22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Ավետարանում Սուրբ Մարիամ Աստվածածնի կյանքի պատմությունից հիշատակվում են միայն այն դրվագները, որոնք ուղղակի առնչություն ունեն Հիսուսի կյանքի և փրկչական տնօրինությունների հետ: Նրա կենսագրության մնացյալ, այսինքն՝ մեծագույն մասը, ամբողջացվում է այն ավանդություններով, որոնք մեզ են հասել եկեղեցական գրականության հետ:
Ըստ այդմ՝ Մարիամը Դավթի ցեղից էր: Նա աստվածատուր զավակ էր, որովայնից ընտրյալ, և նրա ծնունդը հրեշտակն էր ավետել: Աստվածածնի բարեպաշտ ծնողները՝ Աննան և Հովակիմը, թեև երկար տարիներ ամուսնացած էին, սակայն զավակ չունեին, քանի որ Աննան ամուլ էր: Նրանք անդադար աղոթում ու խնդրում էին Աստծուն, որ իրենց զավակ պարգևի: Չնայած մեծ տարիքին, չէին հուսալքվում և անընդհատ աղոթում էին Աստծուն` Նրանից ողորմություն հայցելով:
Եվ մի օր Տիրոջ հրեշտակը այցելում է նրանց ու հայտնում, որ շուտով զավակ կունենան, որի անունը ողջ աշխարհում պիտի տարածվի, և նա օրհնյալ կլինի կանանց մեջ: Նրանց աղաչանքները լսելի են լինում Աստծուն, և Աստված պարգևում է մի աղջիկ, որին կոչում են Մարիամ:
Սբ. Մարիամի ծնունդից առաջ, Աննան արդեն ուխտել էր մանկանը նվիրել Աստծու ծառայությանը: Երբ մանուկը երեք տարեկան է դառնում, ծնողները նրան տանում են տաճար ընծայելու` ըստ իրենց ուխտի: Բայց քանի որ երեխան փոքր էր, քահանայապետը Հովակիմին և Աննային ասում է, որ Մարիամին բերեն տաճար, երբ նա դառնա յոթ տարեկան: Սբ. Մարիամը տաճարում ապրում է յոթ տարի` սնվելով ու հասակ առնելով առաքինությամբ և աղոթքներով:
Հայ եկեղեցին նշում է ոչ միայն Սուրբ Մարիամ Աստվածածնի ծնունդը, այլ նաև հղություն Սուրբ Աստվածածնի Աննայից տոնը, որն անշարժ տոն է և նշվում է դեկտեմբերի 9-ին:
Կազմեց Կարինե Սուգիկյանը