Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի հերթական տնայցը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, մեծ խանդավառություն էր պատճառել նախկին ազատամարտիկ Արմեն Մովսիսյանի (49 տ.) ընտանիքին: Այցելության օրը՝ ապրիլի 7-ին, Արմեն Մովսիսյանի չորս զավակներից երկուսն էին միայն տանը, նրանց նույնպես ոգևորել էր հյուրերի և առավել ևս Տեր Հոր ներկայությունը: Ազատամարտիկի բազմանդամ ընտանիքը բնակվում է Չկալով 35 հասցեի երկու փոքր և վթարային վիճակում գտնվող բնակարանում: Արմեն Մովսիսյանը երկու տարի է, ինչ գործազուրկ է: Ինքը և իր կինն ամեն ինչ անում են, որ սուղ պայմաններն իրենց բացասական անդրադարձը չունենան երեխաների հոգեբանության վրա, և նրանց առաջնային նպատակներից է երեխաներին մկրտելը: Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց, օրհնեց 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող նախկին ազատամարտիկին, ով պատրաստվում է մեկնել Արցախ՝ միանալու հայրենիքը պաշտապանող իր ընկերներին:
Տեր Հայրն ընտանիքին հանձնեց IDT-ARM ՍՊԸ-ի աջակցությամբ գնված սննդի փաթեթներ և հոգևոր գրականություն երեխաների համար:
Հայ Առաքելական Սբ. եկեղեցին իր հիմնավորման առաջին իսկ օրից Ճշմարտության ազդարարի և փրկության առաջնորդողի իր առաքելության մեջ մշտապես առանձնահատուկ ուշադրություն և հոգածություն է ցուցաբերել հասարակության սոցիալապես անապահով շերտերին:
Հայ եկեղեցու պատմությունից կարդում ենք, որ երբ երանելի Խադ եպիսկոպոսը խնամում էր աղքատներին՝ դատարկելով և աղքատներին բաժանելով բոլոր կճուճները, ամաններն ու կարասները, մյուս օրն գնում և տեսնում է, որ ամանները նորից լցվել են, կարծես, Աստծո հրամանով: Եվ այսպես ամեն օր մատակարարում էր աղքատներին, իսկ անոթները շարունակ լիքն էին:
Ներսես Մեծ հայրապետը երբեք սեղան չէր նստում, մինչև որ սեղանի շուրջ չհավաքվեին աղքատներն ու հիվանդները, և նա իր ձեռքերով լվանում էր նրանց ոտքերն ու վերքերը, և ապա նոր նրանց հետ միասին սկսում ճաշկերույթը (Փավստոս Բուզանդ):
Կարինե Սուգիկյան