3 Դեկտեմբեր, Գշ
«Հիսուսը քայլում է ջրի վրայով» հրաշքի մասին պատմում են Մատթեոս, Մարկոս և Հովհաննես ավետարանիչները (Մատթ. 14:22-33; Մարկ. 6:45-56; Հովհ. 6:15-21): Մատթեոսի ավետարանում պատմվում է, որ Հիսուս քաղցած ժողովրդին կերակրելուց հետո աշակերտներին ստիպում է նավակ մտնեն և իրենից առաջ գնան լճի մյուս կողմը, մինչև որ ինքը ժողովրդին արձակի: Ժողովրդին արձակելուց հետո Հիսուսն առանձին բարձրացավ լեռը՝ աղոթելու: Երբ երեկո եղավ, Հիսուսն այնտեղ մենակ էր, մինչ նավակը, ցամաքից բավականին հեռու, ալեկոծության մեջ էր: Գիշերվա չորրորդ պահին Հիսուսը, լճի վրա քայլելով, եկավ իր աշակերտների մոտ: Երբ նրանք Հիսուսին տեսան ջրի վրա քայլելիս, շփոթվեցին, սարսափեցին և սկսեցին աղմուկ բարձրացնել: Հիսուս Ինքն Իրեն հայտնում և սիրտ է տալիս՝ ասելով. «Քաջալերեցարուք, ես եմ, մի՛ երկնչիք»: Պետրոսը, որ այսպիսի առիթներում միշտ նախահարձակ ու խիզախ նետվելու բնավորություն ուներ, ասում է. «Տե՛ր, եթե դու ես, հրամայի՛ր, որ այս ջրերի վրա քայլելով քեզ մոտ գամ»: «Ե՛կ»,-պատասխանում է Հիսուս: Եվ Պետրոսը, ոտքը նավից դուրս հանելով, ջրերի վրա է դնում, մի քանի քայլ անելով, տեսնելով քամու սաստկությունը՝ վախը տիրում է և սկսում է սուզվել: Ողորմուկ ձայնով սկսում է աղաչել. «Տէ՜ր, փրկեա՛ զիս»: Հիսուս միանգամից ձեռքը երկարացնում է, բռնում Պետրոսի ձեռքից, վեր բարձրացնում և քաղցրորեն հանդիմանում. «Թերահաւա՛տ, ընդէ՞ր երկմտեցեր»:
Պատկերագրական արվեստում հրաշագործությունների շարքում ծովի հետ կապված տեսարանները ամենից շատ գրավել են կիլիկյան մանրանկարիչներին: Գուցե ծովային երկրում ապրելու պարագան գրավում էր նրանց: Հետաքրքրական լուծումներով է տրված «Պետրոսի թերահավատությունը»: Մի շարք դեպքերում մանրանկարիչներն այնպիսի վարպետություն են դրսևորում, որ թվում է, թե նրանց ստեղծած կոմպոզիցիաներն ու կերպարները դուրս են միջնադարյան արվեստի խորհրդաբանության և պայմանականության շրջանակներից:
Կիլիկյան դպրոցի միջնադարյան մանրանկարիչ Սարգիս Պիծակի մոտ «Հիսուսը քայլում է ջրի վրայով» ամբողջ պատմությունից ծաղկողը վերցրել է «Աշակերտները, Քրիստոսին ծովի վրա տեսնելով, խռովեցին» տեսարանը: Պատկերը վերածված է գաղափարանշանի, հիերոգլիֆների, հասկացությունների նշանների: Երբեմն էլ սիմվոլը Պիծակի մոտ վերաճում է գաղափարանշանի: Այդպիսի դեպքերում խախտվում են բնական տեսողունակության հիմքերը, թեման վերածվում է երկրաչափական որոշ համաչափությունների ենթարկված նշանի: Վերոհիշյալ նկարում նավը մահիկաձև է, որի կենտրոնից բարձրանում է կայմ-գերանը, իսկ շեղ ուղղություններով՝ կարմիր գծերը, իբրև առասաններ, ձգվում են դեպի հովանոցաձև առագաստը, ապա առագաստի գագաթին՝ գերանի ուղղությամբ մի սև քառանկյուն է՝ մեջը ճերմակ գրաֆիկական նախշով: Այդ քառանկյունից, նորից գերանի ուղղությամբ, բարձրանում է վերևում վարսանդի վերածվող աշտարակ-սյունը, իսկ քառանկյան վերին անկյուններից շեղ ուղղությամբ ցողուններ են, որոնք ավարտվում են տերևավարսանդներով. նավի վրա աշակերտների ահաբեկ և շվար երկու դեմքեր են նկարված, իսկ ինքը՝ նավը, կանգնած է ծով նշանակող ալիքաձև կորի գագաթին: Ծովը նշված է զուգընթաց՝ կապույտ-սպիտակ ալիքաձևերով, ցածում սպիտակակապույտ կողք-կողքի շարված պարույրներով, որոնք իբր ծովի հուզմունքն են խորհրդանշում: Այն ցածում փոխվում է երկտերև վարսանդի, որ, ասես, նավի գերանի շարունակությունն է: Ծովի տակից երկու վարսանդավոր ցողուններ թեքվում են աջ և ձախ, ավարտելով պատկերը և ցածի սրածայր վարսանդի հետ կարծես հիմք կազմելով նկարի ամբողջ հիերոգլիֆային կառույցի համար:
