Ծերը հաճախ այցելելով նրան, խնդրում էր. «Եղբայր, ջանա հոգուդ փրկության համար, որովհետև, եթե մահանաս այդ ապրելակերպի պատճառով, հավիտենական տառապանքներից չես խուսափի»: Սակայն եղբայրը միշտ անհնազանդ էր գտնվում ծերի հանդեպ և չէր լսում նրան: Եվ մահը հանկարծահաս ելավ նրա վրա: Վանահայրը շատ տխրեց եղբոր համար, քանի որ նա ապրեց մեծ ծուլությամբ և անհոգությամբ: Վշտից աղոթքի մղվելով, նա ասաց. «Տեր Հիսուս Քրիստոս, մեր Աստված, ցույց տուր ինձ եղբոր հոգին»: Եվ այսպես երկար աղոթեց: Մի անգամ աղոթքի ժամանակ ընկավ տեսիլքի մեջ և տեսավ մի կրակե գետ, գետի մեջ բազմաթիվ մարդկանց, որոնք կրակի մեջ պապակվելով, տառապալից տնքում էին: Իսկ նրանց մեջտեղում իր վանականին, որ մինչև վիզը մխրճված էր կրակների մեջ: Վանահայրը ասաց աշակերտին. «Օ՜հ, եղբայր և որդի, մի՞թե չէի աղաչում, որ հոգ տանես հոգուդ համար, որպեսզի չընկնեիր այս տառապանքների մեջ»: Եղբայրը պատասխանեց. «Փառք եմ տալիս Աստծուն այն բանի համար, որ քո աղոթքներով գոնե գլուխս կրակից դուրս մնաց» («Հարանց Վարք»):
5. Անապատի խորքում ապրում էր մի ճգնավոր, որ երկար տարիներ իր անձը վարժեցնում էր պահեցողության և այլ հոգևոր սխրանքների: Նրա մոտ եկան մի քանի եղբայրներ և զարմանալով նրա ապրելակերպի վրա, հարցրեցին. «Հա՛յր, ինչպե՞ս ես դիմանում այս չոր, անպտուղ և անհարմար վայրում»:
Ծերը պատասխանեց. «Բոլոր ճգնությունները, որ այսքան տարի ես կրում եմ այստեղ, չեն կարող համեմատվել գեհենի տառապանքների մեկ ժամվա հետ: Պետք է մեր այս կարճ կյանքի ընթացքում ջանք գործադրենք, պայքարելով մեր մարմնավոր կրքերի դեմ, որպեսզի ձեռք բերենք անանց հանգիստը գալիք հավիտենական կյանքում» («Հարանց Վարք»):
6. Երբ ես սկսեցի ապրել անապատում, ասացի աբբա Մովսես Լիբիացուն, այնտեղի ծերերից մեծագույնին, որ երեկ ես շատ մեծ թուլության մեջ էի ընկել ձանձրույթի պատճառով և ոչ մի կերպ չէի կարողանում նրանից ձերբազատվել մինչև որ չհանդիպեցի աբբա Պողոսին, իսկ նա ասաց. «Ոչ, դու չազատեցիր քեզ նրանից, այլ առավել ես տրվել և ջանացել նրա համար: Քանզի այդ բանից հետո նա էլ առավել ուժգնությամբ կհարձակվի քեզ վրա, որպես վախկոտի և փախստականի, տեսնելով, որ դու պարտվելով պատերազմում, նույն պահին փախար: Այլ հարկ էր պայքարի մեջ մտնել նրա հետ և ջանալ ետ մղել նրա հարձակումները՝ ոչ խուցդ թողնելով և ոչ էլ խոր քուն մտնելով, այլ համբերությամբ և նրան դիմակայելով»: Եվ այսպես, փորձով է ապացուցված, որ ձանձրույթի հարձակումից ոչ թե փախուստով է պետք ձերբազատվել, այլ հակամարտելով հաղթանակել (Հովհաննես Քասիանոս):
7. Մի գիշեր՝ սատանան բախեց հայր Մակարի խցի դուռը և ասաց. «Ոտքի ել, հայր Մակար, գնանք մասնակցելու ժամերգության աղոթքին, ուր եղբայրները հավաքվել են հսկման համար»: Բայց նա, Աստծո շնորհով լի և խաբեության ենթարկվել չկարողանալով, հասկացավ, որ խոսքը վերաբերվում է սատանայի նենգություններից մեկին: Ասաց. «Ստախոս և ճշմարտության թշնամի: Ի՞նչ գործ ունես դու ժամերգությունների և սրբերի հավաքի հետ»: Բայց սատանան պատասխանեց. «Չգիտե՞ս, Մակար, որ առանց մեզ չեն կատարվում ոչ ժամերգությունները, ոչ էլ վանականների հավաքները: Եկ, ուրեմն, և կտեսնես մեր գործերը»: Այնժամ Մակարը պատասխանեց. «Թող դատապարտի քեզ Տերը, պիղծ ոգի» (Հուդա 9):
Եվ սկսեց աղոթել ու Տիրոջից խնդրել՝ թե արդյո՞ք ճիշտ էր այն, ինչով որ պարծենում էր սատանան: Հետո ելավ, գնաց մասնակցելու ժամերգության, ուր եղբայրները ծիսակատարում էին հսկման արարողությունը, և աղոթքով կրկին աղաչեց Տիրոջը՝ ցույց տալ իրեն, թե արդյո՞ք ճշմարիտ էր այն խոսքը: Եվ ամբողջ եկեղեցին լցված տեսավ սևամորթ եթովպացիների նմանվող պատանիներով, որ վազվզում էին՝ այստեղից այնտեղ ցատկելով: Այդ վանքի սովորությունն այնպես էր, որ բոլորը նստում էին և միայն մեկ հոգի էր կարդում սաղմոսը, մինչ մյուսները ունկնդրում էին և պատասխանում կրկներգով: Եթովպացի մանուկները վազում էին այս ու այն կողմ, քսվում էին նստած վանականներից յուրաքանչյուրին, և երբ երկու մատով հպվում էին ինչ-որ մեկի աչքերին, նա իսկույն քուն էր մտնում: Եթե մեկ մատով հպվում էր եղբայրներից մեկի շուրթերին, ստիպում էր նրան հորանջել: Իսկ երբ սաղմոսից հետո, եղբայրները աղոթքի համար ծնկի էին իջնում, սևամորթները վազվզում էին մեկից դեպի մյուսը: Եվ վանականների առջև ներկայանում էին կնոջ, մեկ ուրիշին՝ շինարարության վրա աշխատողների կամ բեռներ փոխադրողների կերպարանքով, կամ կարծես թե լուծում էին այս կամ այն հարցը: Այն ամենը, ինչ որ սատանաները ներկայացնում էին նրանց ծաղրելով՝ եղբայրները աղոթքի ժամանակ մտածում էին իրենց սրտում: Եղբայրներից ոմանք, սակայն, հազիվ թե սատանաները սկսում էին իրենց հիշյալ գործերից որևէ մեկն անել, վճռականորեն հեռացնում և պատրաստակամ կերպով վռնդում էին նրանց, այնպես, որ չէին համարձակվում երկար մնալ այդ եղբայրների դիմաց կամ անցնել նրանց կողքով: Գնում էին խաղալու տկար եղբայրների վզին կամ թիկունքին նստած, որովհետև սրանք ուշադիր չէին աղոթքին: Երբ տեսավ սա հայր Մակարը, խորապես դառնացավ, սկսեց հառաչել և արցունքներ հեղել Տիրոջ առաջ, ասելով. «Աստված, քուն մի մտիր, համր ու անգործ մի մնա, ո՜վ Աստված: Ոտքի ել, Աստված, թշնամիներդ թող ցրվեն և փախչեն առջևիցդ, քանի որ մեր հոգին հագեցել է խաբեություններով»: Աղոթքից հետո, սակայն, ստուգելու համար տեսածի իրականությունը, մեկ առ մեկ իր մոտ կանչեց այն եղբայրներին, որոնց առջև տեսել էր, թե ինչպես էին սատանաները կերպարանափոխվում և զանազան պատկերներ ներկայացնում: Նրանցից հարցրեց, թե արդյոք աղոթքի ընթացքում ունեցե՞լ են պոռնկության, ճամփորդությունների կամ ուրիշ մտածումներ, այսինքն, ճիշտ այն երևակայությունները, որոնք սատանաները թելադրում էին նրանցից յուրաքանչյուրին: Ամենքը խոստովանեցին, թե այդպիսիք են եղել իրենց սրտի մտածումները: Այնժամ փաստվեց, որ բոլոր ունայն ու ավելորդ մտածումները, որ յուրաքանչյուր ոք հղանում է սաղմոսերգությունների և աղոթքների ընթացքում, փախուստի են մատնվում նրանց կողմից, ովքեր իրենց սիրտը պահպանում են կատարյալ արթնությամբ: Իրոք, Աստծուն միացած և դեպի Նա ձգտող հոգին, հատկապես աղոթքի պահին, չի հղանում օտար կամ անօգուտ մտքեր («Հարանց վարք»):
8. Մի անապատական երկարաժամկետ ճգնություններից հետո տկարանալով, տրտնջաց և ասաց. «Ով Տեր, դեռ երկա՞ր պիտի կրեմ այս վշտերն ու նեղությունը»: Այդ պահին նրան մոտեցավ Աստծո հրեշտակը և ասաց. «Քեզ մնացել է երեք տարի, սակայն եթե ցանկանում ես, այդ երեք տարվա փոխարեն կարող ես երեք օր անցկացնել դժոխքում»: Ճգնավորն ուրախությամբ համաձայնեց երեք օրվա կարճությունից ելնելով, և իսկույն հայտնվեց դժոխքում: Պապակվելով կրակի հնոցների մեջ, ճգնավորը անցկացրեց կարծես երկար տարիներ և մտածեց. մի՞թե Տիրոջ հրեշտակն ինձ խաբեց, չէ՞ որ ասաց ընդամենը երեք օր: Եվ հանկարծ Տիրոջ հրեշտակը նորից հայտնվեց և ասաց. «Նորից տրտնջում ես, չէ որ երկրի վրա անցել է ընդամենը մեկ ժամ, ինչ դու իջել ես դժոխք»: Ճգնավորը զարհուրեց և խիստ զղջալով, ընկավ հրեշտակի առաջ և խնդրեց, որ նորից իրեն արժանացնի ճգնարանին, և արդեն գոհությամբ և թեթևությամբ կրեց անապատի իր ճգնությունները (Հոգեշահ գրքերից):