Մի աղքատ մարդ, որ անդադար բողոքում էր իր խաչից, իր աղքատությունից, երազում տեսավ, որ մի ընդարձակ սենյակում է հայտնվել, որում ծածկոցով ծածկված տարբեր մեծության խաչեր կային: Եվ մի ձայն նրան ասաց.
- Տրտնջում ես քո խաչից, քո աղքատությունից, արդ, ուրիշ խաչ ընտրիր քեզ համար:
Աղքատը սկսեց ընտրել: Առաջին խաչը չկարողացավ բարձրացնել, երկրորդը մի փոքր բարձրացրեց, բայց դա էլ նրան ծանր թվաց, երրորդը ծանր չթվաց, բայց քերծում էր մաշկն իր սուր եզրերով: Անկյունում մի խաչ էր մնացել, որն աղքատը չէր փորձել, որովհետև ավելի մեծ ու ծանր էր թվում մյուսներից:
Այդ խաչը բարձրացնելով՝ աղքատն ուրախությամբ բացականչեց.
- Ահա այս խաչը ես կտանեմ, չնայած այն մեծ է, բայց թեթև է մյուսներից:
Ծածկոցը հանեցին դրա վրայից, և երևաց, թե ինչ էր գրված՝ աղքատություն:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը