Համբերությունը մարդուն լցնում է Աստվածային Երանությամբ

- Հայր, մարդը ինչպե՞ս պետք է իրեն պահի մեկի հետ, որը բարկացած ու բորբոքված է:

- Համբերությամբ:

- Իսկ եթե ես համբերություն չունե՞մ:

- Ուրեմն պետք է գնալ ու գնել: Խանութներում վաճառվում է… Տե՛ս` երբ մարդը եռում է զայրույթից, նրան ինչ էլ ասես` ոչ մի օգուտ չի լինի: Այդպիսի պահերին ավելի լավ է լռել ու մտքում աղոթել: Աղոթքից նա կհանդարտվի, կհանգստանա և դրանից հետո արդեն կարելի է նրա հետ փոխհամաձայնության գալ: Նույնիսկ ձկնորսները ծով դուրս չեն գալիս, երբ այն փոթորկված է: Նրանք համբերությամբ սպասում են մինչև եղանակը կարգավորվի:

- Հայր, իսկ ինչո՞վ է բացատրվում մարդկանց անհամբերությունը:

- Դա բացատրվում է նրանով, որ նրանք իրենց ներսում ունեն շատ… խաղաղություն: Աստված մարդկանց փրկությունը ուղիղ կախման մեջ է դրել իրենց համբերությունից. «…իսկ ով մինչև վերջ համբերի, նա պիտի փրկվի» (Մատթ. 10:22): Այսպես է ասում Ավետարանը: Աստված մարդկանց դժվարություններ, տարաբնույթ փորձություններ է տալիս նրա համար, որպեսզի նրանք աճեն համբերության մեջ:

Համբերությունը սկսվում է սիրուց: Որպեսզի դու համբերությամբ տանես մի մարդու, ապա պետք է ցավ ապրես նրա համար: Համբերությունը փրկում է ընտանիքը քայքայումից: Ես առիթ եմ ունեցել տեսնելու, թե ինչպես են վայրի գազանները գառնուկներ դարձել: Եթե վստահես Աստծուն, ապա բոլոր խնդիրներդ հեշտությամբ ու հոգևոր ճանապարհով  կլուծվեն: Մի անգամ, երբ ես Ստոմիոն վանքում էի ապրում, նրանից ոչ հեռու գտնվող Կոննիցա քաղաքում մի կնոջ հանդիպեցի` ում դեմքը շողում էր: Նա հինգ զավակների մայր էր: Հետո ես նրան մտաբերեցի: Նրա ամուսինը հյուսն էր և հաճախ էր աշխատում իմ վարպետի հետ (երիտասարդ հասակում Հայր Պայիսիոսը սովորել էր հյուսնի արհեստը): Եթե պատվիրատուներն այդ մարդուն ինչ-որ մի աննշան նկատողությունն էին անում, օրինակ. «Վարպետ Յանիս, միգուցե սա ա՞յս կերպ անենք», ապա նա կարծես կապից էր արձակվում. «Դո՞ւ ինձ պիտի սովորեցնես»,-գոռում էր նա, կոտրում իր գործիքները, շպրտում մի կողմ ու հեռանում: Հիմա դու պատկերացնո՞ւմ ես, թե նա իր սեփական տանն ինչ էր անում, եթե ուրիշների տներում կոտրում էր ամեն ինչ: Այդ մարդու հետ անհնար էր նույնիսկ մեկ օր անցկացնել, իսկ նրա կինը տարիներ շարունակ ապրում էր: Ամեն օր նա տառապում էր, սակայն ամեն ինչին մեծ բարությամբ էր վերաբերվում և ամեն ինչ ծածկում էր համբերությամբ: Ես գիտեի, թե ինչ է կատարվում նրանց տանը և այդ պատճառով, նրան հանդիպելիս` հարցնում էի. «Ինչպե՞ս է պարոն Յանիսը: Աշխատո՞ւմ է»: «Դե-ե,-պատասխանում էր նա,-երբեմն աշխատում է, երբեմն էլ մի քիչ հանգստանում»: «Իսկ ինչպե՞ս եք ապրում»,- նորից հարցնում էի ես: «Շա՜տ լավ, հայր»,- պատասխանում էր նա: Եվ նա ի սրտե էր դա ասում: Նա հաշվի չէր առնում, որ ամուսինը ջարդում է իր գործիքները, և բավականին թանկարժեք գործիքները: Ու այդ պատճառով խեղճ կինը ստիպված էր լինում աշխատելու ուրիշների տներում, որպեսզի իրենց ապրուստի միջոցը վաստակի: Տեսնո՞ւմ եք, թե ինչ համբերությամբ, բարությամբ ու վեհանձնությամբ էր նա վերաբերվում այդ ամենին: Նա նույնիսկ չէր կշտամբում իր ամուսնուն: Այդ պատճառով էլ Աստված լցրել էր նրան Իր Երանությամբ և նրա դեմքը փայլում էր: Նա կարողացավ ոտքի կանգնեցնել իրենց հինգ զավակներին և հինգն էլ շատ լավ մարդիկ դարձան:

- Հայր, իսկ ինչպե՞ս էր նրան հաջողվում արդարացնել իր ամուսնուն:

- Բարի մտածմունքի շնորհիվ: «Չէ՞ որ նա իմ ամուսինն է,-մտածում էր նա,-ի՞նչ կա որ, թող մի քիչ էլ բարկանա ինձ վրա: Միգուցե, եթե ես էլ նրա փոխարեն լինեի, ճիշտ նույն կերպ վարվեի»: Այդ կինն Ավետարանը կիրառում էր իր կյանքում և այդ պատճառով էլ Աստված ուղարկեց նրան Իր Աստվածային Բարեշնորհությունը: Եվ եթե նույնիսկ աշխարհիկ մարդիկ են համբերում ու լցվում Աստվածային Երանությամբ, ապա որքան առավել մենք` վանականներս պիտի համբերենք, քանի որ բոլոր հնարավորություններն ունենք հոգևոր կյանքի համար:

Որքան ես հասկացա, ամենամեծ վեճերը, ոչ միայն ընտանիքներում, այլև` պետությունների կյանքում` առաջանում են աննշան բաներից: Ընտանիքում ամուսիններից մեկը պետք է հնազանդվի մյուսին, նա ոչ միայն պետք է հետևի մյուսի շնորհներին, այլև` համբերությամբ տանի նրա քմահաճությունները: Կատարվող ամեն ինչին այս կերպ վերաբերվելու համար` այն մասին մտորումներն են շատ օգնում, որ Քրիստոս իրեն զոհաբերեց մեր մեղքերի համար և Նա, Անմեղ լինելով, համբերությամբ տանում է մեզ բոլորիս, միլիարդավոր մարդկանց` այն պարագայում, երբ մենք, տառապելով ուրիշների քմահաճույքներից, մարում ենք սեփական մեղքերի պարտքերը: Բարեգութ Աստված այնպես է ամեն ինչ դասավորել, որպեսզի մարդ, շնորհ ունենալով, օգնի ուրիշին, իսկ թերություն ունենալով` խոնարհ լինի նրան: Չէ՞ որ ամենքն էլ շնորհներ ունեն: Սակայն ունեն նաև թերություններ և պետք է, որ աշխատեն շտկել այդ թերությունները:

Մի մարդու ես այնպե՜ս շշպռեցի: Միայն թե տեսնեք, թե ի՜նչ հնազանդությամբ էր ենթարկվում նրան իր կինը, չնայած այն բանին, որ օժտված էր բազմաթիվ շնորհներով ու ընդունակություններով: Նրա կողքին այդ տղամարդը նույնն էր, ինչ փոքր երեխան: Եվ ահա այդ կինն ամուսնուն հնազանդվելով` անդադար Աստծո Բարեշնորհությանն էր արժանանում և ավելացնում Դա իր հոգևոր հաշվին: Իսկ ամուսինն իր եսասիրությամբ անընդհատ իրենից հեռու էր վանում Աստծո Երանությունը և ավելի ու ավելի էր դատարկվում հոգում: Իսկ վերջնահաշվարկում ո՞վ է շահելու: Տեսնո՞ւմ ես, ամբողջ գաղտնիքը խոնարհության մեջ է: Դրա մեջ է ողջ հիմքը: Հնազանդություն, խոնարհություն: Իսկ եթե այդ մարդն ընդուներ իր թուլությունն ու Աստծուց օգնություն խնդրեր, ապա Աստծո Երանությունը նրան էլ կայցելեր:

 

Ռուսերենից թարգմանեց՝ Էմիլիա Ապիցարյանը

10.08.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․