3 Դեկտեմբեր, Գշ
«Կոտորումն մանկանց» թեման (Մատթ. 2:16-18), որի առաջին օրինակները հայտնի են վաղ քրիստոնեական հուշարձաններից, ունեցել է պատկերագրական ամենատարբեր մեկնաբանություններ: Այս տեսարանի պատկերագրական հիմնական կառույցը հետևյալն է. Հերովդես թագավորը նստած է ձեռքին սուր բռնած, որը խորհրդանշում է կատարվելիք արյունահեղությունը: Նրա աչքի առջև զինվորները կոտորում են անմեղ երեխաներին. ներքևում ողբացող որդեկորույս մայրերն են:
Հայկական արվեստում այդ թեմայի հնագույն նմուշը թերևս Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու որմնանկարն է (X դ. առաջին կես): Եկեղեցու հարավային աբսիդում «Մանկանց կոտորածը» կոմպոզիցիան բաժանված է երկու մասի: Աբսիդի վերին գոտում, երկար պարեգոտն ու քղամիդը հագած և թագադրված Հերովդեսը նստած է նախշած գահի վրա, որը նեցուկ չունի: Նրա առաջ կանգնած է բարձրահասակ մի զինվոր, որի գլխին նույնպես թագ է դրված: Զինվորը բռնել է մերկ մանկան ոտքերից և ուզում է սրով խփել նրան: Սրի դատարկ պատյանը կախված է գոտուց: Թվում է, թե այս նկարը վերանորոգված է, իսկ սաղավարտն էլ փոխարինված է թագով: Վերանորոգման նշաններ երևում են նաև Հերովդեսի և զինվորի միջև ընկած տարածության մեջ: Գետնին պառկած ինչ-որ մերկ երեխա մասամբ ծածկում է երեք ավելի փոքր ֆիգուրներին, որոնք կանգնած են խորքում և շրջված դեպի զինվորը: Հերովդեսի կողմն են շրջված չորս մերկ ֆիգուրներ: Զինվորի ետևում կանգնած մի ուրիշ մերկ երեխա շրջված է դեպի աջ՝ դեպի աբսիդի դիմացի կամարակալը, ուր երկու շարքով կանգնած վեց վշտաբեկ մայրերը դիտում են կոտորածը:
№ 7651 ձեռագրում «Մանկանց կոտորածը» ավելի մոտ է այդ թեմայի պատկերման լատինական տիպին: «V-VI դարերի լատինական տիպին,- գրում է Գ. Միլլեն,- բնորոշ է մի առանձնահատուկ գիծ. դահիճները բերում են մանուկներին և կատաղաբար նետում գետին՝ Հերովդեսի ոտքերի մոտ. քիչ հեռու նրանց մայրերը ողբում են»: «Մանուկների կոտորածը» պատկերը, ըստ Գ. Շիլլերի, պատկերագրական առումով կազմված է երեք բաղկացուցիչ մասից. «Հերովդեսը կոտորածի հրաման է արձակում. թագավորի մարդիկ կոտորում են երեխաներին կամ մարմինները ներկայացնում Հերովդեսին՝ ի հավաստումն. և մայրերը փորձում են պաշտպանել իրենց երեխաներին կամ գալիս են նրանց համար, քանի որ նրանք խողխողվում են իրենց ձեռքից»: № 7651 ձեռագրի «Մանկանց կոտորածը» մանրանկարը նույնությամբ չի նմանվում լատինական օրինակներին. ավելին, այստեղ նոր էպիզոդ կա, որ չի նշված Շիլլերի մոտ: Վերը նշված լատինական տիպը (այսինքն V և IX դարերի փղոսկրե ռելիեֆները՝ Հյուսիսային Իտալիայից և Մետցի դպրոցից) սահմանափակվում է սոսկ տեքստի պատմողական մասով՝ մայրերը ողբում են, զինվորները սպանված երեխաներին շպրտում են գահին բազմած Հերովդեսի առաջ: Մեր նկարիչը ավելի հավատարիմ է Ավետարանի տառին ու ոգուն: Մանրանկարը բովանդակում է հետևյալ դրվագները. վերևի ֆրիզում՝ Երեմիա մարգարեն, կիսանդրիով լուսանցքում, ճոխ արմավազարդի վրա եռանդով պարզել է աջը դեպի տեսարանը. Երեմիան այն մարգարեն է, որ մարգարեացել էր մանկանց կոտորածը (Երեմիա 31:15), և դա մատնանշված է Ավետարանում (Մատթ. 2:17-18): Ողբացող մարգարեի պատկերից աջ կոտորված մանուկների գլուխներն են՝ արմավենու և ոսկու պսակների մեջ: Նրանք նկարված են պալատաձև ինտերիերից դուրս, բայց դա չի խանգարում, որ պալատի ներսում նկարված զինվորը (դա երևում է նրա ասպետական հագուստից ու սրից) ծերացած Հերովդեսին, իբրև փաստ, ցույց տա մանուկների պսակավորված գլուխները: Այս տեսարանին նախորդած գործողությունը (Մատթ. 2:16) ներկայացված է ներքևի ֆրիզում, որտեղ գործողությունը աջից դեպի ձախ է զարգանում՝ մայրերը ողբում են, մի զինվոր երեխային խլել է մոր ձեռքից և գլխատում է, մի այլ գլխաբաց զինվոր սուրն է բարձրացրել: Մի քանի զինվորներ, ասպետական սպառազինությամբ, սրածայր սաղավարտներով կանգնած են, մեկը, որի դեմքը ծածկված է ցանցավոր դիմակով, վեր է ցցել սուրը՝ անցկացված մանկան մարմնով: Զինվորների խմբի առաջ սպանված երեխաներն են և ձախում, Երեմիա մարգարեի կիսանդրու տակ, մի այլ զինվոր մատնացույց է անում երեխաներին, ասես համրում նրանց: Ատամնավոր պարիսպը՝ սպանված մանկանց և շինությունները՝ ողբացող մայրերի ետևում, մատնանշում են Բեթղեհեմ քաղաքը: Նկարում կա երկու պահ, որ բացահայտ Արևմուտքի ազդեցություն է. ա) զինվորների ասպետական հանդերձանքը. բ) Հերովդեսի հանդերձանքը և թագը: № 7651 ձեռագրում ուշագրավը Երեմիա մարգարեի առկայությունն է «Մանկանց կոտորածի» լուսանցքում: Հաջորդող շատ էջերում կրկնվում են Հին-կտակարանային պերսոնաժներ (նախահայրեր և մարգարեներ): Այս հանգամանքը մատնանշում է Նոր կտակարանի կապը Հին կտակարանի հետ: Ս. Տեր-Ներսիսյանը իրավացիորեն նշում է, որ չնայած նման երևույթ դիտվում է նաև սիրիական և բյուզանդական շատ ավելի վաղ շրջանի ձեռագրերում, սակայն դրանք կիլիկյան ձեռագրերում տեղական մանրանկարիչների ինքնուրույն ստեղծագործության արդյունք են և ընդգծում են Հին ու Նոր կտակարանների միջև եղած կապը՝ մի անգամ ևս ակնարկելով Փրկչի գալստյան մասին մարգարեների գուշակությունները:
№ 7651 ձեռագրում ներկայացված մանուկների կոտորման ողբերգական իրադարձությունը մտաբերել է տալիս Երեմիա մարգարեի մարգարեությունը. «Մի գույժ լսվեց Ռամայում, ողբ, հեծեծանք և լացուկոծ դառնագին. ողբում էր Ռաքելն իր զավակներին և չէր ուզում մխիթարվել, քանզի նրանք այլևս չկային» (Մատթեոս 2:17-18): Ընդհանուր խմբի մեջ նկարիչը կարողացել է առանձնացնել ու հակադրել զինվորների դաժանությունը որդեկորույս մայրերի ողբագին շարժումներին: Դիտողը կարծես լսում է անօգնական մայրերի աղեկտուր հառաչանքը:
Մանրանկարիչ Հովհաննես Խիզանցին № 3717 Ավետարանում մի թերթում համադրել է երկու մանրանկար՝ Բեթղեհեմի մանուկների կոտորածը և Հիսուսի մկրտությունը: Մանուկների կոտորածի հորինվածքը հորիզոնական դասավորվածություն ունի և ռիթմավորված է: Սգացող մայրերի խումբը և մանկանը սրախողխող անող զինվորը ողղված են դեպի գահին բազմած Հերովդեսը: Հովհաննես Խիզանցին շատ պատկերավոր է ներկայացրել այդ ողբերգությունը: Կանայք ձեռքերը խնդրական շարժումով պարզել են դեպի դաժան ու անմիտ արքան, որպեսզի նա դադարեցնի սպանդը: Նրանցից առաջինը՝ որպես ողբի նշան, բռնել է գլխաշորի տակից դուրս պրծած մազերի փունջը: Հերովդեսը նույնպես ձեռքը առաջ է մեկնել, սակայն դա ընդամենը կոտորածը շարունակելու հրամանի նշան է: Մանրանկարի ներքին դրամատիզմը նկարիչը արտահայտել է հենց այդ հանդիպակաց, բնույթով իրարամերժ շարժումներով:
Կազմեց Գայանե Սուգիկյանը