12 Հոկտեմբեր, Շբ
Գեղեցիկ պարտեզում մի երիտասարդ, աղոթագիրքը ձեռքին, բարձրաձայն աղոթքներ է արտասանում: Ծառերի վրա ագռավներ ու կաչաղակներ են հավաքվում ու գնալով ավելի շատանում: Իրենց ձայներով ու կռկռոցներով չորս կողմը խլացնում` կարծես պատասխանելով երիտասարդի բարձրաձայն աղոթքներին: Աղոթողը տեսնում է` անօգուտ է: Հեռանում է այդտեղից, նկատում մի նվաղած շատրվան, որ փոքրիշատե գործում է: Երիտասարդը, նեղված նախորդ դրվագից, սկսում է շատրվանի մոտ շարունակել աղոթելը, բայց շատրվանի ջուրը ավելի է նվաղում, ցածրանում ու անհետանում:
Երիտասարդը` տրտմած ու մտախոհ, դուրս է գալիս արահետ՝ Աստծուց դժգոհելով, թե ոչինչ էլ չի ստացվում: Տեսնում է պատկառելի տարիքով մի մարդ նայում է մի կշեռքի, որի աջ կողմում բամբակ է դրված, մյուս կողմում` ոչինչ:
Այդ մարդն ասում է.
- Հավատքդ նման է կշեռքի վրա դրված այս բամբակին: Երբ կշեռքի մյուս կողմում ոչինչ չկա, բամբակը թվում է ծանր և տպավորիչ: Իսկ երբ կշեռքի մյուս կողմում թեկուզ փոքրիկ քարեր են դրվում, որոնք փորձություններն են, պարզորոշ երևում է, թե բամբակն ինչքան թեթև է, եթե քամին էլ փչի, կգլորվի այնտեղ, ուր քամին է փչում ու գնում: Ուստի, փորձություններն ու դժվարությունները բացահայտում են հավատքի չափն ու կշիռը: Հավատքդ պետք է վեմ լինի, ինչ փորձության ալիք էլ հարվածի, այն անսասան վեմի պես կանգուն պիտի լինի:
Երիտասարդը, մտածելով այս ամենի մասին, շրջվում է, գրպանից հանում ծխախոտը, վառում ու ինքն իրեն ասում.- Իրոք, հավատքը պետք է վեմ լինի:
Այնուհետև ծխախոտը գցում` արագորեն ետ պտտվելով ու ոգևորված ասելով.
- Այս մարդը կարծես Պետրոս առաքյալը լինի:
Բայց ոչ մարդ է տեսնում, ոչ էլ՝ կշեռք...
Հովհաննես Մանուկյան