Պիծակին ամենևին չի շփոթեցրել իր պատկերի «արտառոցությունը», այն, որ նավի և նրա միջից ցցված աշակերտների գլուխները չափազանց անհամաչափ են: Բավական է եղել տալ տվյալ ավետարանական պատմության սիմվոլը, նկարը ենթարկել ներքին համաչափության որոշ օրենքների (այստեղ կողմնորոշիչ է նավի գերանը), ստեղծել ձևերի որոշ ներդաշնակություն՝ միմյանց հետ խոսեցնել կորերով շոշափվող նավը և ծովը, վերևի երեք ցողունավարսանդները և ներքևի երեք վարսանդները, վերջապես՝ ողջ պատկերը մտովի տեսնել հավասարակող եռանկյան մեջ:
Միջնադարի հայի համար տարօրինակ չէր այդ պատկերը, որտեղ լիապես զանց է առնված բնական նորմալ տեսողունակությունը: Չէ՞ որ միջնադարի հայի համար կրոնը, առասպելը և բնությունը գործում էին իբրև հավասարապես ռեալ ուժեր: Եվ այդպիսի մի նկար կարող էր լիովին համապատասխանել նրանց ճաշակին: Կարելի է ասել, որ ամբողջ դրվագը նկարիչը տվել է «կոմպլեքս-հիերոգլիֆ» պատկերով, ինչպես հայ էպոսում, որտեղ բնության բազմազանությունը, մանրամասնությունները տրվում են մի արտահայտությամբ, բառ-կոմպլեքսով. «Գարուն էր…անձրև էր…թացություն էր…»:
Պիծակին առանձնապես հետաքրքրում էր բնության ո՛չ թե ռեալ-նատուրալ վերարտադրումը, այլ՝ հարթապատկերային սիլուետը, ո՛չ թե խորքային տարածությունը, այլ՝ մագաղաթի հարթ մակերեսը, որի վրա ավելի պայծառ են հնչում նրա «խորհրդանիշ-պատկերները»՝ համահնչյուն միջնադարյան պատկերացումների ոգուն: Ուստի, զարմանալի չէ, որ Պիծակը ավետարանական կրկնվող կերպարների համար մշակել է հատուկ տիպեր, նրանց հագցնելով ժամանակի տարազ, առանց նույնիսկ մտածելու, որ այդ տարազը կարող էր այլ լինել ավետարանների ստեղծման դարաշրջանում: «Ամենօրյա կյանքը,- գրում է Ս. Տեր-Ներսիսյանը,- միախառնվում է ավետարանական տեսարաններին և դա թույլ է տալիս Սարգիս Պիծակի մեջ կռահելու մի այնպիսի արվեստագետի, որի արվեստը չի հենվում միայն տրադիցիայի վրա, մի մարդու, որն ընդունակ է դիտելու իրականությունը»: Ավետարանական կույրը կամ զրկվածը նրա լուսանցանկարներում նույնքան կենդանի ու իրական են, որքան իր ժամանակի կույրը կամ զրկվածը, ավետարանական իշխանը կամ մաքսավորը նույնքան իրական, որքան իր ժամանակի իշխաններն ու վաճառականները: Հետևաբար, Պիծակը ի վիճակի էր տիպական կերպարներ մշակել և՛ կույրերի, և՛ ծառաների, և՛ իշխանավորների ու մանուկների համար, նրանց մասին ասված կիսաբերան խոսքը լրացնել ժեստերով, իսկ դրանք էլ հարստացնել գծային բազմապիսի հնարամտություններով ու ծալազարդումներով:
«Պետրոսի թերահավատությունը ծովում» այն թեմաներից էր, որ, օրինակ, բնորոշ էր Վասպուրականի մանրանկարչության դպրոցին և պատկերվում էր ընդհանուր թեմաներից զատ:
Ուշագրավ է Մատենադարանում պահվող Օխուի ավետարանի (ՄՄ 10908) ձեռագրում «Պետրոս առաքյալը ծովի մեջ» մանրանկարը, որտեղ պատկերված է այն պահը, թե ինչպես է Հիսուսը հանում Պետրոսին ջրից: Այստեղ հետաքրքիր է Հայր Աստծո պատկերը, Ով վերևից դիտում է այս տեսարանը: Վերևից նայող նմանատիպ դեմքեր հանդիպում ենք նաև Հակոբ Ջուղայեցու մոտ:
Կազմեց Գայանե Սուգիկյանը