Հայր Ամոնը մի անգամ պատմեց. «Ես և հայր Բիտիմը գնացինք հայր Աքիլասի մոտ և լսեցինք, որ նա ներսում այս խոսքն է կրկնում. «Մի՛ երկնչիր, Հակո՛բ, իջնել Եգիպտոս»: Նա ժամերով նույն բանն էր կրկնում: Երբ բախեցինք դուռը, բացեց մեր առջև և հարցրեց, թե որտեղից ենք, իսկ մենք վախեցանք ասել, թե խուցերից ենք, ասացինք` Նիտրեա լեռից ենք: Նա մեզ ասաց. «Ի՞նչ անեմ ձեզ համար, քանի որ հեռվից եք եկել»: Մեզ ներս մտցրեց, և տեսանք, որ այդ գիշեր մեծ քանակությամբ զամբյուղներ էր հյուսել, և խնդրեցինք նրան, որ խոսք ասի մեզ: Եվ նա ասաց. «Երեկոյից մինչ այս ժամը ես քսան գիրկ արմավենու ճյուղ հյուսեցի: Սա ինձ հարկավոր չէր, այլ մտավախություն ունեցա, թե գուցե Աստված զայրանա, հանդիմանի ինձ և ասի` կարող էիր գործել, ինչո՞ւ չգործեցիր. դրա համար էլ տքնում և գործում եմ իմ ողջ զորությամբ»: Եվ մենք մեծապես շահած` հեռացանք»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016