12 Հոկտեմբեր, Շբ
Որոշ ծնողներ շատ են ճնշում իրենց երեխաներին, նաև ուրիշների ներկայությամբ: Կարելի է կարծել իրենց երեխան բեռնակիր կենդանի է, որին ճիպոտով են քշում, որպեսզի գնա՝ առանց աջ կամ ձախ շեղվելու: Դա նույնն է, թե նրան բռնած պահեն սանձից և միևնույն ժամանակ ասեն. «Ազատ քայլիր»: Այնուհետև այդպիսի ծնողներն այնտեղ են հասնում, որ սկսում են ծեծել իրենց երեխաներին: Այսօր մի մայր էր եկել իր որդու՝ մի հաղթանդամ պատանու հետ: Նրա զավակը հիվանդ էր: «Ի՞նչ անեմ, Հա՛յր,- հարցնում է նա,- Երեխաս ոչինչ չի ուտում և նույնիսկ չի ցանկանում մեզ տեսնել»: Բայց երբ ասացի նրան, թե ինչպես է պետք վարվել, նա ամեն ինչ նորից սկսեց. «Իսկ հիմա ի՞նչ անեմ»:
- Հա՛յր, միգուցե նա չի՞ հասկացել, թե ինչ եք ասում:
- Ախր, ինչպե՞ս չի հասկացել: «Ես քո կողքին նույնիսկ մեկ ժամ էլ չէի կարողանա մնալ,- ասացի նրան,- Ինչպե՞ս պետք է երեխադ քո կողքին ապրի: Ախր նրան լրիվ հունից հանել ես»: «Ոչ,- պատասխանեց նա,- Ես նրան սիրում եմ»: «Որտե՞ղ է սերը, եթե քո կողքին նա իր տեղը չի գտնում: Նա ուզում է փախչել տնից, քանի որ ուզում է այլ միջավայրում հայտնվել: Ախր, երբ կողքիդ չէ՝ նա իրեն հրաշալի է պահում: Եթե նա չի ուզում քեզ տեսնել՝ նշանակում է դու նույնպես մեղավոր ես դրանում: Մի՛ նյարդայնացրու նրան, դու նրան խեղում ես: Նրա հետ բարությամբ ու համբերատարությամբ վերաբերվիր»: Ես նրան այս ամենն ասացի, նա լսեց ինձ և ամեն ինչ նորից սկսեց. «Իսկ ի՞նչ անեմ: Երեխան չի ուզում մեզ տեսնել»: Դե ինչպե՞ս այդպիսի մարդու հետ փոխըմբռնման գալ: Երեխայի մոտ ամեն ինչ կարգին է, իսկ նրանք հիմարի տեղ են դնում նրան: Նշանակում է հենց իրենց մոտ ինչ-որ բան կարգին չէ:
Ծնողների հարկադրանքը երեխաներին չի օգնում, խեղդում է նրանց: Անվերջ «սրան ձեռք մի տուր, այնտեղ մի գնա, սա այսպես արա…»: Բայց չէ՞ որ սանձը պետք է այնպես ձգել, որպեսզի չկտրվի: Երեխաներին պետք է զգուշորեն բացահայտել, որպեսզի օգնել նրանց գիտակցելու իրենց սխալը, բայց միևնույն ժամանակ թույլ չտալ, որպեսզի ծնողների ու երեխաների միջև անդունդ առաջանա: Ծնողները պետք է անեն այն՝ ինչ լավ այգեպանն է անում՝ փոքրիկ տնկին տնկելիս: Այգեպանը քնքշորեն, փափուկ պարանով կապում է տնկին ձողին, որպեսզի չթեքվի և վնասվի, երբ քամին նրան այս ու այն կողմ ծռի: Այնուհետև այգեպանը փոքրիկ ծառի համար ցանկապատ է պատրաստում, ջրում է, հոգ է տանում նրա մասին, պահպանում է այծերից՝ մինչև ճյուղերն աճեն ու մեծանան: Որովհետև, եթե այծերը կրծոտեն փոքրիկ ծառը, ապա՝ վերջ, այն կարելի է մահացած համարել: Այծերի կողմից կրծոտված ծառն այլևս ո՛չ պտուղ կտա, ո՛չ էլ՝ ստվեր: Իսկ ահա, երբ նրա ճյուղերն աճում են՝ այգեպանը հանում է ցանկապատը, իսկ ծառն սկսում է պտուղ տալ և դրա ստվերի տակ էլ կարող են և՛ այծերը, և՛ ոչխարները, և՛ մարդիկ հանգստանալ:
