23 Դեկտեմբեր, Բշ
Սեպտեմբերի 9-ին ԱՀԹ-ի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի տնօրեն Տ. Գրիգոր քհն. Գրիգորյանի հրավերով առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ բացառիկ դասախոսություն համաշխարհային ճանաչում ունեցող հոգեբան Նովիկովա Վալենտինա Վլադիմիրովնայի հետ, ով 1997թ-ից մասնագիտացել է քիմիական թմրադեղերից կախվածության հաղթահարման բնագավառում:
Մինչ բանախոսությունը՝ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու և ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն իր շնորհակալությունը հայտնեց Վալենտինա Նովիկովային հրավերն ընդունելու կապակցությամբ: Ապա Տեր Հայրը ներկայացրեց «Ցերեկային կենտրոն»-ի արդեն չորս տարվա գործունեությունը, այն ծրագրերին, որ իրականացվել և այսօր էլ իրականացվում են կենտրոնում: Աշխատանքային փորձը, ըստ Տեր Գրիգորի, ցույց է տալիս, թե շահառուներին կախվածությունից դուրս հանելու հարցում կարևոր դեր ունեն նրանց ընտանիքի անդամներն ու հարազատները: Եվ Տեր Հայրը նշեց, որ կախվածության վերաբերյալ Վալենտինա Նովիկովայի բազմամյա աշխատանքային փորձառությանը ծանոթանալու ցանկությունն էր, որ այսօր իրականություն դարձավ այս հրավերն ու բանախոսությունը:
Սանկտ-Պետերբուրգի քաղաքային նարկոլոգիական հիվանդանոցի վերականգնողական բաժնի և «Անկախության դպրոց» նախագծի ղեկավարը, ով նաև մասնագիտական վերապատրաստումներ է անցել Լեհաստանում, Ֆինլանդիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, իր քսանամյա մասնագիտական փորձառությունից ելնելով, փորձեց բանախոսությանը ներկա մասնակիցների հետ հարց ու պատասխանով պարզել, թե ի՞նչ է իրենից ներկայացնում կախվածությունը: Եվ միասնական քննարկման արդյունքում, բոլորն այն եզրահանգման եկան, որ կախվածությունը դա հիվանդություն է և որ այն ընտանիքում վերածվում է ընտանեկան հիվանդության: Եվ չորսժամյա բանախոսությունը հենց այս թեմաների շուրջ ծավալվեց:
Հագեցած բանախոսությամբ հոգեբանը մանրամասնորեն ներկայացրեց, որ քիմիական թմրադեղերից կախվածությունն որպես աշխարհի ամենածանր հիվանդություններից չորրորդը համարվող ժառանգական է, անբուժելի, աստիճանաբար սաստկացող և մահացու: Ներկաները ծանոթացան, որ այդ հիվանդությունը կարելի է պարզել մինչ երեխայի ծնունդը և ծնունդից հետո ի՞նչ կերպ կարող են դրսևորվել հիվանդության ախտանիշները, ե՞րբ այն կարող է ակտիվանալ, ովքե՞ր և ի՞նչ կերպ կարող են կանխել հիվանդությունը: Վիճակագրական տվյալները փաստում են, որ թմրամոլների 95 %-ը դա ալկոհոլիզմը ժառանգաբար ձեռքբերածներն են: Հիվանդության զարգացումը աստիճանաբար տանում է ֆիզիկական, հոգեբանական և էմոցիոնալ հոգևոր քայքայմանը: Ըստ մասնագետի՝ անբուժելի հիվանդությունը հնարավոր է կանխել՝ վերականգնելով մարդու անհատականության ամբողջականությունը: Կախվածության դեմ բուժման մեջ ողջ աշխարհում մեծ արդյունավետությամբ գործում է «12 քայլ» ծրագիրը, որը կազմել են բուժման ելքեր փնտրող մի քանի ալկոհոլամոլներ ԱՄՆ-ում 1936թ-ին: Ծրագիրը նպաստում է անձի ֆիզիկական, հոգևոր և բարոյական առողջության ձևավորմանը:
«Ամեն մարդ իրավունք ունի ընտրելու, թե ինչ կերպ ապրի, բայց մյուս կողմից էլ իր ընտրության հետևանքների համար պետք է վճարի»,- ասաց Վալենտինա Նովիկովան: Նա նաև ներկաների հետ քննարկեց առողջ և անառողջ ընտանիքների մոդելները: Ըստ այդ վերլուծության՝ առողջ ընտանիքում բոլոր անդամները նպաստում են ընտանիքի առողջ աճին, հարգում են միմյանց կարծիքներն ու սահմանները, ունեն կարողություն դերերը փոխելու՝ միմյանց օգնելու և ամենակարևորը՝ ունեն կարողություն միմյանց սիրելու, այսինքն՝ առողջ ընտանիքում գործում են առողջ քրիստոնեական սկզբունքներ: Թեմայի կարևոր
եզրակացությունն այն էր, որ ընտանիքը մի մեծ և հզոր ուժ է, քան առանձին անդամը: Եվ նրա անդամների առողջ գործելակերպը, համապատասխան մասնագետների աշխատանքի հետ միասին մեծ արդյունքների կարող է բերել: Վալենտինա Նովիկովայի խոսքով.«Ինչպես հիվանդությունն է վարակիչ, այնպես էլ առողջությունը, ինչպես նաև ամոթ չէ հիվանդանալը, ամոթ է չբուժվելը, եթե կա օգնության հնարավորություն»:
Հետաքրքիր և մի շարք հարցերի շուրջ խորհելու առիթներ ընձեռնած բանախոսությունն ավարտվեց նոր հանդիպման և նոր բանախոսության ակնկալիքով:
Կարինե Սուգիկյան