Կյանքի տարրան

Ուսանողներն արդեն զբաղեցրել էին լսարանն ու դասախոսության սկզբին էին սպասում: Ահա հայտնվեց դասախոսն ու սեղանին մի մեծ, ապակե տարրա դրեց, որ զարմացրեց շատերին:

- Այսօր կուզենայի կյանքի մասին խոսել ձեզ հետ: Ի՞նչ կարող եք ասել այս տարրայի մասին:

- Դե՜, այն դատարկ է,- ասաց ինչ-որ մեկը:

- Միանգամայն ճիշտ է,- հաստատեց դասախոսն, այնուհետև սեղանի դարակից մեծ քարերով լի մի պարկ հանեց ու սկսեց դրանք տարրայի մեջ դասավորել այնքան, մինչև բերանին հասավ,- Իսկ այժմ ի՞նչ կասեք տարրայի մասին:

- Դե՜, այն արդեն լի է,- ասաց ուսանողներից մեկը:

Դասախոսը կրկին մի պարկ հանեց, այս անգամ ոլոռով լի ու սկսեց լցնել տարրայի մեջ: Ոլոռը լցրեց քարերի միջև մնացած տարածությունը:

- Իսկ ա՞յժմ:

- Այժմ այն լի է,- սկսեցին կրկնվել ուսանողները:

Այդ ժամանակ դասախոսը ավազով պարկը հանեց ու սկսեց լցնել տարրայի մեջ և որոշ ժամանակ անց դրանում այլևս ազատ տեղ չմնաց:

- Ահա՛, այժմ տարրան հաստատ լի է,- աղմկեցին ուսանողները:

Դասախոսը, խորամանկորեն ժպտալով, երկու շիշ գարեջուր հանեց ու լցրեց տարրայի մեջ:

- Ահա՛, տարրան այժմ լի է,- ասաց նա,- Հիմա կբացատրեմ, թե ինչ տեղի ունեցավ: Տարրան մեր կյանքն է, քարերը մեր կյանքի ամենակարևոր բաներն են՝ մեր ընտանիքը, երեխաները, սիրելիները, այն ամենն, ինչ մեզ համար հսկայական նշանակություն ունի: Ոլոռը մեզ համար ոչ այնքան մեծ նշանակություն ունեցող բաներն են: Դա կարող է լինել թանկարժեք հագուստ կամ մեքենա և այլն: Իսկ ավազը մեր կյանքի այն մանր ու ոչ նշանակալի բաներն են, այն մանր խնդիրները, որոնք ուղեկցում են մեզ ողջ կյանքի ընթացքում: Եվ ահա, եթե ես նախ ավազը լցնեի տարրայի մեջ, ապա արդեն անհնար կլիներ ո՛չ քարերը, ո՛չ ոլոռն այնտեղ տեղավորել: Այդ պատճառով էլ երբեք թույլ մի տվեք, որպեսզի տարաբնույթ մանրուքները ձեր կյանքը լցնեն՝ ձեր աչքերը փակելով ավելի կարևոր բաների վրա: Վերջ, դասախոսությունս ավարտեցի:

- Պրոֆեսոր,- հարցրեց ուսանողներից մեկը,- իսկ գարեջրի շշերն ի՞նչ են նշանակում:

Պրոֆեսորը կրկին խորամանկորեն ժպտաց.

- Նշանակում են, որ չնայած բոլոր խնդիրներին, միշտ էլ լիցքաթափվելու ու մի քանի շիշ գարեջուր խմելու ժամանակ կա:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

07.04.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․