Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին

Աստծով մեծ՝ մի մենակյաց կար անապատում` Լեոն անունով, որն ազգությամբ կապադովկացի էր: Սրա մասին բազում հրաշքներ պատմեցին մեզ, և այս մարդու բազմապատիկ փորձությունների պատմությունից մեծ օգուտ քաղեցինք, ինչպես նաև` նրա խոնարհությունից, լռությունից, անընչությունից և սիրուց, որ ուներ ամենքի հանդեպ: Այս ժուժկալ ծերն ասում էր մեզ միշտ. «Հավատացե՛ք ինձ, որդյակնե՛ր, պիտի թագավորեմ»: Իսկ մենք նրան ասում էինք.«Դու էլ մեզ հավատա, աբբա՛ Լեոն, կապադովկացիներից ոչ ոք չթագավորեց. անարա՛տ պահիր քո միտքը»: Իսկ նա ավելի հաճախ էր կրկնում. «Ես կթագավորեմ, որդյակնե՛ր»: Երբ եկան մազքութները և ամբողջ ազգը գերեվարեցին, հասան Ռասան և բազում կրոնավորների սպանեցին և շատերին գերի վերցրին սուրբ Հովհաննեսի համայնքից, որը Կոստանդնուպոլսի մայր եկեղեցու Ս. Գրոց ընթերցող­մեկնիչ էր, վերցրին աբբա Եվստաթեոս Հռոմեացուն և աբբա Թեոդորոսին, և երեքն էլ տկարացած էին: Երբ տանում էին նրանց, աբբա Հովհաննեսը գերեվարողներին ասաց. «Տարե՛ք ինձ քաղաք, և ես այնպես կանեմ, որ եպիսկոպոսը ձեզ քսանչորս դահեկան տա»: Բարբարոսներից մեկը վերցրեց նրան և բերեց քաղաքի մերձակայքը: Եվ աբբա Հովհաննեսը գտավ եպիսկոպոսին, ինչպես նաև աբբա Լեոն(դիոս)ին, որ քաղաք էր եկել, և հայրերից ոմանց, որոնք չէին գերեվարվել: Ապա հայր Հովհաննեսը աղաչեց եպիսկոպոսին վճարել գումարը և փրկագնել նրանց: Իսկ եպիսկոպոսի մոտ ութ դահեկանից բացի ուրիշ գումար չգտնվեց. և բարբարոսը չուզեց վերցնել, այլ ասաց. «Կա՛մտվեքսահմանված քսանչորս դահեկանը, կա՛մ տվեք կրոնավորին»: Եվ քաղաքում գտնվողները ճարահատյալ վերցրին աբբա Հովհաննեսին և հանձնեցինբարբարոսին, իսկ նա լալիս ու կոծում էր գնալիս. բարբարոսները նրան տարան իրենց վրանը: Իսկ երեք օր հետո վերցրեց աբբա Լեոնը այն ութ դահեկանը, գնաց բարբարոսների ճամբարը, աղաչեցև ասաց. «Առե՛ք այս դահեկանները և արձակե՛ք հիվանդներին, քանի որ ձեզ համար ոչ մի գործ չեն կարող անել, իսկ ես առողջ եմ և կծառայեմ ձեզ»: Եվ բարբարոսները վերցնելով՝ ազատ արձակեցին երեք հայրերին, որ գերեվարված էին: Եվ մինչ աբբա Լեոնը բարբարոսներից մեկի հետ գնում էր ծառայության, սա գլխատեց նրան, և նրա վրա կատարվեց գրվածը. «Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամի համար» (Հովհ. ԺԵ 13): Եվ մենք իմացանք, որ թագավորել ասելով՝ նկատի ուներ, որ թագավորելու էր` իր անձը դնելով բարեկամի համար:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

14.02.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․