Սակայն հաճախ ծնողներն, իրենց երեխաների նկատմամբ չափից դուրս հոգատարությունից մղված, ցանկանում են նրանց ոչ թե փափուկ պարանով, այլ՝ մետաղալարով կապել, այն դեպքում, երբ երեխաներին պետք է նրբորեն կապել, այնպես որ չվնասեն նրանց: Ծնողները պետք է փորձեն վեհանձնությամբ երեխաներին օգնել: Դա մանկական հոգիներում բարեպաշտություն կծնի և հետագայում նրանք՝ իրենք բարություն անելու անհրաժեշտություն կզգան:
Որքան հնարավոր է ծնողները պետք է բարությամբ, սիրով ու սրտացավությամբ բացատրեն երեխաներին, թե որն է բարին: Հիշում եմ մի մայր կար, որ երբ տեսնում էր, որ որդին իրեն վատ է պահում՝ արցունքն աչքերին և ցավով ասում էր. «Պե՛տք չի դա անել, իմ անգի՛ն զավակ»: Եվ այդպիսի օրինակ տեսնելով՝ նրա երեխաները սովորում էին ուրախությամբ գործել, որպեսզի խուսափեն կյանքի փորձություններից, չընկրկեն դժվարությունների առաջ, այլ՝ հաղթահարեն դրանք աղոթքով և Աստծո հանդեպ ունեցած վստահությամբ:
Այսօր թե՛ մեծերը, և թե՛ փոքրերն աշխարհում ապրում են՝ ինչպես հոգեբուժարանում, և այդ պատճառով էլ մեծ համբերություն և շատ աղոթք է պահանջվում: Մեծ թվով երեխաներ կաթվածի են հասնում: Նշանակություն չունի, որ ժամացույցը մի քիչ փչացած է, իսկ ծնողները լարում են այն մինչև վերջ և նույնիսկ ավելին, իսկ հետո ժամացույցի զսպանակը պայթում է: Մտածել է անհրաժեշտ: Մի երեխային պետք է մի քիչ ավելի «ձգել», մյուսին՝ ավելի քիչ: Խեղճ երեխաները բաց են բոլոր (չար) քամիների առաջ: Երբ դպրոցում կամ փողոցում նրանք այսպիսի կոչեր են լսում. «Մի՛ հարգեք ծնողներին: Մի՛ հարգեք ոչ ոքի և ոչինչ», և դրան գումարած նաև մայրերն ուզում են «նրանց պտուտակները ձգել», ապա նրանք էլ ավելի են համառում:
Այդ պատճառով էլ ես մայրերին խորհուրդ եմ տալիս իրենք իրենց վրա բռնանան աղոթքով և չբռնանան երեխաների վրա: Եթե նրանք երեխաներին անընդհատ ասում են. «Այս բանը մի՛ արա, դրան ձեռք մի՛ տուր»՝ նույնիսկ աննշան բաների վերաբերյալ, իսկ երբեմն էլ նաև անարդարացի կերպով, ապա լուրջ վտանգի դեպքում, օրինակ՝ եթե երեխան ուզում է կրակի մեջ բենզին լցնել, նա չի ենթարկվի և այդ անելով՝ լրջորեն կխեղվի: Երեխան չի հասկանում, որ «մի՛ արա» խոսքի մեջ սեր է թաքնված: Բայց, երբ երեխան մի փոքր մեծանա՝ նրա մեջ եսասիրություն կառաջանա և, եթե նրան նկատողություն անեն, նա կհակառակվի՝ մտածելով. «Մի՞թե ես փոքր եմ, որ նրանք ինձ հետ այդպես վարվեն»: Ծնողները պետք է երեխային հասկացնեն, որ ինչպես մանուկ ժամանակ էին պահպանում նրան, որպեսզի չայրվի, այնպես էլ հիմա՝ երբ մեծացել է, պահպանում են նրան այլ կրակից: Այդ պատճառով էլ երեխան պետք է ուշադիր լինի, իրավունքներ չտա գայթակղող սատանային, որպեսզի իր մեջ պահպանի Սուրբ Մկրտության շնորհները:
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի